Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ



Հորեղբորս տղան ամռանը ծառայության էր անցել քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում: Երբ մենք այցելեցինք նրան զինվորական երդման արարողության ժամանակ, նա այնքան էլ գոհ չէր իր ծառայությունից.

-Այստեղ շատ խիստ է, ամեն ինչ պետք է կարգ ու կանոնով անենք, որ չպատժվենք: Մի խոսքով, քիթ սրբելու ժամանակ չունենք:

Հիմա արդեն 6 ամսվա ծառայող է: Օրեր առաջ նա արձակման թերթիկ էր ստացել եւ տուն եկել: Ես, որ դեռ չեմ ծառայել, ընթրիքի ժամանակ անընդհատ հարցեր էի տալիս բանակից՝ հետաքրքրությունս բավարարելու համար, սակայն նա լռում էր: Երբ հարցրի լռելու պաճառը՝ նա ինձ սաստեց.

-Հաց ուտելու ժամանակ չի կարելի խոսել, պետք է արագ ուտել եւ վեր կենալ:

Շատ զարմացա. նա մեր տան ամենաչարաճճին էր եւ մշտապես ծիծաղում էր հացի ժամանակ: Եվ ամենաանկարգն էր: Հացից հետո մենք երկար զրուցեցինք, եւ նա մեծ ոգեւորությամբ պատմեց 6 ամիսների ընթացքում իրենց վաշտում տեղի ունեցած բոլոր դեպքերի եւ զավեշտալի պատմությունների մասին: Եվ ես մտածեցի՝ եթե էլ չի դժգոհում, ուրեմն վարժվել է զինվորական կյանքին, կարգ ու կանոնին: Զորամաս վերադառնալիս էլ ուսիս թմփացրեց.

-Պատրաստվի՛ր, քո հերթը մոտենում է… Ափսոս, բանակիդ քեֆին չեմ մասնակցի, զորամասում կլինեմ…

Ես էլ պատասխանեցի.

-Ոչինչ, փոխարենը կմասնակցես բանակից գալու քեֆիս:

ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Երեւանի պետական
հումանիտար քոլեջի ուսանող

Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Բանակ և հասարակություն


17/12/2015