ԴԻՎԻԶԻՈՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Մեկնարկային լավագույն մարտկոցը
Փոխգնդապետ Հարություն Պետրոսյանը 1992թ. կարմիր դիպլոմով ավարտելով պետական ճարտարագիտական համալսարանը (նախկին պոլիտեխնիկ ինստիտուտը)՝ զորակոչվել է բանակ եւ նշանակվել դասակի հրամանատար։ 1999թ. նա զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատար է։ Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ Դիվիզիոնի ստորաբաժանումները, սպաներն ու զինվորները մի քանի անգամ մասնակցել են ԱՊՀ երկրների համատեղ զորավարժություններին ու աչքի ընկել բարձր մարտական պատրաստականությամբ։ Դիվիզիոնն այսօր էլ լավագույնն է ոչ միայն զորամասում, այլ նաեւ զորատեսակի համանման դիվիզիոնների շարքում։
Դիվիզիոնում փոխգնդապետ Հ. Պետրոսյանը ներկայացրեց ՀՕՊ զորքերի մրցույթում լավագույնը ճանաչված ղեկավարման մարտկոցի անդամներին։ Մարտկոցի հաշվարկներից մեկի հրամանատարը սերժանտ Արտյոմ Նամալյանն է։ Հաշվարկի համարներն են շարքայիններ Կոլյա Ղազարյանը, Արսեն Ղազարյանը, Գոռ Կիրակոսյանը եւ վարորդ Մեխակ Կատվալյանը։ Կապիտան Վ. Մանուչարյանի հրամանով հաշվարկը մեկնարկային կայանը նշված ուղղությամբ բերեց մարտական վիճակի։ Հաշվարկի ավագ համար շարքային Կոլյա Ղազարյանին հարցրինք, թե որքան ժամանակում են կատարում կայանի լիցքավորումը եւ լիցքաթափումը, նա պատասխանեց.
-Լիցքավորման նորմատիվային լավագույն ժամանակը 45 վայրկյանն է, մենք գործողությունը կատարում ենք 25-30 վայրկյանում, լիցքաթափման համար պահանջվում է 4 րոպե 20 վայրկյան, մենք կարողանում ենք լիցքաթափել երեք րոպեում։ Ընդհանրապես, երկու գործողության համար էլ կարեւորվում է վարորդի վարպետությունը, եթե նա հետընթաց շարժումով մեքենան միանգամից ճիշտ տեղում կանգնեցնի, մենք այս երկու գործողությունն էլ շատ արագ կկատարենք։
Շարքայիններ Կոլյա եւ Արսեն Ղազարյաններն ասացին, որ հորեղբոր տղաներ են, զորակոչվել են միասին եւ արդեն ծառայել են մեկուկես տարի։
-Մեզ համար արդեն ոչ մի դժվարություն չկա, բարձր արդյունքներ ենք ցույց տալիս նաեւ մյուս առարկաներից՝ կրակայինից, ՀՊՊ-ից, շարային ու ֆիզպատրաստությունից,- ասաց Արսենը։
Սերժանտ Արտյոմ Նամալյանը ՀՕՊ ուսումնական զորամասից այստեղ է տեղափոխվել յոթ ամիս առաջ։
-Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղից եմ։ Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի ընդունվել ոստիկանական ակադեմիա, բայց չհաջողվեց, որոշեցի նախ զինվորական պարտքս կատարել։ Մասնագիտությունս հիմնականում սովորել եմ ուսումնական զորամասում, բայց այնտեղ գործնական պարապմունքները շատ չէին, ժամանակը չէր բավականացնում։ Այստեղ հնարավորություններն անսահմանափակ են։
Զրուցեցինք նաեւ սերժանտ Վոլոդյա Մինասյանի հաշվարկի զինվորների հետ։ Ինքը՝ սերժանտը, Այգեզարդ գյուղից է, բանակ է եկել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսից.
