ՀԱՅՐԱԿԱՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ
Սիրով ու ջերմորեն շնորհավորում ենք հայոց բանակի բոլոր զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ։
Ձեզանից յուրաքանչյուրը խորապես գիտակցում է, որ բանակը երկրի եւ ժողովրդի պաշտպանության հույսն է, եւ որքան կատարելության հասած լինի զինվորի, սերժանտի, սպայի ռազմական պատրաստվածությունը՝ այնքան հզոր կլինի ամբողջ բանակը։ Այդ հզորությունից է, որ դարավոր թշնամին զսպում է իր ագրեսիվ նկրտումները։
Պատերազմի եւ բանակում երկարատեւ ծառայելու փորձից վետերանները գիտեն, որ բանակի հզորությունը հիմնվում է ամուր գիտակցության, կարգապահության եւ մարտական ընկերության վրա։ Մերժելի պետք է համարվեն ծառայության ամեն մի փոքր թերացման, անկարգապահության, առավել եւս՝ հանցագործության դրսեւորումները։
Բանակում ծառայության մեջ հայ մարդը վաղուց ունեցել է իր առանձնահատկությունը։ Դեռ հին ժամանակներից նկատվել է, որ հայը կռվում է աննահանջ եւ սխրագործում։ Հայ զինվորի այդ բարձր հատկանիշները նկատվել ու գնահատվել են շատ հայտնի զորապետների կողմից։
Մնացեք այդ բարձունքին։
Ձեր մարտական պատրաստվածությունը եւ ծառայության խնդիրները նվիրումով կատարելու հատկանիշները Հայաստան¬հայրենիքին պետք են այժմ՝ նրա անկախությունը հաստատապես պաշտպանելու համար։
Հայ զինվոր, ավագ սերունդը հավատում է քեզ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Բանակ և հասարակություն