«ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ»
«Այնտեղ, որտեղ պաշտպանությունն իրականացնում են հայ կամավորները, ԻՊ գրոհայինները դեռ ոչ մի քայլ առաջ չեն գնացել»:
ԼԵՅԹ ԱԲՈՒ ՖԱԴԵԼ
Al-Masdar News պարբերականի
գլխավոր խմբագիր,
սիրիացի հայտնի լրագրող
«Հայերը սիրիական հասարակության կարևորագույն մասն են կազմել դեռևս XI դարից, ընդ որում՝ պահպանելով իրենց ինքնությունն ու մշակույթը: Մասնավորապես, անհերքելի փաստ է նրանց մասնակցությունը սիրիական բանակի ստեղծման գործում: Ավելին՝ Սիրիայի զինված ուժերի հիմնադիրներից է հայազգի Արամ Կարամանուկյանը (1910-1996):
Տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ կռվել են XX դարում Սիրիայի վարած բոլոր պատերազմներում: 2011 թ. սիրիական հակամարտության առաջին օրից մինչև այժմ հայ համայնքը օրինապահ վերաբերմունք ունի իշխանության նկատմամբ և մասնակցել է հակապետական ուժերի դեմ սիրիական բանակի պայքարին: Հայերը հայտնի են որպես «կատաղի մարտիկներ»:
Լրագրողի խոսքերով, զորակոչված հայերը հիմնականում համալրում են Հանրապետական գվարդիայի 106-րդ բրիգադի շարքերը: Սա հատուկ նշանակության ստորաբաժանում է, որը հիմնականում ձևավորվել է քրիստոնյաներից, որի շարքերում կռվում են հալեպահայերը և քրիստոնյա արաբները: Երբ 2012 թ. ամռանը Հալեպը ենթարկվեց Անկախ սիրիական բանակի (Բաշար Ասադին ընդդիմադիր) հարձակումներին, տեղի հայերը զենք վերցրին՝ պաշտպանելու իրենց թաղամասերը: Եվ եթե չլիներ հայերի անձնվեր դիմադրությունը, նրանք կգրավեին Հալեպի պատմական շրջանները:
2014 թվականի սկզբից Սիրիայի այն շրջաններում, որտեղ բացակայում էին բանակային ստորաբաժանումները, ստեղծվեցին Պաշտպանության ազգային ուժեր: Ըստ հեղինակի, երբ այդ ուժերը ձեռնամուխ եղան գրոհայինների կողմից գրավված Քեսաբի ազատագրմանը, օգնության հասան Հալեպի 17 հազար հայ կամավորականները. «Այս տարվա հունիսին ջիհադիստների և «Ալ Քայիդայի» ջոկատները լայնամասշտաբ հարձակում իրականացրին Հալեպի արևմտյան և հյուսիսային ուղղություններով: Արյունահեղ մարտերից հետո նրանց հաջողվեց գրավել որոշ շրջաններ՝ ետ մղելով կառավարական ուժերին: Իսլամիստներին չհաջողվեց ներթափանցել միայն այն շրջանները, որոնք պաշտպանում էին հայ մարտիկները: Նրանք մի թիզ հող անգամ չզիջեցին «Ալ Քայիդայի» հրոսակներին:
Սիրիայի հայերը իսլամիստ գրոհայիններին անվանում են «օսմանյան գրոհայիններ» և ասում են, որ պաշտպանում են իրենց հողն ու իրենց ժողովրդին այն ուժերից, որոնք իրականացրին 1915 թվականի եղեռնը»:
Թարգմանեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Տարածաշրջան