ԱՐՇԱԼՈՒՅՍ. ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
Կրասնոդարի երկրամասի Գորյաչիե Կլյուչի քաղաքում, Հավերժական
կրակի կողքին, վեր է խոյացել հայուհի Արշալույս Խանջյանի սխրանքը հավերժացնող հուշարձանը:
Թախծոտ, շագանակագույն աչքերով նիհարակազմ կինը՝ Արշալույս Խանջյանն իր կյանքի շուրջ կես դարը նվիրաբերել է իր իսկ ձեռքերում մահացած զինվորների գերեզմանների խնամքին: 1942 թվականին, հայտնվելով ռազմաճակատում, նա շաբաթներով խնամել է վիրավորներին, քաջալերել ջերմ խոսքերով: Այն ժամանակ էլ երդվել է՝ չթողնել մարտիկներին անգամ նրանց մահից հետո: Մերժել է ամուսնության առաջարկները, հրաժարվել բնակվել հարմարավետ բնակարանում:
Հերոսուհու մահվանից քիչ առաջ՝ 1997 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան ճանաչել է «Տարվա կին»: Այս տարվա դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գորյաչիե Կլյուչի քաղաքում վեր է խոյացել նրա հիշատակը հավերժացնող բրոնզե մի արձան՝ խոցված սաղավարտի մոտ նստած ալեհեր կին: Հուշարձանի համար 8 տարի գումար է հավաքել ամբողջ երկրամասը: «Վերադարձիր, դու դեռ պետք է շատ բարի գործեր կատարես»,- փորագրված է արձանի պատվանդանին:
Արշալույս Խանջյանը Մեծ եղեռնի ականատես է: Նրա հայրը կնոջ և 12 երեխաների հետ փրկվել է կոտորածներից եւ փախել Կուբան՝ ապաստան գտնելով Պոդնավիսլա ավանում: Հայկական այս մեծ ընտանիքն այստեղ ստանում է մի փոքրիկ հողակտոր, որը վերածում է խնձորուտի:
Արշալույս Խանջյանը ճշմարիտ հավատացյալ էր և հետևում էր Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատվիրաններին:
1942 թվականին ֆաշիստական զորքերը գրավում են ամբողջ Կրասնոդարի երկրամասը և պատրաստվում գրոհել Նովոռոսիյսկի վրա: Քաղաքի պաշտպանությունը հանձնարարվել է գնդապետ Բորիս Արշինցևի հրամանատարությամբ գործող 30-րդ Յակուտյան դիվիզիային: Վճռորոշ մարտերի ժամանակ Խանջյանների տուն են բերում վիրավորների, մյուս օրերին էլի և էլի: Տունը դառնում է բուժկետ, իսկ 28-ամյա Արշալույսը՝ ակամայից բուժքույր: Նա քաջալերում էր վիրավորներին, հույս տալիս, խոստանում ամուսնանալ նրանցից յուրաքանչյուրի հետ, միայն թե չհանձնվեն, ողջ մնան: Քանի՜ քանիսի համար նա դարձել էր վերջին հարսնացուն… Ռազմական այդ թոհուբոհի մեջ Արշալույսը երդվում է հավերժ մնալ մահացող մարտիկների հետ, չթողնել նրանց աճյունները: Եվ երդումը կատարում է…
-Մեղք է անտարբեր վիրավոր զինվորի կողքով անցնելը, մահացածի աչքերը չփակելը, – ասում էր Արշալույսը:
Պոդնավիսլա ավանում այսօր կան բազմաթիվ եղբայրական գերեզմաններ, որտեղ հավերժական քնով ննջում են շուրջ 550 մարտիկներ: Երբ ռազմաճակատը նահանջում է՝ Արշալույսը սկսում է խնամել նրանց գերեզմանները: Եվ միայն 1980-ականներին պետական կառույցներն իմանում են Արշալույսի և այդ գերեզմանների մասին: 55 տարի զրկանքներ կրելով՝ առանց ջրի և լույսի, առանց տարրական պայմանների նա մնացել է այստեղ՝ խնամելով գերեզմանները:
Նրա մասին իմանում են պատահաբար, երբ այդ տարածքներում սկսվում է ավտոճանապարհի կառուցումը: Եվ այդ վտիտ կինն ընդդիմանում է ճանապարհաշինարարներին՝ չթողնելով, որ ճանապարհ կառուցեն զինվորական գերեզմանոցի վրա: Տեղի չի տալիս սպառնալիքներին և ոչ էլ գայթակղվում է հարմարավետ բնակարան տեղափոխվելու առաջարկով: Գերեզմաններին մոտեցող շինարարական տեխնիկան 70-ամյա Արշալույսը դիմավորել ինքնաձիգը ձեռքին: Միայն այս արտառոց դեպքից հետո են շրջանային կոմիտեի պաշտոնյանների ուշադրության առկա դառնում եղբայրական գերեզմանները:
1998 թվականի փետրվարին Արշալույս Խանջյանին, որ երբևէ քաղաքում չէր ապրել, շնորհվում է Գորյաչիե Կլյուչիի պատվավոր քաղաքացու կոչում: Անձնուրաց հայուհին սակայն իր մահկանացուն կնքում է պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու վեցերորդ օրը՝ միանալով իր այն զինվորներին, որոնց հավատարմության երդում էր տվել: Իսկ նրա մահվան 40-րդ օրը Մոսկվայից տեղ է հասնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Տարվա կին» դիպլոմը:
Արշալույս Խանջյանին հավերժացնող արձանի հեղինակը Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Ժդանովն է: 500 կիլոգրամանոց հուշարձանը տեղ է գտել քաղաքի Հավերժական կրակի կողքին:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