Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ



Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2015 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր մեր բանակի` հատկապես մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական պետական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում թշնամու կողմից իրականացված նենգ ու ստոր գործողությունները: Բայց նշենք նաև, որ այդ լարվածությունը մեր մարտիկներին միաժամանակ փորձառություն բերեց և, ընդհանուր առմամբ, նրանք ավելի ուժեղ ու համարձակ դարձան:

Կարևոր էր, որ անցնող տարում ևս կարողացանք սաստել հակառակորդին և խաղաղություն պարտադրել նրան: Դա, իհարկե, արվեց բոլորիս կողմից ներդրված ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաև զոհերի գնով:

1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ, հակառակորդը կիրառեց տանկեր և հրթիռահրետանային կայանք` հարվածներ հասցնելով ոչ միայն առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլև նրանց թիկունքում գտնվող ստորաբաժանումներին և խաղաղ բնակավայրերին: Ամենացավալին, իհարկե, մարդկային կորուստներն էին:

Նորից խորապես վշտակցելով բոլոր զոհվածների հարազատներին, առաջին հերթին նրանց Ամանորն եմ շնորհավորում և ցանկանում համբերություն ու տոկունություն:

Խոսելով թշնամական գործողությունների ու դրանց հետևանքների մասին, ուզում եմ զինված ուժերի անձնակազմին ուղղված իմ այս ամանորյա ուղերձում շնորհակալություն հայտնել և տոնի կապակցությամբ առանձնակի շնորհավորել առաջնագծում ծառայող, երկրի անդորրը պահպանող զինծառայողներին: Նրանք ողջ տարվա ընթացքում գիշերուզօր հսկել ու անառիկ են պահել ՀՀ և ԼՂՀ սահմանները, կանխել են թշնամու կողմից կատարվող յուրաքանչյուր սադրանք, իրականացրել են պատժիչ գործողություններ: Ուզում եմ հատուկ նշել, որ մեր պատասխան քայլերը ոչ թե պարզապես համարժեք գործողություններ են եղել, այլ ամեն անգամ թշնամուն հասցվել է ավելի մեծ վնաս թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով: Մեր կողմից, նման բոլոր դեպքերում, պատժիչ գործողությունները շարունակվելու են:

2015թ. զինված ուժերում հայտարարված էր մարտական կարողությունների զարգացման տարի: Մենք մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ չունենք քանակով և նյութական միջոցներով գերազանցող հակառակորդին հաղթելու համար: Ուրեմն, պետք է շեշտը դնենք մարտունակության բարձրացման, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարման վրա: Պատմությունից գիտենք, որ շատ դեպքերում քանակն այնքան էլ մեծ նշանակություն չի ունենում: Բազմաթիվ են փաստերը, երբ փոքրաթիվ բանակները հաղթել են շատ անգամ ավելի մեծ բանակներին: Դրա փայլուն օրինակը նաև մենք ցույց տվեցինք Արցախյան ազատամարտում:

Որոշակի քանակ ունեցող բանակի ուժը կարող է ավելի կամ պակաս լինել` կախված նրա մարտական կարողություններից: Հաղթում է այն բանակը, որն ավելի լավ է պատրաստված, որտեղ բարձր է զինվորական կարգապահությունն ու մարտական ոգին, որի սպաներն ու զինվորները հմտորեն տիրապետում են ռազմական տեխնիկային, կարողանում են ռազմարվեստի մեջ նոր, արդյունավետ ձևեր ու մեթոդներ կիրառել, բարդ իրադրություններում, առանց խուճապի ճիշտ որոշումներ կայացնել:

Ամփոփելով տարին, վստահաբար կարող ենք ասել, որ Հայոց բանակում մարտական կարողությունների վերը նշված բոլոր ոլորտներում տեսանելի հաջողություններ կան:

Արձանագրենք նաև, որ 2015 թվականին հետևողական աշխատանքներ են կատարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, զորամասերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծման, փողոցային բարքերի վերացման, բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման ուղղությամբ:

Մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներից 2015թ.-ն առանձնացավ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությամբ: Առաջին անգամ նման ծավալով մի զորավարժություն անցկացվեց, որն իր մեջ ընդգրկում էր պետության գրեթե բոլոր կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմականին մոտ իրավիճակում:

2015 թվականին Հայաստանի տարածքում, նույնպես առաջին անգամ, անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը: Ոչ միայն 2015թ.-ին, այլև նախորդ տարիներին ՀՀ զինված ուժերը մեծ փորձ ու հեղինակություն ձեռք բերեցին միջազգային խաղաղապահպանության բնագավառում: Դա է հիմք հանդիսացել, որ Հայաստանի խաղաղապահ բրիգադը մեծ վստահության է արժանանում ՄԱԿ-ի համապատասխան ոլորտը համակարգողների կողմից: Նրանք դիմել են մեզ՝ խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված ստորաբաժանումներ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Հարկ է նշել, որ այդպիսի վստահության շատ քիչ երկրներ են արժանացել: Այսինքն, մենք ոչ միայն այստեղ` մեր տարածաշրջանում ենք խաղաղություն ապահովում` այն պարտադրելով պատերազմելու լուրջ նպատակներ ունեցող թշնամի երկրին, այլև խաղաղություն ենք «արտահանում» աշխարհի մասշտաբով:

Ինչպես վերը նշված, այնպես էլ զինված ուժերում 2015թ. անցկացված ռազմավարական միջոցառումների, տարաբնույթ զորավարժությունների արդյունքները մեկ անգամ ևս հավաստում են, որ մեր բանակն ունի մարտունակության բարձր աստիճան: Մենք տեսնում ենք, որ տարեցտարի հզորանում են մեր զինված ուժերը, ամրապնդվում է երկրի, մեր ժողովրդի պաշտպանվածությունը:

Մեր բանակի մարտական պատրաստության մակարդակը, այո՛, բարձր է, սակայն վաղն այն կարող է մեզ չբավարարել, եթե այսօր հանգստանանք ունեցածով, չշարունակենք առաջ գնալ: 2016թ. հայտարարվել է «Հրամանատարական պատրաստության տարի»: ՀՀ զինված ուժերի ողջ հրամանատարական կազմին, այդ թվում կրտսեր հրամանատարությանը, կոչ եմ անում տարվա կարգախոսը դարձնել ծառայության գլխավոր ուղեցույց, շարունակել խորացնել ռազմական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, քրտնաջան աշխատանք տանել ողջ անձնակազմի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո, երբ նորից Ամանորը գա, երբ նորից շնորհավորական խոսքեր ասենք իրար, կարողանանք հպարտորեն խոսել նաև տարվա ընթացքում ձեռք բերած նոր հաջողությունների մասին:

Սիրելի՛ զինակիցներ, մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն է դրսևորում բանակի նկատմամբ: Ամանորյա խնջույքների ժամանակ բոլոր հայ ընտանիքներում պարտադիր մեծ ջերմությամբ ու հպարտությամբ կենաց է ասվում հայ զինվորի համար: Դա մեզ ոգևորում, ուժ ու եռանդ է տալիս: Ժողովուրդը, իրավամբ, Հայոց բանակը անպարտելի է համարում և, ընդհանրապես, մեծ հավատ ունի նրա նկատմամբ: Այդպես էլ պետք է լինի: Ոչ մեկը չպետք է կասկածի, որ եթե պատերազմ լինի, ինչը մենք չենք ցանկանում, ապա հաղթանակն անպայման մերն է լինելու:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, բարի, անփորձանք ծառայություն: Թող նոր տարվա յուրաքանչյուր օրն ուրախություն և երջանկություն բերի Ձեր ընտանիքներին:

Թող խաղաղություն լինի Հայոց աշխարհում:

ՅՈւ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎ
գեներալ-գնդապետ

 

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/12/2015