-Եթե քննությունների ժամանակ հաշվարկին մեկնարկային կայանը երթային վիճակի բերելու հրաման տրվի, կկարողանա՞ք այն հաջողությամբ կատարել,- հարցրի սերժանտ Մինասյանին։ Հարցս ոգեւորեց զինվորին։
-ՀՕՊ մրցումների ժամանակ առաջադրանքներից մեկն էլ հենց այդ էր,- ասաց նա,- մենք 32 րոպեում կատարեցինք խնդիրը, իսկ «գերազանց» գնահատականի համար նախատեսված է մեկ ժամ։ Առաջադրանքներից մեկն էլ կայանը երթայինից մարտական վիճակի բերելն էր, ինչը կատարեցինք 29 րոպեում, իսկ «գերազանցի» համար տրվում է 40 րոպե։
Այստեղ շատ էին ուսումը զինվորական ծառայության համար կիսատ թողած տղաները։ Օրինակ՝ Ռոման Ալոյանը` Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից, ասաց, որ զորակոչվել է իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսն ավարտելուց հետո, իսկ շարքային Հայկ Մինասյանը, որ վերջերս է ուսումնական զորամասից տեղափոխվել այստեղ ու նշանակվել արձակման կայանի հրամանատար, սովորում է Երեւանի պետական համալսարանի ակտուար մաթեմատիկայի ֆակուլտետում…
…Կատարելով մարտկոցի հրամանատարի հրամանը՝ վարորդ Մեխակ Կատվալյանը գործի դրեց հրթիռակիր մեքենան եւ մոտեցավ մեկնարկային կայանին։ Շարքայիններ Հայկազ Մակարյանը, Արթուր Գեւորգյանը, Վան Պետրոսյանը եւ Վահագն Փայտյանը գործողությունները հերթականությամբ բարձրաձայնելով՝ հրթիռները սահուն տեղափոխեցին կայանի վրա եւ ամրացրին։ Համոզվեցինք, որ հաշվարկը մարտունակ է, եւ մարտկոցն արժանիորեն է հաղթել մրցումներում։
Երկինքը խաղաղ է
Դիվիզիոնի հրամանատարական կետում հանդիպեցինք շտաբի պետ մայոր Ա. Ադիլխանյանին։ Նա առաջարկեց օդային իրավիճակի մասին զրուցել հերթապահության պետ Ավագ Առաքելյանի հետ։ Վերջինս պարզաբանեց, թե այդ պահին երկնքում ինչ ինքնաթիռներ կան։ Ավագ Առաքելյանը փորձառու զինվոր է։ Նա 2009թ. ավարտել է Հայկական պետական ճարտարագիտական համալսարանը եւ զորակոչվել ՀՕՊ ուսումնական զորամաս։ Մասնագիտությանը տիրապետում է լիովին եւ բոլոր հարցերում միշտ աջակցում է դիվիզիոնի սպայակազմին։
Տեխնիկայի նորացում
Մի խումբ զինծառայողներ՝ սպաներ եւ զինվորներ, զբաղված էին ալեհավաքի ապամոնտաժման աշխատանքներով։ Հայ մասնագետների կողմից պատրաստված նոր ալեհավաքն արդեն տեղ էր հասել։
-Հնի հետ համեմատած, մարտավարական տվյալները նույնն են, բայց նորն ունի մի շարք առավելություններ։ Այն ավելի հեշտ է տեղափոխել, տեղադրել, երթայինից մարտական եւ մարտականից երթային վիճակի բերել,- ասաց դիվիզիոնի հրամանատարը։ Ալեհավաքի փոխարինման աշխատանքները ղեկավարում էին մայոր Ս. Ստեփանյանը եւ մայոր Ա. Գասպարյանը։ Գործն առաջ էին տանում ռադիոտեխնիկական մարտկոցի բանիմաց զինվորները՝ շարքայիններ Ռաֆայել Պետրոսյանը, Տոնիկ Տոնոյանը, ալեհավաքային համակարգի մեխանիկ Նարեկ Մկրտչյանը, ձեռքի ուղեկցման օպերատոր շարքային Շահեն Առաքելյանը։ Ի դեպ, վերջինս, որ ՀՊՃՀ-ն ավարտելուց հետո հունիս ամսին է զորակոչվել բանակ, նախապատրաստվում էր զորացրման։ Զինակիցներն ասացին, որ ամուսնացած է եւ երկրորդ երեխան է ունեցել, այն էլ՝ տղա։
-Այդքանով վե՞րջ,- հարցրի նրան, իսկ նա լիաթոք ծիծաղելուց հետո ասաց.
-Եվս երկուսը կունենամ, բա ինչո՞ւ եմ զորացրվում…
Լավագույն էլեկտրամեխանիկը
Շարքային Արտաշես Մկրտչյանը դիվիզիոնի ավագ էլեկտրամեխանիկն է։
Նրան այստեղ շատ են հարգում, որովհետեւ հրաշալի անձնավորություն է, լավ ընկեր, բարեխիղճ ու պարտաճանաչ զինվոր։ Ծնվել է 1991թ. Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ եւ արդեն ծառայել է մեկուկես տարի։ Մասնագիտությունը սովորել է այստեղ։
-Ինձ կապիտան Սեւակ Աղեկյանն է սովորեցրել դիզելիստի մասնագիտությունը, այժմ ես էլ կարող եմ սովորեցնել ուրիշ զինվորների եւ ինձ փոխարինող պատրաստել,- ասաց Արտաշեսը։
Ասենք, որ Արտաշեսի հայրը՝ ազատամարտիկ Արսեն Մկրտչյանը, մեկն է այն նվիրյալներից, ովքեր Արցախի ազատագրման համար զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նա զոհվել է 1994թ. մարտ ամսին, Արցախի հարավային սահմանների պաշտպանական դիրքերում։ Հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։
-Մենք երկու եղբայր ենք։ Մեծը Արմենն է։ Նա ինձանից առաջ է զինվորական պարտքը կատարել։ Տանը խնդիրներ չկան, ապրում ենք ինչպես բոլորը, առայժմ ապագայի մասին չեմ մտածում, զորացրվելուց հետո կորոշեմ, թե ինչ եմ անելու։
Հետախուզման բաժանմունքում
Այստեղ հերթապահը շարքային Նարեկ Թագվորյանն էր.
-Գործընկերս՝ շարքային Սոս Գրիգորյանը, այսօր զորացրվեց, վաղը նրա փոխարեն ուրիշի կնշանակեն։ Այստեղ պատասխանատվությունը շատ մեծ է։ Ես բոլոր տվյալներն անմիջապես հաղորդում եմ հրամանատարական կետ։ Տարածաշրջանում ոչ մի թռիչք մեզ համար աննկատ չի մնում,- պարզաբանեց զինվորն իր աշխատանքը՝ մի պահ կտրվելով գործից։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան