Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ



♦ Ադրբեջանի հաղթանակը նաեւ պարտություն է: Ինչո՞ւ:
♦ Ինչպե՞ս կարձագանքեն եվրոպացիներն Ալիեւի շռայլությանը:
♦ 2004թ. Ուկրաինայում «Եվրատեսիլին» հաջորդեց հեղափոխությունը:

Եւ այսպես, Ադրբեջանը «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը: Իհարկե, կարելի է ասել, որ դա անվերապահ հաղթանակ չէր, եւ Ադրբեջանի նավթադոլարները որոշակի դեր խաղացին այն նվաճելու գործում, մանավանդ որ նախադեպը կա. դեռ 1968թ. Իսպանիայի բռնապետ Ֆրանկոն իր երկրի վարկանիշը բարձրացնելու համար կազմակերպեց «Եվրատեսիլի» իսպանուհի մասնակից Մասիելի հաղթանակը: Իսպանացի չինովնիկներն այցելել էին մրցույթի մասնակից երկրներ եւ գնել ժյուրիի անդամների ձայները (այն ժամանակ ամեն երկրում ժյուրի կար՝ SMS-քվեարկության փոխարեն): Արդյունքում՝ բրիտանացի Քլիֆ Ռիչարդի «Congratulations» երգի փոխարեն հաղթեց իսպանուհին: Այս մասին հայտնի դարձավ ընդամենը 3 տարի առաջ, երբ իսպանական հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ ցուցադրեց այդ իրադարձությունների մասին:
Չի բացառվում, որ 40 տարի հետո էլ բացահայտվեն մեկ այլ բռնապետի՝ Իլհամ Ալիեւի հրամանով կատարված զեղծարարությունները: Բայց այսօր կարեւորը դա չէ. մրցույթի կանոնների համաձայն՝ եկող տարի «Եվրատեսիլը» կանցկացվի Բաքվում: Ի՞նչ է փոխվում դրանից:
«Եվրատեսիլում» Ադրբեջանի տարած հաղթանակն ունի քարոզչական, քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական եւ ներքաղաքական հետեւանքներ:
Հետեւանք առաջին՝ քարոզչական. աշխարհն իմացավ Ադրբեջանի մասին: 150 միլիոն մարդ ճանաչեց Ադրբեջան անունը: Այժմ Ադրբեջանը կարող է իր սուտն ավելի մեծ լսարանի հասցնել եւ ավելի մեծ հաջողությամբ: Սա, անշուշտ, Ադրբեջանի գլխավոր հաղթանակն է: Միեւնույն ժամանակ, այն ունի նաեւ ստվերոտ կողմ. Ադրբեջանին տրված ցանկացած բացասական գնահատական, Ադրբեջանում կատարված ցանկացած բացասական երեւույթի մասին տեղեկություն նույնպես հասնելու է այդ մեծ լսարանին: Ինչքան մեծ հնչեղություն ունի Ադրբեջանի հաջողությունը, նույնքան մեծ հնչեղություն կունենա նրա խայտառակությունը:
Հետեւանք երկրորդ՝ քաղաքական. ինչքան էլ ասեն, որ «Եվրատեսիլը» մշակութային միջոցառում է, այն միշտ քաղաքականացվում է, եւ քաղաքականացնողներից մեկն էլ Ադրբեջանն է: Մրցույթից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը «1news.az»-ին տված հարցազրույցում ասաց.
«Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցող մի շարք պետություններ, ցավոք, մեր կատարողներին նույնիսկ 2, 3 կամ 4 միավոր չտվեցին: Ամենայն հավանականությամբ, նրանք չկարողացան հաղթահարել իրենց նախանձը: Ցավոք, այնպիսի պետություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան, Դանիան, Բուլղարիան, մեր կատարողներին ոչ մի միավոր չտվեցին: Միգուցե կանխակալ վերաբերմունքը բացատրվում է Ադրբեջանի դինամիկ զարգացմամբ, նրա վարած անկախ քաղաքականությամբ: Մրցույթի հաջորդ օրը արեւմտյան թերթերում տպագրվեցին Ադրբեջանի մասին բացասական հոդվածներ, որոնցում «հաղթեց Ադրբեջանը» բառերն ասես զոռով էին արտաբերվում: Այդ հոդվածներում մեր երկիրը տարբեր առիթներով քննադատվում էր: Իսկ Հայաստանի նկատմամբ, ընդհակառակը, մեծ համակրանք դրսեւորվեց, այդ հանդեսները ափսոսում էին ու ցավում, որ նա եզրափակիչ դուրս չի եկել: Նման վերաբերմունքը հերթական անգամ ցույց տվեց նրանց իրական դեմքը»: Շարունակելով թեման՝ Մամեդովը հայտարարում է. «Նման հարցերը կարող են եւ պետք է ազդեն քաղաքական հարաբերությունների վրա»:
