Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ



Հայոց բանակի հաղթանակների ամիսն է մայիսը, եւ այդ հաղթանակների ամենափայլուն էջերը մեր նորագույն պատմության շրջանում կերտվել են ղարաբաղյան պատերազմում: Հենց այս հաղթանակներով էր ոգեշնչված «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպության հերթական այցն Արցախ: Այցելության սկզբնակետը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի (Լաչին) Ներքին Սուս գյուղի դպրոցն էր, որը 2002 թվականից ի վեր կրում է ազատամարտիկ Սերոբ Հանեյանի անունը: Դպրոցին նվիրաբերվեցին գրքեր ու քարտեզներ: Հաջորդ կանգառը մայրաքաղաք Ստեփանակերտն էր, որտեղ նրանց դիմավորեց պաշտպանության բանակի փոխգնդապետ Կ. Համբարձումյանը:
Նրա ուղեկցությամբ կազմակերպության անդամները եղան ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր շտաբում, հանդիպեցին ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հետ: Մտերմիկ ու ջերմ զրույցի ընթացքում գեներալ-մայորը նշեց, որ Հայոց աշխարհի անվտանգության ամենամեծ գրավականը հայոց բանակն է: Նա շեշտեց, որ հարաբերական խաղաղության այս պայմաններում, երբ թշնամին պարտված կողմ լինելով, ամեն րոպե ապատեղեկատվություն է տարածում, նման այցելությունները խիստ անհրաժեշտ են:
Կազմակերպության անդամներն այցելեցին Ստեփանակերտում գործող զոհված ազատամարտիկներին նվիրված թանգարան, այնուհետեւ` Համազասպ Բաբաջանյանի անվան զորամաս, հանդիպում ունեցան զինվորների եւ հրամանատարական կազմի հետ: Տպավորիչ էին զորամասում գործող կարգուկանոնը, զորանոցային բարեկարգ պայմանները: Հանդիպման ընթացքում զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Լ. Ասրյանը շնորհակալություն հայտնելով այցելության համար` նշեց, որ «Կարոտի կանչի» այցելությունը շատ պարտավորեցնող է, եւ որ իրենք պատրաստ են պատվով շարունակելու իրենց զոհված ընկերների ու զինվորների գործը՝ կատարելու իրենց պարտքը հայրենիքի առաջ:
Կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը զինվորների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ դեպի հաղթանակ տանող ճանապարհին մարտնչած զինվորի համար մշտապես աղոթող հայ մայրն այսօր էլ խաղաղության պայմաններում դարձյալ զինվորի կողքին է` այս անգամ աղոթք հղելով առ Աստված Հայոց աշխարհի հարատեւ խաղաղության համար:
Կազմակերպության անդամները եղան նաեւ Արցախի հրաշալիք Գանձասարի վանքում, վայելեցին հայ գյուղացու հյուրընկալությունը, այցելեցին վերածնվող Շուշի:

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Բանակ և հասարակություն


01/06/2011