ԲԱՔՈՒՆ՝ ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՏԱՆԴ
Հայկական զինվորական ղեկավարությանը վարկաբեկելով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծից ապատեղեկատվություն տարածելով՝ ալիևյան վարչակարգը փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը՝ նպաստելով Մերձավոր Արևելքում նոր հակամարտություն ստեղծելուն ուղղված Անկարայի ստոր ծրագրերի իրականացմանը: Ծառայելով «ավագ եղբորը»՝ Ադրբեջանը միաժամանակ փորձում է ինչ-որ կերպ իրեն ապահովել կործանումից, օգտագործելով քարոզչության և զրպարտության հնացած մեթոդները:
Այսօր ալիևյան վարչակազմի առջև կանգնած է մի հրամայական՝ վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, ավելին՝ գերլարված իրավիճակ ստեղծել կովկասյան տարածաշրջանում: Ակնհայտ է, որ Բաքուն ցուցումներ է ստացել Անկարայից՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը թուրք-սիրիական և թուրք-իրաքյան սահմաններից: Բայց Ապշերոնյան թերակղզում լավ հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության ապասառեցմանը միտված Անկարայի ուղիղ ցուցումների արդյունքում իրենց չի հաջողվի զերծ մնալ Մոսկվայի զայրույթից՝ ահաբեկիչներին սատարող երկրին ուղղակի աջակցելու համար, ինչպես նաև՝ խուսափել հակաահաբեկչական կոալիցիա կազմած մյուս երկու համանախագահող երկրների ղեկավարների քննադատությունից: Ալիևյան վարչակազմը փորձում է որևէ ձևով թաքցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման մեջ իր քաղաքացիների մասնակցությունը և Թուրքիայի հետ միասին իր աջակցությունը այդ ահաբեկչական կառույցին:
Ալիևյան կլանը, ըստ այդմ, հայտնվել է զավեշտալի իրավիճակում: Փորձության է ենթարկվում «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսը: Անկարայից պահանջում են առճակատման գնալ Մոսկվայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության ապասառեցման միջոցով, միաժամանակ չտալով որևէ երաշխիքներ, որ նման աջակցության համար Բաքուն չի հայտնվի «ջարդված տաշտակի» առջև: Իր ստոր նպատակների համար Թուրքիան հրահրում է նաև իրանա-ադրբեջանական հակամարտությունը: Բաքվի իշխանությունները լավ գիտակցում են, որ, ի տարբերություն Թուրքիայի, իրենք որևէ ռազմական դաշինքի մաս չեն կազմում և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման և բաց պատերազմի դեպքում կարող են խստագույնս պատժվել տարածքային նոր կորուստներով և նույնիսկ՝ կազմալուծմամբ:
Հարկ է նշել, որ նույնիսկ խոստացած աջակցության պայմաններում ադրբեջանական զինվորական հրամանատարությունը սահմանափակվում է զուտ սադրանքներով, դիվերսիաներով, զրպարտանքով և զեղծարարությամբ այն դեպքում, երբ որ վերջին տարիներին անհամեմատ մեծացել են երկրի պետբյուջեի ռազմական ծախսերը, և Ադրբեջանը սահմանել է զինվելու բոլոր ռեկորդները: Ալիևյան կլանը վախենում է որևէ լուրջ քայլից նաև այն պատճառով, որ ժողովուրդը չի սատարի իր այդ արկածախնդրությանը: Վտանգված կլինեն նաև թե՛ երկաթուղային և թե՛ էներգակիր նախագծերը, որոնք կարող են ավելի մեծ եկամուտներ բերել ներկայիս ստատուս քվոյի պայմաններում: Ուստի Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգի» կարգախոսը ոսկորի նման կանգնել է նրա որդու կոկորդում:
Սպասելի է, որ մոտակա ժամանակներում ադրբեջանական ղեկավարությունը ջանք չի խնայելու հակահայկական հիստերիան ուժեղացնելու, Հայաստանը վարկաբեկելու, սահմանին լարվածությունը պահելու, բանակցային գործընթացը ճիշտ հունից շեղելու ուղղությամբ:
Այսպիսով՝ Բաքուն փաստացի դարձել է Անկարայի պատանդը:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