Մամեդովին դուր չեկած հոդվածներից մեկն էլ որպես խմբագրական տպագրեց գերմանական «Der Spiegel» թերթը: Հոդվածի վերնագիրն է «Կարո՞ղ է արդյոք «Եվրատեսիլը» շտկել Ադրբեջանի իմիջը»: «Հաջորդ «Եվրատեսիլը» կանցկացվի Ադրբեջանում, ինչի շնորհիվ երկիրը, որի մասին հաճախ մոռանում են, երկիրը, որի բախտը տնտեսական աճի առումով վերջին տարիներին բերել է՝ շնորհիվ բնական մեծ հարստությունների, կհայտնվի ուշադրության կենտրոնում, ինչպես եւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտի նրա ամոթալի թերությունները»,- գրում է գերմանական հանդեսը: Այն ուշադրություն է հրավիրում նաեւ Ադրբեջանում հարուստների եւ աղքատների կենսակերպի հակադրության վրա՝ նշելով, որ բնակչության 40%-ը ծայրահեղ աղքատ է, հատկապես երկրի ծայրամասերում:
«Բնական հարստություններից ստացված եկամուտի մեծ մասը հոսում է տարբեր կլանների եւ երկրի վերնախավի գրպանը»,- գրում է «Der Spiegel»-ը՝ հիշեցնելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վարկաբեկիչ զեկույցները Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Շաբաթաթերթն Ադրբեջանն անվանում է նաեւ «անշնորհք, դժվար գործընկեր», որի հետ Արեւմուտքը ստիպված է գործ ունենալ: «Միգուցե միջազգային լրացուցիչ ուշադրությունը կստիպի Ադրբեջանի իշխանություններին ավելի մեծ ազատություն տալ երկրում եւ ճնշում կիրագործի վարչակարգի վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ավելի լավ պահվածքի հարկադրելով,- գրում է թերթը:- Բայց միջոցառումը կարող է նաեւ վախեցնել ու խուճապի մատնել «Եվրատեսիլը», եթե կառավարությունը միջազգային ասպարեզում իր իմիջի բարելավմանն ուղղված քայլեր չձեռնարկի»:
Հետեւանք երրորդ՝ տնտեսական. Ադրբեջանում հույս ունեն, որ «Եվրատեսիլի» անցկացումը երկրին մեծ եկամուտ կբերի եւ կխթանի զբոսաշրջության զարգացումը: Եկող տարվա մայիսին այնտեղ ակնկալում են շուրջ 70 հազար զբոսաշրջիկի այցելություն: Ադրբեջանական մամուլը հրճվանքով նշում է, որ Դյուսելդորֆ քաղաքի եկամուտն այս տարի կազմեց 140 մլն եվրո՝ զբոսաշրջիկների եւ մրցույթի հեռարձակման բացառիկ իրավունքի շնորհիվ: Սակայն չպետք է մոռանալ նաեւ ծախսերի մասին, որոնք մեծ են եւ ոչ միշտ ու ոչ բոլոր երկրների համար ընդունելի: Գերմանիան՝ որպես հյուրընկալող երկիր, այս տարի ծախսել էր 47 մլն եվրո: 1960թ. Նիդերլանդները, որը նախորդ տարի հաղթել էր «Եվրատեսիլի» մրցույթում, ֆինանսական պատճառներով հրաժարվեց հյուրընկալել մրցույթի մասնակիցներին: Հետագայում նույն կերպ վարվեցին Ֆրանսիան՝ 1963թ., Լյուքսեմբուրգը՝ 1974թ., Իսրայելը՝ 1980թ.: Շվեդիան, որը 1975թ. հյուրընկալել էր մրցույթի մասնակիցներին, հաջորդ տարի ընդհանրապես հրաժարվեց մասնակցել Հաագայում անցկացվող «Եվրատեսիլին»՝ վախենալով, որ դարձյալ կհաղթի եւ ստիպված կլինի հաջորդ տարի նույնպես դառնալ հյուրընկալ պետություն (1974թ. Շվեդիային հաղթանակ էր բերել հանրահայտ «ABBA» խումբը, եւ մեծ էր հավանականությունը, որ այն կհաղթի նաեւ 1976թ.):
Անկասկած է, որ Ադրբեջանը եկող տարի կծախսի շատ ավելի, քան Գերմանիան. Ալիեւի սնապարծությունն ու սեփական գրպանը լցնելու հրաշալի առիթը (մրցույթի կազմկոմիտեի նախագահ է նշանակված ոչ այլ ոք, եթե ոչ իր կինը՝ Մեհրիբան Ալիեւան, որին անմիջականորեն ենթարկվելու է նախարարների համարյա կեսը) դրան այլընտրանք չի թողնում: Եւ եթե քաղաքական ու տնտեսական պատճառներով զբոսաշրջիկների քանակն էլ ակնկալվածից քիչ լինի (1969թ. Ավստրիան, օրինակ, չմասնակցեց «Եվրատեսիլին», քանի որ չցանկացավ իր կատարողին ուղարկել բռնապետական ռեժիմով երկիր՝ Իսպանիա), ապա Ադրբեջանը մրցույթից դուրս կգա տնտեսական վնասով: Բացի դրանից, խնայողության սովոր եվրոպացիներն անմիջապես կնկատեն այն անիմաստ ճոխությունն ու շռայլությունը, որն անխուսափելիորեն կդրսեւորեն ադրբեջանցիները մրցույթը կազմակերպելիս: Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող սոցիալական անհավասարությունը, կոռուպցիան ու հակաժողովրդավարությունը՝ կարելի է վստահ լինել, որ այդ ճոխությունը հարվածելու է Ադրբեջանի իմիջին:
