ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐ
Հատված Գ. Շահնազարյանի «Գիրք սիրո եւ սրի» անտիպ գրքից
-Տարիներ առաջ Աշտարակի Ավան գյուղում ծեր սասունցիների հետ զրուցելու, գրառումներ կատարելու համար Մուշեղ Գալշոյանն ինձ առաջարկեց, որ դառնամ ընկերակից,- պատմեց Աֆոն` Արցախյան պատերազմին «Սասունցիներ» ջոկատի հրամանատար, երջանկահիշատակ Ալֆրեդ Ներսիսյանը: Գնացինք Ավան: Հետաքրքիր, անմոռաց օր էր: Էրգրի, ծննդավայրի մասին խոսք բացելուց հետո նրանք ասես վերանում էին իրական կյանքից ու սկսում էին մանրամասնորեն պատմել, վերհիշել: Մուշեղը նույնպես վերացած լսում էր նրանց` աննկատ գրառումներ անելով: Իմ բնավորությունն իմանալով` նախապես ասել էր, որ չմիջամտեմ: Ու երբ որեւէ հարցի շուրջ պատրաստվում էի խոսք ասել` զգում էի Մուշեղի հայացքն ու լռում: Հետո, երբ կարդացի «Մարութա սարի ամպերը», հասկացա, որ իսկական գրողներն այդպես պետք է լինեն` համբերատար, լուռ եւ զգայուն, չափազանց զգայուն, մեկ ուրիշին այնքան էլ բան չասող խոսքեր-մտքերը ամբարող: Օրվա երկրորդ կեսին դուրս եկանք, որովհետեւ նախապես պայմանավորվել էինք, որ բարձրանանք մեր գյուղ` Լեռնարոտ՝ Արշակ հորս տեսնելու, զրուցելու: Երբ դուրս եկանք, ու ես շունչս տեղը բերելով ուզում էի մի բան ասել՝ Մուշեղն ասաց.
-Մենք դեռ շատ կխոսենք, մեր ծեր սասունցիների օրերն են հաշված, ճանապարհի վրա են…
Հետո դառնալով ինձ՝ ասաց. «Աֆո՛, մի խենթություն ծնվեց մեջս` արի ձիով բարձրանանք Լեռնարոտ»: Ես զարմանքով նայեցի Մուշեղին: «Հա, հա, ձիո՛վ,- առանց թամբ ու սանձի»,- Մուշեղն իր տարերքի մեջ էր, Մուշեղը խենթացել էր: Պարանը ամրացրեց ձիու դնչին ու ցատկելով ձիու մեջքին՝ ասաց. «Նստի՛ր, ժամանակ չկա, բայց էնպես նստիր, որ թիկունք թիկունքի տանք. ես առաջ նայեմ, դու թիկունք, լսեցիր, թե դավաճանությունից, ստորությունից, նենգությունից ինչ պատմեցին ծեր սասունցիները, մենք պետք է իրար թիկունք պաշտպանենք»: Ես հասկացա գրող, ֆիդայի, իմ խենթ սասունցի Մուշեղին, ու այդպես մենք բարձրացանք Լեռնարոտ՝ իմ ծննդավայր:
Գյուղի մեծ ուռենու շվաքում, ջրի մոտ ամեն օրվա նման հավաքվել-նստել էին էրգրից գաղթածներն ու խոսում, պատմում, վերհիշում էին անցածը, ձեռնափայտերով գծում էրգրի, իրենց ծննդավայրերի ճամփեքը…
Ջերմագին բարեւ-ողջույնից հետո նստեցինք նրանց կողքի արդեն դատարկվող քարերին: Ափո Մգրոյին, որն արդեն մոտենում էր մեկ դարի շեմին` Մուշեղը հարցրեց. «Ափո Մգրո, ոնց անցան տարիները, ինչ հասկացար կյանքից»: Աֆո Մգրոն քիչ լռելուց հետո ասաց. «Մուշեղ, լաո, Էրգրում մի ձի ունեի` Ջեյրան, չնեղանաք, էս ձեր ձին իմ ձիուն անհամեմատ է: Իմ ձին հրեղեն էր, սմբակները գետնին դիպչելուց կայծեր էին թռչում: Աչքդ էդ կայծին էր առնում` էլ ձին չկար` հեռվում էր: Մուշե՛ղ, լա՛ո, քո հարցին, որ պարզ պատասխան տամ, ասեմ՝ ոնց անցան իմ տարիները` ոնց որ էդ հրեղեն ձիով անցնես էս ծառի շվաքով…»: Այսպես ասաց ու լռեց:
Ափո Մգրոն այդ ընթացքում կանգնել, հենվել էր ձեռնափայտին ու հուշերի գիրկն ընկած լռում էր, երբ հետեւից նրան մոտեցավ արդեն ծերացած, կռացած տատմեր Հազրիկն ու հրելով՝ ասաց. «Բան չհասկացա՞ր, հա՞»: Ծերունին հենվելով ձեռնափայտին՝ մի կերպ իրեն պահեց, որ ջուրը չընկնի ու կամաց շուռ տալով գլուխը ժպտացող տատմեր Հազրիկին` ասաց.
-Դո՞ւ իս, Հազրի՛կ, կհիշի՞ս մեր գյուղի վերի ձորի էն մեծ քարի հետեւ, որ քեզ բռնեցի….
Տատմեր Հազրիկի ժպիտը չքացավ, կարոտով ասաց.
-Հա, Մգրո՛, ոնց չհիշիմ, մեր էրգիրն էր, մեր հողը` էրնեկ էդ օր, Մգրո՛:
Այդ օրը մնացինք գյուղում, գիշերն ի լույս Մուշեղը զրուցեց Արշակ հայրիկիս, մեր գյուղի ծերերի հետ:
Երեւան վերադարձի ճանապարհին Մուշեղը լուռ էր. ծխում էր: Միայն բաժանումին ասաց.
-Աֆո՛, հիշո՞ւմ ես տատմեր Հազրիկի խոսքերը` երնեկ էդ օր, որովհետեւ, ինչ էլ պատահած լիներ այդ օրը, միեւնույնն է, Հայրենիքի, հողի, Էրգրի կարոտը վեր է ամեն ինչից:
Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Հոգևոր-մշակութային