Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ



Դեկտեմբերին ավարտվում է 2013 թվականի աշնանը զորակոչված զինվորների ծառայության ժամկետը, և 2016 թվականը նրանք կդիմավորեն արդեն տանը՝ իրենց ընտանիքների հետ: Զորացրվողներից են նաև գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի մի խումբ զինվորներ: Ամանորից առաջ նրանք ևս միացել են իրենց ծառայակիցներին հասցեագրված շնորհավորանքներին և մաղթանքներին:

Զորացրվող զինվորներին հանդիպեցի զորամասի ակումբում: Շփոթված էին, կաշկանդված: Զրույցի ժամանակ հետզհետե «բացվեցին» և վերհիշեցին վերջին երկու տարվա բանակային կյանքը: Ամենից առաջ խոստովանեցին, որ արդեն հիմա շատ դժվարությունների մասին մոռացել են, ու անցած երկու տարվա ընթացքում իրենք փոխվել են, դարձել ավելի շրջահայաց, ավելի պատասխանատու: Կոփվել են և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես.

-Հասկացա, սովորեցի, որ հայրենիքի պաշտպանությունը նույնն է, ինչ քո հարազատների, քո ընտանիքի պաշտպանությունը, անվտանգության ապահովումը… Նորակոչիկներին խորհուրդ կտամ մինչև բանակ գալը քիչ ուշադրություն դարձնել կողմնակի՝ անտեղյակ կարծիքներին… Եկե՛լ ես ծառայության, համազգեստ ես հագել, ուրեմն քեզ պահիր զինվորի պես՝ տղամարդավարի: Զորամասը հանգստյան տուն չէ. սա պետք է իմանան բոլոր նորակոչիկները: Նման զինվորներին և՛ տղաներն են սիրում, և՛ հրամանատարները, և ծառայությունն է հեշտ անցնում: Ես շնորհակալ եմ բանակին, որ ինձ լավ ընկերներ պարգևեց, որոնք, համոզված եմ, ամբողջ կյանքի համար են: Մի տեսակ չենք հավատում, որ մեկ-երկու օրից իրարից կբաժանվենք և արդեն տխրել ենք…,- ասում է շարքային Մհեր Սիմոնյանը և բարձրաձայն ավելացնում. – սիրելի զինակից ընկեր, շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ կապույտ երկինք, անփորձանք ծառայություն, և որ փառք ու պատվով վերադառնաք հայրենի տուն:

Շարքային Նարեկ Բամյանը ևս շնորհակալությամբ է ավարտում ծառայությունը.

-Շնորհակալ եմ բանակին, որ ինձ իսկական տղամարդ դարձրեց: Ես հիմա ավելի ինքնավստահ եմ, ինքնուրույն ու ավելի ներող, հանդուրժող: Առաջ, երբ նոր էի բանակ եկել, վիրավորվում էի ամեն հասարակ բանից, երբ ինչ-որ բան էին ինձ հրամայում: Հիմա ծիծաղով եմ հիշում այդ օրերը: Այն ժամանակ ես բանակի էությունը չէի հասկանում: Զինվորն ինձ համար երկու տարով ստիպված համազգեստ հագած տղան էր, իսկ հիմա՝ հայրենիքի պաշտպանն է զինվորը: Իսկական զինվոր լինելը դժվար է, բայց ես ու իմ ընկերները փորձել ենք այդպիսին լինել: Դրա համար էլ թեև ուրախ ենք տուն գնալու համար, բայց և տխուր ենք. մի տեսակ սովորել էինք բանակային կյանքին, առօրյային… Ընտելացել էինք նաև հրամաններ կատարելուն, այսինքն՝ իսկական զինվոր էինք դարձել… Բոլոր զինվորներին՝ նոր ծառայող, հին ծառայող, մի բան եմ շատ ցանկանում՝ անփորձանք ծառայություն: Սա իմ ամենաանկեղծ մաղթանքն է:

Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն այս երկու տարիների ընթացքում, ինչպես ինքն է ասում, սովորեց լինել ավելի ինքնուրույն և պատասխանատու, որոշ հարցերում նաև ինքնավստահ: Նա իր խոսքն ուղղեց հատկապես զինվորների ծնողներին. -սիրելի՛ մայրեր, հարգելի՛ հայրեր, պապիկներ ու տատիկներ, ձեր զավակները քաջ են, ուժեղ… Դուք հպարտացեք ձեր զինվոր որդիներով… Ձեր զինվորը մենակ չէ, նա մի մեծ և ուժեղ բանակի օղակն է, բայց ամենակարևոր օղակը: Եթե դուք նրանով հպարտանաք, նա շատ ավելի լավ ու ավելի հանգիստ կծառայի… Դուք միայն աղոթեք, որ խաղաղություն լինի սահմանում… Մնացած դժվարությունները տղամարդու համար են, և ձեր որդիները հաղթահարում են տղամարդու պես…

Զինվորները հիմա արդեն գիտեն նաև, որ ծառայությունը միայն զենքով ու զորանոցով չի սահմանափակվում… Նրանցից շատերը անմոռաց հուշեր են տանելու այն շրջանից, տեղամասից, բնությունից, որտեղ ծառայել են, այն տեսարժան վայրերից, որտեղ այցելել են ամբողջ վաշտով՝ Գառնի, Արայի լեռ…

-Ես առաջին անգամ էի Արայի լեռ բարձրանում: Շատ տպավորվեցի: Մենք այնտեղ դրոշ բարձրացրինք, երգեցինք, նկարվեցինք,- հիշում է շարքային Խաչիկ Աբրահամյանը: Իսկ շարքային Նարեկ Մամյանը կհիշի զորամասի անձնակազմի մասնակցությունը Համահայկական 6-րդ խաղերի բացմանը:

Անկեղծ զրույցի ժամանակ զինվորները նաև զավեշտալի, անհեթեթ ու ծիծաղելի շատ պատմություններ հիշեցին: Նրանք դեռ զրուցում էին, երբ սենյակից դուրս էի գալիս… Նրանք դեռ շատ դեպքեր և պատմություններ կհիշեն, բայց արդեն քաղաքացիական կյանքում և ամբողջ կյանքի համար:

Բ. ԱԹԱՆԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ


29/12/2015