Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ



Մամուլից իմացանք, որ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարելու համար հիմա էլ նոր դաշինք է ստեղծվել Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որին անդամակցել են մի շարք իսլամադավան երկրներ… Կուզենայի ավելին իմանալ՝ ո՞ր երկրներն են անդամակցում եւ ընդհանրապես ինչո՞ւ է ստեղծվել, երբ ԱՄՆ-ն արդեն նման դաշինք ստեղծել էր…
Վարդան Հակոբյան
Հրետանային հաշվարկի հրամանատար,
կրտսեր սերժանտ

Կրտսեր սերժանտ Վ. Հակոբյանի նամակին պատասխանում է ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Խաչատրյանը

Աշխարհի ամենամոլեռանդ մահմեդական երկիրը, բացարձակ եւ ժառանգական միապետություն հանդիսացող Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, որտեղ պետական-պաշտոնական դավանանքը սուննի իսլամի արմատական-մարտնչող ճյուղն է՝ վահհաբականությունը, 2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ստեղծել է իսլամական ռազմաքաղաքական դաշինք:

Դաշինքի նպատակն է հայտարարված, իբր, ԴԱԵՇ կամ ԻԼԻՊ՝ նույն ինքը՝ «Իսլամական պետություն» կոչեցյալ ահաբեկչական կազմավորման դեմ համատեղ պայքարը: Անշուշտ, այժմ նորաոճ է «հակաաբեկչական» անվան ներքո ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքներ ստեղծելը…

Նոր իսլամական դաշինքի մեջ միավորվել են 34 իսլամական պետություններ: Նոր դաշինքի միացյալ հրամանատարական օպերատիվ շտաբը տեղակայված է լինելու Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում…

Բացի հակաահաբեկչական գործունեությունից, ռազմաքաղաքական դաշինքի շտաբը պատրաստվում է զբաղվել նաեւ միջազգային հաստատությունների եւ այլ պետությունների հետ հարաբերությունների համադրմամբ՝ կոորդինացիայով…

Նորաստեղծ ռազմաքաղաքական կոալիցիայի՝ դաշնախմբի անդամ-պետությունների համատեղ հայտարարությամբ ընդգծվել է, որ վերջինիս նպատակը իսլամական ազգերի «պաշտպանությունն է՝ ընդդեմ բոլոր ահաբեկչական խմբերի եւ կազմակերպությունների, որոնք մահ են սփռում եւ ահաբեկում անմեղներին՝ անկախ այն բանից, թե ինչպես կանվանեն իրենց այդ ահաբեկիչները…»:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՆ-ի գլխավորությամբ արդեն իսկ ստեղծվել էր 65 պետություններ ընդգրկող միջազգային կոալիցիա՝ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար: Ի դեպ, ԻՊ-ը օրենքի ուժով արգելված է Ռուսաստանում, եւ հենց վերջինս է, որ առավել դաժան հարվածներ է հասցնում ԻՊ-ին՝ 2015 թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում իր ռազմաօդային ուժերի խմբավորման, ինչպես նաեւ Կասպից եւ Միջերկրական ծովերում գտնվող ռազմածովային խմբավորումների միջոցով անընդհատ ռմբակոծելով ու հրթիռակոծելով վերջինիս դիրքերը, հրամանատարական կետերն ու նյութատեխնիկական մատակարարման բազաները… Սեպտեմբերից ի վեր ԻՊ-ի դեմ սկսել են օդային ռազմագործողություններ կատարել նաեւ միջազգային ռազմական կոալիցիայի անդամ երկրների ուժերը… Նրանցից ոմանք բավարարվում են միայն նյութական ներդրում կատարելով ընդհանուր պայքարում… Ի տարբերություն մյուս բոլոր պետությունների՝ Ռուսաստանի ռազմագործողությունները աջակցություն եւ պաշտպանություն են ստանում Սիրիայի օրինական իշխանությունների կողմից, որոնց խնդրանքով էլ Ռուսաստանը Սիրիայում է:

Ի դեպ, Սաուդյան Արաբիայի գլխավորած նոր ռազմաքաղաքական դաշինքն ունենալու է 100-հազարանոց միացյալ զինված ուժեր՝ սաուդցիների գլխավորությամբ, որոնք դաշինքին կմասնակցեն 10-հազարանոց մի ընտիր զորամիավորմամբ: Նույն դաշինքի մեջ են մտել նաեւ Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն եւ մի շարք այլ սուննիական երկրներ: Սիրիան թեեւ զգալի թվով սուննիական բնակչություն ունի՝ նոր դաշինքի մեջ չի ներառվել… Բնականաբար, դուրս է մնացել նաեւ շիայական Իրանը, որը սաուդցիների, թուրքերի ու Պակիստանի երդվյալ հակառակորդն է…

Այդ կազմն արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ ուղղվածություն կունենա սույն նորաթուխ դաշինքը՝ սուննիական ՆԱՏՕ-ն…

Կարծում ենք՝ սաուդա-թուրքա-պակիստանյան առանցքի շուրջ համախմբված 34 պետությունների նորաստեղծ միությունը աշխատելու է ոչ թէ ԻՊ-ի ոչնչացման, այլ հենց վերջինիս հռչակած համաշխարհային իսլամական խալիֆաթի ստեղծման ուղղությամբ… Ի դեպ, նոր դաշինքի առաջատար անդամներից մեկը՝ Պակիստանը, ՄԱԿ-ի 193 պետություններից միակն է, որ մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան ու անկախ պետություն… Պատճառը՝ Արցախի ազատագրումը ադրբեջանական լծից… Սա արդեն իսկ շատ բան է ասում դաշինքի մասին: Հիշեցնենք, որ Պակիստանը միակ իսլամական երկիրն է, որն ունի միջուկային զենք… եւ սաուդցիների հետ միասին ձգտում է համաշխարհային տիրապետության՝ «Ումմայի» ստեղծմանը…

Ըստ իս, այս դաշինքի մեջ մտնելով՝ Թուրքիան փորձում է փրկվել Ռուսաստանի վրեժխնդրությունից… Այսպիսով, նոր, այսպես ասած «խաչակրաց» ռազմական դաշինքի դեմ ձեւավորվում է «իսլամական» միացյալ բանակ՝ սուննիա-վահհաբական Սաուդյան Թագավորության գլխավորությամբ, որը իրեն թշնամի է դիտելու ոչ միայն քրիստոնյա աշխարհը, այլեւ շիայական, բուդդայա-չինական, հնդկական քաղաքակրթությունները…

Նայելով ոչ անհայտ ամերիկյան հետախույզ Ռալֆ Փիթըրսի 2006 թվականին ԱՄՆ ՊՆ-ի «Զինված ուժերի հանդեսում» հրապարակված «Արյունոտ սահմաններ» հոդվածին կից՝ «ժամանակակից» ու «ապագա» Մեծ Մերձավոր Արեւելքի քարտեզներին, տեսնում ենք, որ Մեծ Մերձավոր Արեւելքում մասնատման ու փոքրացման են դատապարտված 3 առաջատար պետություններ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը. այսինքն՝ հենց այն երկրները, որոնք էլ այժմ գլխավորում են «Իսլամական ՆԱՏՕ-ն», որը, փաստորեն, ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ առնվազն նաեւ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ծրագրերի դեմ:

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


24/12/2015