Հետեւանք չորրորդ՝ ռազմաքաղաքական. առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը ստիպված է լինելու կտրուկ չափավորել իր ռազմատենչ հռետորությունը եւ պատերազմի մոտալուտ վերսկսման մասին սպառնալիքները, որպեսզի աշխարհին ներկայանա որպես կայուն եւ ապահով պետություն եւ չխրտնեցնի պոտենցիալ զբոսաշրջիկներին: Իր համար «խաղաղասեր» պետության իմիջ ստեղծելուց հետո Ադրբեջանի համար ավելի դժվար է լինելու վերսկսել ռազմատենչ հռետորությունը: Կարելի է վստահաբար ասել, որ դրա համար նա ստիպված է լինելու դիմել հրեշավոր սադրանքների, ինչպիսին, օրինակ, հայերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին ապատեղեկատվությունն էր: Մյուս կողմից, մեկ տարվա «հանգստությունից» հետո ադրբեջանական հասարակությունը դժգոհությամբ է ընդունելու ռազմատենչ հռետորության վերսկսումը:
Հետեւանք հինգերորդ՝ ներքաղաքական. առաջիկա մեկ տարում Ադրբեջանի ժողովուրդը, իր նախագահի նման համակված լինելով ազգային սնապարծությամբ, կհամախմբվի նրա շուրջ: Եկող տարվա շոուով Եվրոպային զարմացնելու մոլուցքը կդառնա ազգային համերաշխության գաղափար, եւ Ալիեւի իշխանությունը կամրապնդվի:
Մյուս կողմից, ընդդիմությանը ճնշելու իր գործողություններում իշխանությունը կդառնա ավելի կաշկանդված: Ընդդիմությունը կարող է օգտվել դրանից՝ նախաձեռնելով բողոքի գործողություններ:
Իսկ ահա եկող տարի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Տասնյակ հազարավոր ազատ մարդկանց՝ եվրոպացիների այցելությունն Ադրբեջան խեղճուկրակ ադրբեջանցիների առաջ ի ցույց կդնի մի կենսակերպ, որի մասին նրանք նույնիսկ երազել չեն կարող: Աչքի զարնող կդառնա Եվրոպայի եւ Ադրբեջանի հակադրությունը, ինչը կուժեղացնի Ադրբեջանում նույնպես իրավիճակը փոխելու ցանկությունը: Իր հերթին, ընդդիմությունը միանգամից կստանա «դրսի» մեծ աջակցությունը: Եւ եթե հաշվի առնենք, որ Բաքվում «Եվրատեսիլի» անցկացմանը հաջորդող տարին՝ 2013 թվականին Ադրբեջանում արդեն նախագահական ընտրություն է լինելու, ապա իրավիճակից կփորձի քաղաքական դիվիդենտներ քաղել ոչ միայն Ալիեւը, այլեւ ընդդիմությունը: Ի վերջո հիշենք, որ 2004թ. «Եվրատեսիլի» մրցույթն անցկացվեց Ուկրաինայում, իսկ նույն թվականի աշնանը այդ երկրում տեղի ունեցավ «նարնջագույն հեղափոխություն», որի «Ռազոմ նաս բոգատո» հիմնը՝ «Գրինջոլի» խմբի կատարմամբ, հաջորդ տարի նույնիսկ դարձավ «Եվրատեսիլում» Ուկրաինայի երգը (կազմակերպիչների պահանջով, ճիշտ է, երգի բառերը փոխվեցին): Դե, իսկ 1974թ. Պորտուգալիայում «Եվրատեսիլի» պորտուգալացի մասնակցի «E depois do adeus» («Խաչ՝ ձեր կրծքին») երգի ռադիոյով հեռարձակումը դարձավ գաղտնի ազդանշան՝ բռնապետության տապալմանն ուղղված «մեխակների հեղափոխությունը» սկսելու համար:
Այլ կերպ ասած՝ «Եվրատեսիլը»՝ որպես արեւմտյան հետարդիական մշակութային երեւույթ, անհրաժեշտաբար կրում է հեղափոխական շունչ, որը լիովին խորթ է ադրբեջանական միջավայրին: Կարելի է ասել նույնիսկ, որ Ալիեւը ռիսկի է դիմում՝ մրցույթն իր երկրում կազմակերպելով:
Դե, իսկ մենք առաջիկա մեկ տարում պետք է շեշտենք միայն երկու բան՝ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սպառնալիքը, որը ելնում է Ադրբեջանից, եւ մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերն այդ երկրում:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


01/06/2011