«ԳԼՈՒԽ ՉԵՄ ԳՈՎՈՒՄ՝ ՀՐԵՏԱՆՈՒ ՈՒՂՆ ՈՒ ԾՈՒԾԸ ԳԻՏԵՄ»
Ստեփան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
կրտսեր սերժանտ
Ծառայում եմ սահմանամերձ զորամասում, իսկ ավելի ճիշտ՝ ծառայությունս անցնում է սահմանի բերանին` հակառակորդի հետ անմիջական շփման գծում: Լրացավ ծառայությանս մեկ տարին, իսկ սահմանային, ինչպես մենք` ուսումնականներս ենք ասում, իսկական ծառայությանս` կես տարին: Առաջին վեց ամիսը թեթև անցավ՝ առավոտյան վերկաց, ֆիզպատրաստություն, նախաճաշ ու պարապմունքներ լսարանում, զորավարժարանում, այնուհետև ճաշ, կրկին պարապմունքներ, ընթրիք, անվանականչ, քնել… Իսկ սահմանում… ՍԱՀՄԱՆՈՒՄ անգամ քնելն ու վերկացն է ուրիշ, նիստ ու կացդ է ուրիշ: Նույնիսկ քնիդ մեջ ես ծառայում, որովհետև այստեղ պատասխանատվության բեռը շատ մեծ է:
Ինձ համար ուտելիքը երկրորդական է: Ես անգամ ճաշի միջի սոխն ու կանաչին եմ ջոկել… Հիշում եմ, թե հայրս ինչքան ամոթանք էր տալիս, ասելով. «Բա տղամարդն էլ ճաշի միջի սոխը կջոկի՞»: Բայց արի ու տես, որ բանակում սկսեցի ուտել: Էլ ի՜նչ ջոկել… Բանակի հացն էլ է համով… Այստեղ կերածդ սրտիդ նստում է, որովհետև քո ազնիվ ու նվիրված ծառայությամբ ես վաստակել դրա իրավունքը:
Չմոռանամ ասել, որ իմ զորակոչվելուց երկու, թե երեք ամիս հետո, երբ հայրս եկավ տեսակցության, մենակ էր եկել, հենց հանդիպեցինք, ասաց. «Փաստորեն, բանակում ավելի լավ են քեզ կերակրում…»:
Սահմանում ծառայությունը քսանչորս ժամ է և ոչ մի վայրկյան պակաս: Թեպետ մտքովս չի անցել հաշվել ծառայության օրերը, դրանք գումարելով` դարձնել շաբաթ, շաբաթները` ամիս, նորից գումարել, նորից հաշվել… Եվ երբ լրացավ ծառայությանս մեկ տարին` սկսեցի հաշվել: Պատճառը տնեցիք, ընկերներս եղան, որ զանգում ու շնորհավորում էին… Առաջինը հայրս շնորհավորեց: Եվ երբ զարմացած հարցրի` «Ի՞նչ առիթով ես շնորհավորում», պատասխանեց. «Մեկ տարեկան զինվոր դառնալուդ»:
Հրետանավոր եմ: Մասնագիտությանս լավ եմ տիրապետում, ինչի համար շնորհակալ եմ ուսումնական զորամասի իմ ուսուցիչներին: Հրամանատարս ասում էր. «Այնպիսի հրետանավոր պետք է դառնաք, որ անգամ ասեղին կարողանաք խփել»:
Իհարկե, չեմ ցանկանում, որ մեր հրետանին երբևէ գործի մեջ դրվի, սակայն, հավատացնում եմ, եթե անհրաժեշտություն առաջանա, ապա մեր հաշվարկը ի ցույց կդնի իր գիտելիքների ողջ զինանոցը:
Ծառայում եմ Հայրենիքիս:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
Պատմեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Ազգային բանակ