Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԷԼ ԹԱՆԿ



…Աշխատասենյակիս դուռը բացում է սևազգեստ մի կին: Գոռ Օհանյանի բարեկամուհին է՝ տիկին Նազիկը: Բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 17-ին, երբ հակառակորդը երեք կողմից հարձակվել էր առաջնագծի դիրքերից մեկի ուղղությամբ, ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի գլխավորությամբ զինվորները մարտի են բռնվել: Հրամանատարը մահացու վիրավորում է ստացել, բայց նրանց հաջողվել է հետ շպրտել զինված հակառակորդին:

Տիկին Նազիկն ասում է, որ դեկտեմբերի 24-ին Գոռը կդառնար 23 տարեկան: Որոշել էր մեր թերթի միջոցով շնորհավորել նրա ծննդյան օրը, բայց չհասցրեց: Հիմա ուզում է գոնե մի քիչ պատմել նրա մասին, ուզում է, որ ճանաչենք նրան.

-Գոռը ծնվել է Փոքր Վեդի գյուղում: Մայրը մանկավարժ է, հայրը՝ հողագործ: Տան ավագ որդին էր, իրենից փոքր քույր և եղբայր ուներ: Սովորական տղա էր մեր Գոռը, իր հասակակիցների նման: Բայց մի յուրահատկություն ուներ՝ դժվար պահերին պատասխանատվությունը միշտ իր վրա էր վերցնում: Բարի էր, քչախոս, համեստ, բայց և վճռական,-պատմում է տիկին Նազիկն ու ինձ մեկնում ավագ լեյտենանտի լուսանկարն իր զինվորների հետ: Լուսանկարում տղաները կանգնել են իրար ամուր գրկած, բոլորն էլ ժպտում են լայն ժպիտով: Դժվար էլ է տարբերել՝ ով է սպան, ով՝ շարքայինը:

-Երբ 2009 թվականին ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, անակնկալի եկանք: Երբեք չէր ասում, թե պիտի զինվորական դառնա, բայց շատ էր հետաքրքրվում մորեղբոր՝ զոհված ազատամարտիկ Վարդան Փրվեյանի մարտական ուղիով: 2013 թվականին ավարտեց ուսումը և միանգամից գործուղվեց առաջնագիծ, ստանձնեց հրաձգային դասակի հրամանատարությունը: Հետո մեկը մյուսի հետևից պատվոգրեր էր ուղարկում տուն: Բայց ծառայությունից չէր պատմում, հայրենասիրությունից չէր խոսում, միայն ասում էր՝ հպարտ է, որ դիրքերում է ծառայում: Ասում էր՝ հայրենիքն այստեղ է…

Տիկին Նազիկը լռում է, հուզվում, ապա և ավելացնում.

-Ես ուզում եմ, որ Գոռի մասին հիշելիս նրա զինվորներն ուժ առնեն, որ ավելի հաստատուն կանգնեն այն դիրքում, որտեղ նա է կանգնել, ամուր պահեն այն հողը, որ նրա համար կյանքից էլ թանկ էր:

Պատրաստեց Շ.ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Ազգային բանակ


24/12/2015