Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՍԱՃԱՆԱՊԱՐՀԻՆ



ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝ հախուռն ու հանդուգն խառնվածքի տեր այս տաղանդավոր բանաստեղծուհու կյանքն ընդհատեց 88-ի երկրաշարժը՝ 40 տարեկան հասակում: Հիրավի, որքա՜ն կիսատ մնացած չափածո հատորներ կան հայ գրականության մեջ…

Կիսաճանապարհին,
Երբ քամին կօրորի մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հիշիր սկիզբը-երբ սկսեցիր ճանապարհդ,
Երբ քեզ ճամփա գցեցին մայրդ, քույրդ, հարեւանդ ու անծանոթը,
Եվ հիշիր, որ նրանք դեռ կանգնած կմնան այնտեղ,
Մինչեւ դու հասնես ուզածդ տեղը
Ու բերես խնձորը անմահական:
Այսպես, երբ կեսճանապարհին՝
Քամին՝ յոթգլխանի հրեշ՝ կօրորի մեջքդ փափկասուն,
Հիշիր, ինչ կամեցավ զինվորը վերջին պահին,
Հողը սեղմած բռան մեջ ու աչքերը՝ բաց երկնքին,
Հիշիր, ինչ ճչաց ծաղիկը խելագար, երբ արմատից
պոկված
Ընկավ հորդահոս գետի մեջ…
Երբ վերջապես քամին կուզենա ջարդել մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հավատա նաեւ, որ ընդ եղեգան փող բոց ելաներ,
Որ քո եղեգնիկ մեջքից դեռ արու զավակ պիտի բոցա,
որ ճամփա ելնի առա՜ջ…
Հիշիր, որ երկրի վրա արեւը ընդմիշտ սպասում է մարդուն,
Ջուրն սպասում է, հողն սպասում է, ծովն ու երգը
Շառաչում, զարկում են քարափին, այսինքն՝
Շնչում են ու սպասում են մարդուն:
Երկիրը անտեր չես թողնի, գիտեմ,
Երբ քամին կօրորի մեջքդ
Կիսաճանապարհին:

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Հոգևոր-մշակութային


10/12/2015