Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ



Նոյեմբերի 20-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող-2015» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտ համալսարանականներ ու օրվա հերոսները` ուսանողները: Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ և ուսանողական միջազգային օրհներգերով։

Մրցանակաբաշխության խորհուրդն այս անգամ ռազմահայրենասիրական էր: «Լավագույն ուսանող-2015» մրցույթն այս տարի նվիրված էր Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին: Ընդ որում, հանդիսությունը ներառված էր Թաթուլ Կրպեյանի հոբելյանական միջոցառումների պետական հանձնաժողովի ցանկում:

Գիտելիք տալուց զատ, համալսարանում կարևորում են նաև հայրենասիրական ու քաղաքացիական դաստիարակությունը: Ըստ այդմ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը, նվիրված լինելով Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին, պետք է պարտավորեցնի լավագույններին: Պարոն Սիմոնյանը փաստեց, որ Արցախյան ազատամարտի նվիրյալի ներկայությունը համալսարանում միշտ եղել է, կա ու կլինի. «Թեև այսօր կընտրվեն սահմանափակ թվով լավագույն ուսանողներ, այնուամենայնիվ նրանց թիվը շատ է, չէ՞ որ նրանք են մեր վաղվա հույսը, գալիք պայծառ ապագայի գրավականը: Մայր բուհը հպարտանում է նրանցով, քանզի մեր գործի արդարացման հիմնական գրավականը հենց նրանք են, նրանց հաջողություններն են ու բարեկեցիկ կյանքը»:

Թաթուլ Կրպեյանն այդպես էլ չավարտեց կրթությունը: Հերոսի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը, խոստովանում է՝ Թաթուլն իր սխրանքով իրեն հավերժ կապեց Մայր բուհի հետ: Թեև եղբոր կորուստն անդառնալի է, բայց քույրը նրա ոգին ու ներկայությունը մշտապես տեսնում է ուսանողների մեջ. «Իրո՜ք, ուսանողների մեջ ես տեսնում եմ Թաթուլին: Նրանք նույն՝ հաղթանակի մղումով են այստեղ»:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրանտ Ամալյա Նավասարդյանի ուրախությունն ու հպարտությունն առավել արտահայտիչ էին: Նա «Ուսանողական ռեկտորատի» շրջանակում ընտրվել էր որպես դեկան, օրվա երկրորդ կեսին էլ արժանացավ լավագույնի կոչմանը: Ամալյան ակտիվ համալսարանական է, երկար տարիներ զբաղեցրել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի պաշտոնը: Վստահ է՝ լավագույնի կոչմանն արժանանալը մեծ գնահատանք է, պարտավորեցնող երևույթ առաջիկայում է՛լ ավելի մեծ հաջողություններ արձանագրելու առումով. «Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին շատ եմ լսել, կարդացել: Մեծ հպարտություն է հատկապես նրան նվիրված մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվելը: Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ օգնել ու աջակցել են, որպեսզի լիարժեք կրթություն ստանամ, միաժամանակ նաև հասարակական ակտիվություն ցուցաբերեմ»:

Հայրենասիրական, էստրադային երգեր ու պարեր, հուզմունք ու պատասխանատվության զգացում. ահա այս մթնոլորտում էին հնչում տարվա լավագույն ուսանողների անունները: Համերգի ընթացքում հնչեցին նաև Թաթուլ Կրպեյանի գրած բանաստեղծություններից ու նրան նվիրված երգեր: Բուռն ծափողջույններով ու շնորհավորական խոսքերով էլ միջոցառումն ավարտին մոտեցավ՝ հաջորդ տարի կրկին հանդիպելու և լավագույններին ընտրելու ակնկալիքով: Նշենք, որ լավագույնի կոչմանն արժանացած ուսանողների մրցանակները՝ հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները, հանձնեցին ԵՊՀ պրոռեկտորներն ու ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Հայ զինվոր» պաշտոնաթերթը ջերմորեն շնորհավորում է «Լավագույն ուսանող-2015» մրցույթում լավագույնի կոչմանն արժանացած ուսանողներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ թե՛ ուսման ու հասարակական գործունեության մեջ, թե՛ անձնական կյանքում: Միաժամանակ ուրախությամբ փաստում ենք, որ լավագույնի կոչմանն է արժանացել նաև մեր թերթի թղթակից և այս նյութի հեղինակ Հովհաննես Վարդանյանը:

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Բանակ և հասարակություն


03/12/2015