Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ



ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը ծավալուն եւ բազմակողմանի աշխատանքով մշտապես նպաստում է բանակ-հասարակություն արդյունավետ փոխգործակցությանը: Տարեցտարի ավելի շոշափելի է դառնում հասարակական խորհրդի մասնակցությունը զորակոչի գործընթացին, որի խոսուն ցուցանիշներից մեկն էլ վերջին երեք տարիներին հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովին հասցեագրված դիմումների թվի հնգապատիկ ավելացումն է: Քննարկված 1340 դիմում բողոքների առնչությամբ զորակոչային մարմիններին ներկայացվել են 876 միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 211 որոշումներ: Բավարարվել է նաեւ զորակոչիկների ընտանեկան հանգամանքներից բխող եւ իրավական հարցերին առնչվող 34 դիմում-բողոք:

Դեկտեմբերի 16-ին մեկնարկեց 2015թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների ու բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը: Հանրապետության տարբեր մարզերից տարբեր մտահոգություններով ու բողոքներով հանձնաժողովին են դիմել զորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Հանձնաժողովի անդամները առանց խտրականության մանրամասնորեն քննարկում են բոլոր դիմում-բողոքները, եւ եթե իրապես մտահոգության հիմքեր կան, հանդես են գալիս համապատասխան միջնորդագրով: Երբեմն դիմում-բողոքները առանց իրավական հիմնավորման են` կազմված զուտ էմոցիոնալ հողի վրա` զգայական դաշտում: Այդժամ հանձնաժողովը հնարավորինս մատչելի բացատրում, պարզաբանում է որոշման հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում էլ, հանգամանքներից ելնելով, միջնորդում:

Օրինակ` ազատամարտիկ, կինոռեժիսոր եւ սցենարիստ Խաչատուր Մարգարյանը խնդրում է, հաշվի առնելով իր ակտիվ մասնակցությունը Արցախյան ազատամարտին եւ բանակի կայացման գործին, միջնորդել, որ որդին ծառայի բնակավայրին մոտ տեղակայված զորամասում: Նմանատիպ դիմումով Արագածոտնի մարզից հանձնաժողովին է դիմել նաեւ Գոհար Սուքիասյանը: Նրա որդին ընտանիքի միակ զավակն է, ինքը` վատառողջ: Հանձնաժողովը միջնորդագիր է հասցեագրում ԶՈՒ ԳՇ պետին` ընդառաջելու դիմողի խնդրանքին՝ նկատի առնելով վերջինիս առողջական ծանր վիճակը (կինն ունի մեկ երիկամ՝ քրոնիկ բորբոքված, զարկերակային հիպերտենզիա, ողնաշարի եւ սրտանոթային համակարգի արտահայտված հիվանդություններ, վահանաձեւ գեղձն ամբողջությամբ հեռացված է, մշտապես ընդունում է կոմպենսացնող դեղորայք): Հանձնաժողովի սրտացավ վերաբերմունքից զգացված` զորակոչիկի մայրը գոհունակության ջերմ խոսքերով է հեռանում` ակնկալելով, որ նման բարյացակամ վերաբերմունքի կհանդիպի նաեւ մյուս օղակներում: Հաջորդ դիմումատուն Արարատի մարզի բնակիչ Հերմինե Մկրտչյանն է. որդուն` Մնացական Մկրտչյանին 2015թ. ամառային զորակոչին արտահայտված ուրտիկար դերմոգրաֆիզմի պատճառով 5 ամիս ժամկետով տարկետում էր տրվել: Ընթացիկ զորակոչին հետազոտվել է թիվ 1 համալսարանական կլինիկայում, ախտորոշվել է «խոլիներգիկ եղնջացան»: Ճանաչվել է զինծառայությանը պիտանի` սահմանափակումով: Դիմողը նշում է, որ որդու մոտ առկա է խիստ արտահայտված ալերգիկ հիվանդություն` մաշկի ցանավորում, տենդային քոր: Որպես ալերգեններ նշում է սնունդը, հագուստը, եղանակը, քրտնարտադրությունը, քիմիական նյութերը: Խնդրում է կատարել մանրակրկիտ բուժհետազոտում: Հանձնաժողովը միջնորդում է ՀՀ զինկոմին՝ կատարելու կրկնակի ալերգոլոգիական հետազոտություն եւ փորձաքննություն:

Առողջական խնդիրներով դիմումները ճնշող մեծամասնություն են կազմում: Ծնողներից շատերը շեշտում են, որ դեմ չեն, որ իրենց որդին ծառայի, միայն թե` բուժվելուց հետո: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը ցավով է նկատում, որ ծնողներից ոմանք զավակների առողջական խնդիրների մասին հիմնականում բարձրաձայնում են զորակոչի ժամանակ եւ տրամադրված տարկետումների ժամանակահատվածը հաճախ չեն օգտագործում նպատակային եւ արդյունավետ: «Ծնողը պետք է գիտակցի, հասկանա, որ այստեղ միայն բանակ գնալ-չգնալու հարցը չէ, այլ նաեւ իրենց զավակի առողջության, որի համար պետությունը նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդներին անվճար բուժվելու հնարավորություն է տվել»:

Սպասասրահում ծնողները մտահոգ, անհանգիստ սպասում են իրենց հերթին: Հանձնաժողովը չի զլանում, մանրամասն պարզաբանում է, կարդում պաշտպանության նախարարի N410 հրամանի համապատասխան հոդվածի կետերը, բացատրում հնարավորինս մատչելի, որպեսզի ծնողն ու զինակոչիկը համոզված եւ վստահ լինեն, որ իրենց իրավունքներն ու շահերը չեն ոտնահարվել:

Ակնհայտ է, որ հանձնաժողովը զորակոչից զորակոչ ավելի մեծ վստահություն է ձեռք բերում հանրության շրջանում: «Վստահությունը, ինչ խոսք, պարտավորեցնում է,- նշում է Գեղամ Հարությունյանը:- Պետք է ամբողջովին խորամուխ լինել դիմում-բողոքների էության մեջ, մանրակրկիտ ուսումնասիրել-վերլուծել հանգամանքները, որպեսզի կարողանանք ճիշտ եւ արդարացի մոտեցում ցուցաբերել»:

Առաջին օրն արդեն իսկ 45 դիմում-բողոք կար: Քաղաքացիների դիմումների եւ բողոքների շուրջ քննարկման իր աշխատանքը հանձնաժողովը կշարունակի մինչեւ հունվարի 25-ը: Հանձնաժողովի գործելակերպը թափանցիկ է, բաց լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների համար:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/12/2015