«ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԴԻԱԲԵՏ»
Վախը, սարսափը եւ շաքարախտը
Պատերազմները համարվում են արտակարգ ուժեղ սթրեսորներ: Որքան մեծ է վախի զգացումը, այնքան խորն է հոգեկան ցնցումը` որպես սթրես: Գիտականորեն ապացուցված է, որ նման ցնցումները շատ դեպքերում կարող են հանգեցնել մի շարք օրգանների ֆունկցիոնալ և օրգանական ախտահարումների:
…Դեռ նապոլեոնյան արշավանքների ժամանակ առաջին անգամ հիշատակվում է արտասովոր հիվանդություն, այսպես կոչված` «պատերազմական շաքարախտը»: Ճակատամարտերում անխուսափելի մահվան սարսափը կրած և հետագայում այդ ծանր ապրումներից ձերբազատվելուն անկարող զինվորականների շրջանում նկատվել էին դեղնախտ-շաքարախտով հիվանդանալու բազմաթիվ դեպքեր:
Ինչպես ցույց տվեցին փորձարարական հետագա հետազոտությունները, վախի ներշնչումը, հոգեկան ուժեղ ցնցումները անմիջականորեն ներգործում են գլխուղեղի կեղևի վրա, հանգեցնում ադրենալինի բարձր արտազատմանը` խոչընդոտելով օրգանիզմում շաքարի հաշվեկշռի (ինսուլինի) կարգավորմանը:
Վախի, սարսափի հողի վրա շաքարային հիվանդության ծագման մեխանիզմը թեև հստակորեն դեռ պարզված չէ, բայց և այնպես, կապը այդ երկու երևույթների միջև ակնհայտ է: Անկասկած, վախը, հոգեկան խոր ջղացնցումները, ծանր ապրումները կարող են հանգել շաքարախտով հիվանդանալուն և դառնալ թե՛ նյարդահոգեկան և թե՛ մարմնային (սոմատիկ) հիվանդությունների պատճառ: Դա հաստատվել է կենդանիների վրա կատարված բազմաթիվ փորձերով:
…Շաքարախտը բավականին տարածված ու բարդ հիվանդություն է: Ըստ առողջապահական համաշխարհային կազմակերպությունների ընդհանուր տվյալների՝ ներկայումս երկրագնդի վրա տարբեր սեռի ու տարիքի ավելի քան 382 միլիոն մարդ տառապում է այդ հիվանդությամբ, ու գնալով ավելանում է նրանց թիվը:
Տարբեր են այդ հիվանդության դրսևորումներն ու տարատեսակները, ծագման պատճառները` կապված հանգամանքների ու իրավիճակների հետ£
Չնայած ինսուլին հորմոնի հայտնաբերմանը և արդի բժշկագիտության զգալի առաջընթացին, շաքարախտը շարունակում է մնալ մարդկության համար ամենավտանգավոր չորս հիվանդություններից մեկը, և նրա բուժումն առ այսօր մեծ դժվարություններ է ներկայացնում£
Միաժամանակ ավելացնենք, որ վերջին տարիներին կատարվել են նաև այդ հիվանդության ախտորոշմանն ու բուժմանը նպաստող մի շարք կարևոր հայտնագործություններ:
Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Ռազմական