Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Զորամասում ամփոփիչ և ավարտական քննություններ են։ Որոշում ենք չխանգարել քննական կարևոր գործընթացը, պարզապես շրջայց կատարել։ Ակումբի շենքի կողմից հնչող խրոխտ երաժշտությունը մեզ տանում է այդ ուղղությամբ։ Նվագախմբի տղաներն իրենց պարապմունքներն են անցկացնում, բոլորն էլ երաժշտական կրթություն ունեն, ավարտել են Կոմիտասի անվան կոնսերվատորիան, տարբեր երաժշտական ուսումնարաններ։

Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Հակոբ Գևորգյանը նշում է, որ իրենց ուժերով մշտապես կարողանում են բազմաբովանդակ և հագեցած դարձնել զինվորական առօրյան։ Շաբաթ և կիրակի օրերին զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խումբը հետաքրքիր միջոցառումներով է հանդես գալիս։ Անցկացվում են վիկտորինաներ, գրական երեկոներ։ Ակումբում կազմակերպվում են ստեղծագործող զինվորների աշխատանքների ցուցահանդեսներ։ Ամեն ամիս հայտարարվում է պատի թերթի մրցույթ։ Լավագույնները խրախուսվում են ազատարձակումով։

Ակումբի պետ, մայոր Արման Ադամյանը հավելում է.

«Ունենք նաեւ ռադիոհանգույց, որի միջոցով գիտահանրամատչելի հաղորդումներ ենք հեռարձակում, պարտադիր շնորհավորում ենք զինվորների ծննդյան օրերը։ Զինվորական առօրյան առավել բազմաբովանդակ դարձնելու նպատակով հրավիրում ենք գեղարվեստական խմբեր։ Վերջերս «Վեներա» մշակութային խումբը հանդես եկավ անձնակազմի առաջ։ Մեր զորամաս են այցելում նաև կցագրված դպրոցների աշակերտները, ծանոթանում են զինվորական առօրյային, իրենք էլ հենց մասնակից են դառնում մեր միջոցառումներին։ Դպրոցներում էլ մեր զինվորականները «Արիության» դասեր են անցկացնում»։

Այցելում ենք նաև գրադարան։ Ասում են` ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը` մարմնի։ Ուսումնական զորամասի քննություններից հետո սերժանտները համալրելու են մեր բանակի կրտսեր հրամանատարական կազմը։ Ու չափազանց կարևոր է, որ ֆիզիկական պատրաստվածությունից, մասնագիտական ունակություններից բացի, նաև կիրթ ու բազմակողմանի զարգացած լինեն։

-Հիմնականում գեղարվեստական գրքեր են կարդում, պատմական, մասնագիտական,- թվարկում է գրադարանավարուհի Սիլվա Գալստյանը,- բայց ամենաշատը Սևակ են նախընտրում։

Գրադարանը պարբերաբար համալրվում է։ Լինում են նաև նվիրատվություններ, հատկապես մանկավարժ ծնողներն են գրքեր նվիրում։ Ակումբի պետի, գրադարանի վարիչի և զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալի խմբագրությամբ թողարկվում է «Համազարկ» թերթը, որում ներառվում են տվյալ ամսվա հիշարժան օրերը, ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկություններ, լավագույն զինվորների մասին ակնարկներ։ Գրադարանում տեղի են ունենում նաև գրքի շնորհանդեսներ։

ԲՈՒԺԿԵՏՈՒՄ

Զինվորի առողջությունը պահպանելը բանակի կարևորագույն խնդիրներից է։ Այցելում ենք բուժկետ, որը չափազանց լուսավոր է ու բարեկարգ, միջանցքում գեղեցիկ ծաղիկներ են։ Բուժկետն ապահովված է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ունի էլեկտրասրտագրության սենյակ, ատամնաբուժարան, վիրակապարան, դեղատուն, հիվանդասենյակներ։ Բուժկետի պետ կապիտան Հասմիկ Մուշեղյանը նշում է, որ բոլոր զորակոչիկները զորամաս մտնելով՝ անխտիր ենթարկվում են բուժհետազոտության.

«Պետք է գոհունակությամբ շեշտեմ, որ նախազորակոչային պատվաստումների դրական ազդեցությունն ակնհայտ է` զգալիորեն նվազել է նորակոչիկների շրջանում հիվանդացությունների թիվը»։

Զորամասում համաճարակային վիճակը վերահսկելի է, ջուրը ամեն ամիս պարտադիր հետազոտվում է, ստուգվում է քլորացումը, մանրէաբանական հետազոտություն է կատարվում։

Ճաշարանում ևս անխտիր վերահսկվում է սննդի որակը, մաքրությունը, պարտադիր ստուգվում է ճաշարանում աշխատող անձնակազմը։ Մեր այցելության պահին բուժկետում հիվանդներ չկային։

ՃԱՇԱՐԱՆ

Բանակում զինվոր ունեցող ծնողին միշտ էլ մտահոգում է, թե ինչ սնունդ է մատուցվում իր զավակին։ Պարենային ծառայության պետ, մայոր Արթուր Ասատրյանը հավաստիացնում է.

-Սնունդն անհամեմատ լավացել է։ Ճաշացանկը բազմազան է, անընդհատ չի կրկնվում` շաբաթը չորս անգամ ձու, զանազան աղցաններ, միսն ամեն օր պարտադիր է, ձուկ…

-Իսկ ով ձուկ չի՞ սիրում,- ընդհատում եմ։

-Վարժվում է, սոխ էլ են ուտում, սխտոր էլ։ Դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով ձմռանը սննդի մեջ ավելացնում ենք սխտորի, սոխի չափաբաժինները։ Կերակրին հավելվում է C վիտամին։ Ձմռանը նաև մասուրով թեյ, մուրաբաներ ենք մատուցում։

-Շուտով Ամանոր է։ Ճաշացանկը կտարբերվի՞ մնացած սովորական օրերից։

-Ամանորին մեր սեղանները քիչ են տարբերվում տան սեղաններից` խնձոր, մանդարին, քաղցրավենիք, կոտլետ: Տոնական մյուս օրերին ճաշացանկը ևս տարբերվում է. Զատիկին ձու ենք տալիս սոխի կճեպով ներկված, չամիչով փլավ։

Զինվորի ծննդյան օրը ևս այստեղ չեն մոռանում։ Ճաշարանի մի անկյունում հատուկ սեղան կա` հոբելյարի համար է, սպասքն էլ սովորականից տարբերվում է։

Զինվորների հետ փոքրիկ հարցախույզ եմ անցկացնում, թե զինվորական որ ճաշատեսակն են ավելի նախընտրում։ Մարտունեցի Արտակ Սարգսյանը նախապատվությունը տալիս է կարտոֆիլի պյուրեին ու բորշին, Հակոբ Գևորգյանը` լոբով ճաշին, իսկ սպիտակցի Արտյոմ Զարգարյանը ավելի կարճ է պատասխանում` գոհ ենք։

♦♦♦

Զորամասում քննությունները ավարտվել են։ Քննություններից հետո ուսումնական զորամասի կուրսանտները կհամալրեն մեր բանակի կրտսեր հրամանատարական կազմը։ Խաղաղ և անփորձանք ծառայություն հայրենիքի բոլոր զինվորներին։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/12/2015