Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵԼԻՔԻ ՄԱՐՏ



Հարցազրույց պաշտպանության բանակի զինծառայող «Հայ ասպետ» ակումբի ավագ Վլադիմիր Պողոսյանի հետ

-Բավականին ժամանակ է, ինչ «Հայ ասպետը» մուտք է գործել հայոց բանակ: Կպատմե՞ք այս համագործակցության և դրա արդյունքների մասին:

-Համագործակցությունն սկսվել է 2014 թ. ապրիլից: «Հայ ասպետ» ակումբը բավականին հետաքրքիր կրթամշակութային գործունեություն է իրականացնում` գրքի քննարկումներ, ճանաչողական այցեր, արշավներ, այցելություններ պատմամշակութային հուշարձաններ, հուշ-երեկոների կազմակերպում, և այս ամենը իրականացվում է զինվորների ակտիվ մասնակցությամբ: Մեծ դեր ունի նաև զորամասի նվագախումբը, որն ամեն կերպ աջակցում է` ապահովելով երաժշտությունը:

Հիմնականում թիմերը բաղկացած են 11 հոգուց: Կիսաեզրափակիչ, այսինքն` եթերային փուլ անցնում են լավագույն արդյունքներ ցույց տված 9 կամ 12 թիմեր: Այդ փուլից հետո ամենաբարձր միավորներ հավաքած երեք հաղթողները հայտնվում են եզրափակիչում: Անցած տարվա հաղթող է ճանաչվել մեր թիմը, որի առաջին ավագը Արմեն Խաչիկյանն էր:

-Ինչպե՞ս են ընտրվում թիմի անդամները:

-Խաղացողների ընտրությունը իրականում դժվար է: Կան մի քանի պարտադիր պահանջներ: Նախ` տվյալ զինվորը պիտի ունենա գիտելիքների որոշակի պաշար, լինի շփվող ու բարետես, քանի որ եթերային խաղի ենք մասնակցում: Բանավոր խոսքին տիրապետելը և արագ ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունը նույնպես շատ են կարևորվում. հնարավոր է` զինվորն ունենա գիտելիքի լուրջ պաշար, սակայն չկարողանա ցուցադրել դրանք: Մեր գլխավոր խնդիրը եթերային խաղի ժամանակ գեղեցիկ, անկաշկանդ ու սահուն հայերենով հարցերին ճիշտ պատասխանելն է: Այս խնդրի հետ կապված ես զգալիորեն փոխել եմ թիմի կազմը: Որպես ավագ` ես բավականին խիստ եմ: Երբեք չեմ ասում իմ թիմակցին` լավ գիտես: Եթե ես նրանց «4» գնահատեմ, ուրեմն այնտեղ «Հայ ասպետ» կստանան:

-Իսկ ինչպե՞ս են անցկացվում ձեր դասերը, կա՞ն հատուկ առարկաներ ու դասագրքեր:

-Իհարկե, առարկաներից մեկը գրականությունն է: Այս խաղաշրջանի համար երկու գիրք ունենք` Ալեքսեյ Տոլստոյի «Պետրոս Առաջինը» և Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»: Գիրքը մենք կարդում ենք, թեմատիկ առումով ես առանձնացնում եմ ամենակարևոր հատվածները: Զինվորը պարտավոր է պատշաճ պատրաստվել ու իմանալ անխտիր բոլոր հարցերի պատասխանները: Հաջորդ առարկան Պահանջատիրությունն է` Արա Պապյանի «Հայոց պահանջատիրություն» գրքի հիման վրա, որտեղից որոշակի հոդվածներ են ներառված մեր խաղում: Հարցեր կան նաև պատմությունից, օրինակ՝ այս անգամ ընտրվել են Թուրքիայի և Իրանի պատմությունները: Ժամանակաշրջանը նույնպես խորհրդանշական է. Ամեն տեղ շեշտվում է 1915 թ. և գալիս հասնում է մինչև 1920, 1922, 1923 թվականները: Շատ հարցեր են լինում ազգային գաղափարախոսությունից: Սա հավանաբար ամենաբարդ թեման է բոլորիս համար: «Գարեգին Նժդեհ» վերնագրով առանձին գիրք ունենք, որում հայ ռազմիկին նվիրված շատ նյութեր կան: Մեզնից պահանջվում է մտքի գեղեցիկ շարադրանք և մատուցում: Ցանկալի է, որ Նժդեհի խոսքերը անգիր մատուցվեն և ուղեկցվեն սեփական մեկնաբանություններով: Ինչ վերաբերում է դասագրքերին, դրանք մեզ տրամադրում է «Հայ ասպետ» հիմնադրամը, որոնք մեզ ուղարկում են պաշտպանության նախարարության միջոցով:

-Կայացել է նաև կիսաեզրափակիչ փուլը: Կպատմե՞ք տպավորությունների մասին:

-Ընդհանուր առմամբ, խաղը լավ անցավ: Չնայած հաղթեցինք 73 միավորով և անցանք եզրափակիչ, սպասելիքներս այդքան էլ չարդարացան՝ առավելագույն միավորների հույս ունեի: Այս խաղում մեր թիմը հատկապես լավ արդյունքներ ցույց տվեց երգից ու պահանջատիրությունից` ստանալով «Հայ ասպետ»:

-Ի՞նչ տրամադրվածությամբ եք պատրաստվում եզրափակչին:

-Տրամադրվածությունը մարտական է: Ամեն ինչ անելու ենք հանուն մեկ նպատակի` հանուն հաղթանակի: Եթե բանակում զենքի մարտ ենք վարում, այստեղ արդեն գրչի, գիտելիքի մարտն է, քանի որ հենց գիտելիքն է ընկած ամեն ինչի հիմքում:

-Շնորհակալություն, Վլադիմի՛ր: Հաջողություն եմ մաղթում եզրափակիչում ու անփորձանք ծառայություն ձեզ ու մյուս զինծառայողներին:

Աննա ԲԱԲԱՅԱՆ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Բանակ և հասարակություն


03/12/2015