Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»



«Նարեկացի» արվեստի միությունում «Կինոչորեքշաբթիի» շրջանակներում ցուցադրված ֆիլմերից է երիտասարդ ռեժիսոր Արման Այվազյանի «Քառուղի» վավերագրական ֆիլմը:

Ցուցադրությանը նախորդեց ռեժիսորի (նաև սցենարի հեղինակն է) խոսքը: Նա երախտագիտություն հայտնեց իրեն օգնողներին, միջոցառման կազմակերպիչներին և հավաստիացրեց, որ պետք է շարունակի հայոց պատմության նորագույն էջերը վավերացնելու և մեր հերոսներին փառաբանելու իր ջանքերը:

«Քառուղի» ֆիլմը նկարահանվել է «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության կազմակերպչական և տեխնիկական օժանդակությամբ, որի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հերբերտ Գասպարյանը:

Ֆիլմում ներկայացված են հաղթական ոգու տեր չորս հայ հերոսների ճակատագրերը, նրանց կյանքի խաչվող չորս տարբեր ուղիները: Ցուցադրվում է նրանց հաղթական պատերազմական անցյալը, և պատմվում է այսօրվա դժվարին, բազմաթիվ խնդիրներով ու կարիքներով լի կյանքի մասին:

Հիշատակելի է այն փաստը, որ «Քառուղի» ֆիլմի ստեղծմանը հիմնականում մասնակցել են երիտասարդ արվեստագետները, որոնք իրենց աշխատանքով զորակցություն են հայտնում հայրենիքի սահմանները զօր – գիշեր հսկող իրենց հասակակից հերոս զինվորներին:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Հոգևոր-մշակութային


03/12/2015