Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՎ



Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ
փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր

Օրերս զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի՝ Ռուսաստանի ադրբեջանական սփյուռքին ուղղված հայտարարությունը: Այն ստորագրված է տարածքային 30-ից ավելի սփյուռքյան կազմակերպությունների նախագահների, ինչպես նաև ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի մեկ անդամի կողմից:

Հիշյալ հայտարարության ի հայտ գալու պատճառը Պետդումա ներկայացված հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծն էր:

Վերջերս հրապարակված իր հոդվածում՝ «Նոր հարված թիկունքին. Իլհամ Ալիևը որոշել է իր ուժը ցուցադրել Կրեմլին», թալիշական շարժման առաջնորդներից՝ Ֆախրադդին Աբոսզոդան ուշադրություն է դարձրել հիշյալ հայտարարության մի շատ կարևոր՝ ուղղակի վերջնագիր հիշեցնող կետի վրա: Ահա թե ինչ են գրել հայտարարության հեղինակները. «Եթե անգամ ընդունվի այդ օրինագիծը, մենք և մեր համախոհները շարունակելու ենք հրապարակավ ժխտել «հայերի ցեղասպանությունը» և այն վիճարկելու ենք մարդու իրավունքների միջազգային ատյաններում»:

Իրոք, նման է շանտաժի: Մեր մեջ ասած՝ Ռուսաստանին շանտաժի ենթարկելը, ինչպես ասում են, թանկ կնստի: Ըստ երևույթին, նման հայտարարություն տարածելով, Ռուսաստանի ադրբեջանական սփյուռքն այս մասին չի էլ մտածել, բայց դա արդեն մեր խնդիրը չէ: Մեզ համար կարևոր է այս գործի իրավական կողմը: Հուսով եմ, որ հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքը շուտով կընդունվի, և այն կդառնա ՌԴ քրեական օրենսգրքի անբաժանելի մասը: Հիմա ենթադրենք, որ ինչ-որ մեկը (անկախ ազգային պատկանելությունից) իրեն թույլ է տվել և հրապարակորեն ժխտել է Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ է նրան սպասվում: Քրեակա՛ն պատասխանատվություն՝ հանցագործություն կատարելու համար: Ընդ որում, այն տեսակետը, թե նա ընդամենը իր տեսակետն է արտահայտել, ոչ մի նշանակություն չի ունենա: Եթե նա հայերի ցեղասպանությունը ժխտել է տանը՝ իր խոհանոցում, այդ դեպքում դրա իրավունքն ունի: Եվ եթե նա իր դիրքորոշումը հրապարակավ բարձրաձայնի, ապա անմիջապես պատասխանատվության կենթարկվի ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Չարժե՛ սա մոռանալ: Ավելին, կցանկանայի հիշեցնել, որ համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ռուսաստանի սահմաններից դուրս կատարված հանցագործության համար անձը քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե տվյալ անձը հիշյալ հանցագործության համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել արտասահմանյան երկրի դատարանի կողմից: Պարզ ասած՝ Ռուսաստանի այն քաղաքացին, որ անգամ արտասահմանում է իրեն թույլ տվել հրապարակայնորեն ժխտելու Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է իմանա, որ Ռուսաստան ոտք դնելուն պես քրեական պատասխանատվության կենթարկվի:

Իսկ ի՞նչ է սպասվում օտարերկրյա քաղաքացուն, եթե նա ՌԴ սահմաններում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Արդյոք նա կենթարկվի՞ քրեական պատասխանատվության: Այո՛: ՌԴ քր.օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասով հստակ նշված է, որ ՌԴ տարածքում քրեական հանցագործություն կատարած անձը պատասխանատվության կենթարկվի հիշյալ օրենքով: Հիշեցնենք, որ անձ ասելով՝ նկատի է առնվում ինչպես ՌԴ քաղաքացի, այնպես էլ օտարերկրացի ու անգամ քաղաքացիություն չունեցողը: Այնպես որ, չի հաջողվի խուսափել՝ օտարերկրյա քաղաքացի լինելու վրա հույս դնելով:

Հետեւաբար, պետք է Ռուսաստանում բնակվող բոլոր քաղաքացիներին, անկախ ազգային պատկանելությունից, կոչ անել ենթարկվելու ռուսաստանյան օրենքներին:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Տարածաշրջան


29/12/2015