Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՇՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ



Հայրենական մեծ պատերազմի տարեգրության հերոսական էջերից է Կովկասի պաշտպանությունը, որի ժամանակ աչքի ընկան նաև հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ դիվիզիաները։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այն օրերից մեզ բաժանում է յոթ տասնամյակից էլ ավելի մի ժամանակաշրջան։ Մեծ զոհողությունների գնով էր նվաճվում հաղթանակի ամեն մի օրը: Հայտնի է, թե ինչ դեր ուներ այդ օրհասական օրերին զինվորի մարտական ոգին և անկոտրում կամքը։ Սակայն հայ զինվորին հերոսացման էր մղում ոչ միայն հայրենիքի, ծնողների, հարազատների նկատմամբ տածած սերը, այլև նրան ուղեկցող հայրենաշունչ երգը։ «Կռունկ», «Դլե յաման», «Մարտիկի երգը» և այլ հայրենասիրական երգեր հայ զինվորին տալիս էին ուժ, տոկունություն` նրան մղելով սխրանքի ու անմահության։

Հորս` Հայրենական պատերազմի մասնակից Կնյազ Ներսեսի Խալաթյանի` արդեն իր երկրային կյանքն ավարտած զինվորի հուշերից է ստորև ներկայացվող պատերազմական դրվագը։

Իսկական հերոսության օրինակներ են գործում հայկական դիվիզիաների մարտիկները` թշնամուն գամելով Կովկասի լեռներին։ Վիրավոր զինվորներին ուղարկում են թիկունքի զինվորական հոսպիտալներ։ Նրանք, ովքեր արագ ապաքինվում են, կրկին մեկնում են ռազմաճակատի առաջին գիծ։ Եվ այսպես իր հուշերն է պատմում զինվորը. «Ծանր վիրահատությունից հետո Մախաչկալա քաղաքի հիվանդանոցում պառկած եմ ջերմության մեջ, զառանցում եմ։ Խելակորույս վիճակում չգիտեմ, թե ովքեր են իմ շրջապատի մարդիկ։ Սպիտակ «ուրվականներն» անընդհատ պտտվում են շուրջս։ Ապաքինվելուց հետո միայն իմացա, որ ինձ բուժող բժիշկներն էին, հոգատար քույրերը։ Մեկ ամիս պառկած` ասես դժոխքի տանջարանում տառապում էի։ Պատերազմի անբուժելի վերքերը սոսկալի ցավեր էին պատճառում, և վիրավոր սիրտս ի վիճակի չէր այդ ցավերի ծանրությունը տանել։ Երբեմն սիրտս հրաժարվում էր աշխատելուց, դադարում էր վայրկյաններով։ Իսկ հոգատար բժիշկները գիշեր-ցերեկ սնարիս վերևը արթուն հսկում, իմ մահճակալից չէին հեռանում։ Ամեն անգամ ինձ էին վերադարձնում «էն աշխարհ» գնացած կյանքս։ Հիվանդանոցի բուժանձնակազմը հոգնել էր ինձնից, նրանց գիտելիքները, դեղամիջոցները չէին կարողանում «մեռած» սիրտս կյանքի կոչել։ Մի օր էլ ինձ մեկուսացրին, տարան ուրիշ պալատ։ Դա «մահվան սենյակն» էր։ Իմ հարևանը ուկրաինացի էր։ Այս նոր կացարանում մեզ առանձնակի ուշադրություն էին դարձնում։ Մի օր, ինչպես երազում, լսում եմ՝ ուկրաինացին ջուր ուզեց։ Ջուրը բերեցին, խմեց։ Վերմակը երեսին քաշեցին, որ քնի։ Անցավ մեկ ժամ, եկան բուժաշխատողները շրջայցի։ Բացեցին վերմակը, հարևանս արդեն մահացել էր, հոգին ավանդել։ Այդ դեպքից անցել էր 3 օր։ Քաղաքային ֆիլհարմոնիայից ծանր հիվանդների համար եկել էին համերգ տալու։ Հիվանդանոցի միջանցքում մեր պալատի դիմաց երեք երաժիշտներ իրենց ազգային տարազով. մեկը` քամանչահար, մյուսը` դուդուկահար, երրորդը` հարմոնահար, երկարավուն աթոռին նստած կովկասյան (հայկականին նման) եղանակ էին նվագում։ Կարծես խոր քնից սթափվեցի, միանգամից աշխարհը շուռ եկավ, ամեն ինչ փոխվեց։ Այդ հոգեթով երաժշտության ձայնն ինձ կյանքի կոչեց։ Գիտակցությունս տեղը եկավ, սիրտս սկսեց արագ բաբախել, հիշողությունս` վերականգնվել։ Սկսեցի ամեն ինչ հիշել. հայրենիք, ծնողներ, հարազատ վայրեր, հին ծանոթներ, ընկերներ, ու սիրտս փղձկաց հուզմունքից։ Հոգատար քույրերը զարմացած հարցնում էին, թե ինչ է պատահել։ Լուռ արցունքներ գլորվեցին։ Ես էլ չգիտեի, թե ինչի համար. կորցրած համարվող երջանկությա՞նս, թե՞ մահվան ճիրաններից դուրս գալուս համար։ Երաժշտությունը դեղ-դարման եղավ, ապաքինեց ինձ, հանեց այդ մղձավանջից»։

Վարդան ԽԱԼԱԹՅԱՆ
մանկավարժ

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Պատմության էջերից


10/12/2015