Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՐ ՏԱՆ ԱՄԱՆՈՐԻ ՎԵՐՀՈՒՇԸ



«Արցախում կռվող ջոկատի գրառումներ» շարքից

Ջոկատը մտավ
մայրամուտի ստվերներից ծնվող
անտառի եզրը…
ոչ մի խարույկ,
պետք է քողարկվել
(միայն դաժան մահն է բացահայտ)…

Դիմացի բլրի վրա
գյուղացին քշում է իր նախիրը,
ասես ոչ կռիվ կա, ոչ զոհեր,
այնքան խաղաղ են կովերն արածում
բլուրն ի վեր…
Մի պահ ժամանակի զգացումը
վերածվում է հովվերգական նկարի,
որտեղ ոչ մի հետք պատերազմի:

Բայց հայտնվող մշուշը
խամրեցնում է ամեն ինչ ծույլ
խոնավությամբ,
պատառիկներ թողնում թանձր
անտառից
և փափկացող, կարծր բլուրներից…

2

Հանկարծ հիշում եմ
Ստեփանակերտի
մանկության մեր տան
Ամանորի սեղանը,
ուր հնդկահավի փորը`
չրերով լցոնված,
նայում էր անթարթ առաստաղին,
և լիքն էր ժրաչվի, դեղնաչվի,
թթվահամ,
քաղցրահամ չրերով,
ուր չորացրած, երկփեղկ,
թթվաշ հոնը
իշխում էր բոլոր
չրերի վրա,
նա նավապետն էր նրբիրան բույրի
և թանձրացող ամռան այգիների տերը:

3

Ձմռանը
այդ այգին մնում էր ձյան տակ խոժոռ,
ունքերին իջած ձյունը թվում էր մի փութ,
թանձր խծբծանքի մեջ ճյուղերի
անտես մաքրության հրե խառնարանը
Աստծո կնիքն էր շտապ պատրաստում,
որ այգին դուրս գա խոր ցրտից,
ուշաթափության վերմակը նետի
ապրիլյան երկինք,
և կլոր արևը նորից կլցվի հրե եփուկով…

Եվ դու չգիտես`
ինչպես դուրս կորզել
ծառերի խորքից
այգին գալարող
սպասման երգը,
այնքան փոփոխական էր
ձայնը քամիների…

4

Իսկ այստեղ
մահը`
հանց ծանր բվեճ,
սավառնում է ցածր,
թևը քսելով
գունաթափ խոտի
մաշված դեմքին…

Այստեղ չկա երջանկության
օղակումը մեր այգու…
Չոր անտառն է միայն
դիք կանգնած,
զգոն, հանց երախը բաց
«Կալաշնիկով» ավտոմատ,
որի հետ բանակցելն
անօգուտ է…

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Հոգևոր-մշակութային


03/12/2015