ԹՈՂ ՀԱՐԱՏԵՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսը հաղթանակների ամիս է, ու հենց մայիսյան փառահեղ հաղթանակներին էր նվիրված օրերս մայրաքաղաքի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում տեղի ունեցած միջոցառումը, որը նախաձեռնել էին դպրոցի զինղեկ, Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյանը եւ կազմակերպիչ Արմինե Բաղդասարյանը։ Հյուրերը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան, դպրոցի նախկին ուսուցչուհի Գոհար Սողոմոնյանը, Արաբկիր վարչական շրջանի ազատամարտի վետերանների միության նախագահ Արծրուն Ստեփանյանը, Երեւանի կայազորային հոսպիտալի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ մայոր Միքայել Բայաթյանը, ազատամարտիկ Սամվել Փափազյանը, զինծառայողներ աշակերտների հետ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանին։
Դպրոցի տնօրեն Մելանյա Ծատինյանը, կարեւորելով նմանատիպ միջոցառումների դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, նշեց. «Երիտասարդ սերունդը պետք է քաջատեղյակ լինի իր երկրի, իր ժողովրդի պատմությանը։ Բոլոր հաղթանակները նվաճվում են ծանր փորձությունների եւ մեծ զոհողությունների գնով, իսկ հաղթանակ կերտողներին, մեզ ազատագրված հող պարգեւողներին պետք է արժանիորեն հիշել եւ մեծարել։ Երախտապարտ ենք նաեւ մեր այսօրվա խաղաղությունը պահող-պահպանող հայ զինվորներին»։
Աշակերտները պատմական ակնարկի տեսքով ներկայացնում են պատերազմի ողջ ընթացքը, հիշում դրվագներ հայերի անօրինակ սխրանքների եւ քաջագործությունների մասին։ «…Ու հենց այդ հերոսական ոգին էր փոխանցվել մեր նորօրյա քաջամարտիկներին,- շարունակում են աշակերտները,- նրանք անձնվիրաբար կռվեցին եւ ազատագրեցին մեր գերյալ տարածքները, շատերն իրենց կյանքի գնով փրկագնեցին մեր մի բուռ հողի խաղաղությունը։ Ե՛վ Մեծ հայրենականի, ե՛ւ մեր այսօրվա հերոսներից ոչ ոք չի մոռացվել։ Նրանց կիսատ մնացած երազանքները, իղձերը մենք ենք իրականացնելու, երդվում ենք…»։
Պատերազմական օրերի երգերն է՛լ ավելի տպավորիչ ու ազդեցիկ էին դարձնում միջոցառումը։ Ներկաները հուզվել էին, ոգեշնչվել, ասես կտրվել էին ժամանակից եւ իրականությունից. պատերազմի ողջ ցավն ու տառապանքը, հաղթանակի բերկրանքն ապրեցին…
Դահլիճում տիրող ոգեւորությանը իրենց գեղեցիկ կատարումներով նոր լիցք հաղորդեցին «Արմատ» ջազային խումբը (գեղ. ղեկավար՝ Ռաֆայել Շահբազյան) եւ դպրոցի նախկին շրջանավարտ Նարե Գրիգորյանը։ Երգն ու պարը թնդում էր փոքրիկ դահլիճում։ Պարում էին բոլորը՝ եւ՛ դպրոցականները, եւ՛ ազատամարտիկները, եւ՛ զինծառայողները։ ՈՒ բոլորի մտքում, սրտում միայն մի ցանկություն էր` «Թող աշխարհում այլեւս պատերազմ չլինի, ոչինչ չկարողանա խաթարել մեր երգը, մեր պարը, մեր ծիծաղն ու խնդությունը։ Թող հարատեւի խաղաղությունը»։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան