ԱՐԾԻՎՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Արցախի Մարտունու շրջանի հինավուրց գյուղերից է ծննդավայրս՝ Խերխանը, Ծծքար լեռան փեշերին ծվարած։ Չորս կողմը լեռներ են, կուսական անտառներ։ Ծծքար լեռան կատարից նայելիս սքանչելի տեսարաններ են բացվում։ Լեռան անվան հետ կապված լեգենդներ են հյուսվել, որ շուրթից շուրթ են անցնում։ Դաժան կին է եղել սկեսուրը։ Հեզ ու խոնարհ հարսն այլեւս չի կարողացել դիմանալ նրա հալածանքին: Մի օր էլ առավոտ կանուխ դուրս է եկել տնից, բռնել դեպի լեռը տանող արահետը։ Երբ հասել է կատարը լեռան, մի վերջին անգամ նայել է գյուղին, հետո ծունկի իջել, աղոթել Աստծուն, որ իրեն ազատի տառապանքներից. «Քար դարձրու մարմինս, Տեր իմ, միայն ստինքներս թող, որ մանկիկս չզրկվի կենարար աղբյուրից»։ Լեռան վիմափոր անձավի պատին հիմա էլ պահպանվում են ջահել հարսի քարե ստինքները։
Ազատամարտի տարիներին քարանձավը ապաստարան էր դարձել։ Սաֆոնովյան ռեժիմի օրերն էին։ Շրջանի գյուղերում հաճախ էին կատարվում խուզարկություններ՝ հայ «ծայրահեղականներին» հայտնաբերելու ու ձերբակալելու համար։ Սաֆոնովյան հանձնակատարները եկան նաեւ Խերխան։ Բարեբախտաբար, չհաջողվեց հայտնաբերել տղաներին, նրանց թաքցրել էին քարանձավում։
Ճանապարհի կպչուն կավահողը դժվար էր դարձնում առաջ շարժվելը։ Վերջին ոլորանի վրա մեքենան թեթեւակի ցնցվեց ու կանգ առավ։ Ստիպված էինք ոտքով բարձրանալ։ Մի տարի է՝ չէի եղել գյուղում, ու ամեն մի կանչից նվաղում էր սիրտս։ Ապրիլյան առավոտը հող ու ծաղկի բույրերով էր հագեցած։
20 տարի առաջ տագնապով էին բացվում իմ հայրենի գյուղի ապրիլյան առավոտները, պատերա՜զմ էր… Գյուղում միայն ծերերն էին մնացել, կանայք ու երեխաները։ Զենք բռնելու ընդունակ տղամարդիկ, ինչպես նաեւ 15-16 տարեկան պատանիները, սահմանապահներ էին, հերթապահում էին դիրքերում։ Շահեն Փարամազյանի հիշողություններում շատ բան է պահպանվել պատերազմի օրերի առօրյայի, խերխանցիների քաջագործությունների մասին։ Գյուղի իմաստուն այրերից է 85-ամյա Շահեն պապը։ Նրան հանդիպեցի իրենց տան բակում, կանաչ թթենու տակ, կոճղին նստած երգում էր կամաց. ֆիդայական հին երգ էր՝ ոգեշնչման պահեր պարգեւող։ Հոգիդ ջերմանում է կենսափիլիսոփայությամբ ներծծված նրա տաք զրույցներից։
1993-ին թեժ մարտեր էին ընթանում Ֆիզուլու շրջանի Վերին եւ Ներքին Դիլաղարդա գյուղերի համար, որոնց մասնակցում էին նաեւ խերխանցիները։ Եվ գյուղի կամավորականների կուռ շարքերի առջեւ, մարտի գնալուց առաջ, մի նոր ուժով հնչեց Շահեն պապի խոսքը. «Քաջե՛ր, դուք գնում եք կռվելու եւ հաղթելու, ուրեմն՝ ուժեղացրեք, ամուր դարձրեք հաղթելու հավատը»։ Խերխանցիները չեն մոռանա նաեւ գյուղի մեկ այլ իմաստուն այրի՝ Հայրենական պատերազմի վետերան, լուսահոգի Սուրեն պապի սխրանքի ոգեշնչող հորդորը. «Մարտական ոգին բարձր պահեք, տղանե՛ր, այո՛, նրանք մեզնից շատ են, բայց իմացեք. չոր խոտը շուտ է վառվում»։
Ազատամարտի տարիներին շտաբի էր վերածվել բարձր բլրին կանգնած Փարամազյանների տունը։ Գյուղի կամավորականները նրանց տնից էին մեկնում առաջին գիծ։ Եվ ամեն անգամ Խանում մայրիկը՝ Շահեն պապի հարազատ մայրը, աղոթում էր նրանց համար։ Անվեհեր կինը գիշերները չէր քնում, սպասում էր թոռան ու նրա մարտական ընկերների վերադարձին։ Թոռը՝ Կամո Փարամազյանը, Խերխանի մարտական ջոկատի հրամանատարն էր։
Պատերազմի ծանր օրերին, երբ հակառակորդի ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել գյուղը, կանանց ու երեխաների տարհանման հարցը ծառացավ։
-Մայրս համառեց. «Ես չեմ թողնի իմ գյուղը, ինչ էլ լինի, կմնամ իմ տանը»։ Եվ նրան այդպես էլ չկարողացան տեղահանել,- պատմում է Շահեն պապը։ Խանում մայրիկին հետեւեցին շատերը։ Եվ պատերազմի տարիներին այդ անվեհեր կանանց ներկայությունը ուժ ու զորություն էր տալիս ազատամարտիկներին։
Կսկիծ ու ցավ կա Շահեն պապի աչքերում. կորստի ցավ… Եղբորն է կորցրել։ Վիրաբույժ էր Եղիշե Փարամազյանը։ Շուրջ 25 տարի գլխավորել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։ Պատերազմի տարիներին տասնյակ ազատամարտիկների կյանք է փրկել բժիշկը, վերստին շարք վերադարձրել։ Վիրահատությունները կատարվում էին հոսպիտալի վերածված շենքի նկուղային պայմաններում, հաճախ մոմի լույսի տակ…
Գյուղում հանդիպեցի ազատամարտիկներ Գրիշա Կարապետյանին ու Արարատ Գրիգորյանին։ Նրանք հայրենի գյուղի կամավորական ջոկատի շարքերում էին կռվում։ Տղաները հպարտությամբ էին պատմում ջոկատի հրամանատարի անձնվիրության, դեպի զինվորը նրա մարդկային սիրո ու հարգանքի մասին։ Ահա Կամո Փարամազյանի հրամանատարությամբ գործող Խերխանի կամավորական ջոկատի ազատամարտիկների անունները. Կիմա Ավագյան, Համլետ Գասպարյան, Արթիկ Սարգսյան, Բորիկ Փարամազյան, Բարաթ Քոչարյան, Գասպար Գասպարյան, Նելսոն Խալափյան, Ստեփան Սեյրանյան, Կամո Բաբայան, եղբայրներ Վալերիկ եւ Ալիկ Խալափյաններ, Վալերիկ Կարապետյան… 20 տարի առաջ, հայրենի եզերքի համար ճակատագրական այդ օրերին նրանց բոլորին էլ սպասում էր պատերազմի հրո ճամփաներով անցնելու ծանր փորձությունը։ Եվ նրանք պատվով անցան դրա միջով։ Նրանց հետ կողք կողքի կռվում էին շրջանի Ծովատեղ, Հերհեր, Մաճկալաշեն սահմանամերձ գյուղերի պաշտպանները։
Ազատամարտիկներ Սեյրան Կարապետյանի եւ Սպարտակ Ավանեսյանի անձնական արիության մասին գյուղում պատմում էին բոլորը, ովքեր նրանց հետ կռվել էին, նրանց հետ անցել պատերազմի դաժան դպրոցը։
1993-ի մայիսին էր։ Գեւորգավան տեղամասում մեր մոտոհրաձգային գումարտակի մարտիկները դիրքավորվել, սպասում էին հրամանի։ Այդ օրը դիրքեր ժամանեց Մոնթեն, եկել էր պաշտպանական ամրությունները ստուգելու։ Զորավարը գնաց դեպի խրամատները։ Նրան ուղեկցում էր Սպարտակ Ավանեսյանը։ Սպարտակը քաջ գիտեր Մոնթեին. նա մինչեւ չստուգեր, իր աչքով չտեսներ յուրաքանչյուր խրամատ, չէր հանգստանա։ Այդ պահին Սպարտակը նկատեց, որ գյուրզան ահա պիտի խայթի առջեւից գնացող Մոնթեի ոտքը, կայծակի արագությամբ կանգ առավ եւ իսկույն ավտոմատից բաց թողած կրակահերթով սպանեց օձին։ Զորավարը շրջվեց, տեսավ կտոր-կտոր եղած օձին եւ, զսպելով զայրույթը, ասաց. «Այդ ի՜նչ արիր, արժե՞ր այդքան փամփուշտ ծախսել սողունի վրա»։
Սպարտակի մարտական կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ֆիզուլու շրջանի Վեսալլու գյուղի համար մղված կատաղի մարտերը։ Վեսալլուն ադրբեջանցիների ռազմական խոշոր հենակետերից էր։ Այդտեղից կրակի հեղեղ էր տեղում մեր դիրքերի վրա։ Ժամ առաջ այն պետք էր լռեցնել։
1994-ի հունվարի 28-ին սկսվեց հարձակումը։ Հակառակորդը չդիմացավ տղաների հուժկու գրոհին, սկսեց խուճապահար փախչել։ «Ես տանկի միջից տեսնում էի, թե ադրբեջանցիներն ինչպես էին դաժանաբար գնդակահարում փախչող յուրայիններին»,- պատմում է Սպարտակը։ Այդ օրը նրա հրամանատարությամբ գործող տանկի անձնակազմի մարտիկների կատարածն իսկական սխրանք էր։ Տանկն առաջինը ճեղքեց հակառակորդի պաշտպանությունը, եւ արդեն շատ մոտ էր ադրբեջանցիների դիրքերին, երբ հանկարծ թշնամու հակատանկային հրազենի կրակոցից կիսաշրջան կատարեց ձախակողմյան թրթուրի վրա ու կանգնեց տեղում։ Սպարտակին հաջողվեց դուրս նետվել բոցավառվող տանկից։ Ձեռքերն այրվում էին։ Նայեց շուրջը, չկային անձնակազմի անդամները։ Սպարտակը լարեց ամբողջ ուժերը, պառկեց ձյան վրա ու սկսեց մարել կրակը։ Աղաղակող ձայներ լսեց աղջամուղջի մեջ, գլուխը թեթեւակի բարձրացրեց ու տեսավ, որ դեպի իր կողմը ադրբեջանցիներ էին վազում։ Նրա ու մահվան միջեւ ընդամենը մի քանի մետր էր։ Կամքի գերագույն լարումով վառվող ձեռքը տարավ դեպի բաճկոնի գրպանում պահվող նռնակը։ Ադրբեջանցի զինվորները անսպասելիությունից քարացան տեղում, հետ-հետ գնացին ու սկսեցին փախչել։ Սպարտակը վերջին ճիգով կանգնեց եւ շարժվեց դեպի մեր դիրքերը։ Արդեն մութն ընկել էր, երբ հասավ յուրայիններին։ Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր։
Գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցում էին նաեւ կանայք։ Դորա Փարամազյանը, Զոյա Կարապետյանը, Ռամելա Գրիգորյանն ու Լարինա Սարգսյանը օր ու գիշեր հաց էին թխում ռազմաճակատի համար, սննդամթերք ու դեղորայք հասցնում դիրքերում հերթապահող ազատամարտիկներին։
Պատերազմի տարիներին շրջափակման մեջ հայտնված գյուղը ե՛ւ իրեն է ապահովել հացով, ե՛ւ սննդամթերքով օգնել ռազմաճակատին։ Մարդիկ վար ու ցանք էին անում՝ զենքը միշտ պատրաստ պահած։ Եվ այդ ամենի կազմակերպիչը այն ժամանակվա կոլտնտեսության նախագահ Բենիամին Գրիգորյանն էր։ 74-ամյա Բենիամինը հիմա էլ նույն հայրենասերն է, հայրենի հողի նույն հավատարիմ որդին։
Ազատամարտի ամենածանր օրերին ոչ մի խերխանցի չթողեց գյուղը, չլքեց իր օջախը։ Ընդհակառակը, ընտանիքներով եկան՝ Աբովյանից, Հրազդանից, Բաքվից` նախկին խերխանցիներ։ Վտանգված հայրենի եզերքի կանչն էր բերում նրանց։ Եկան ու համալրեցին գյուղի մարտական ջոկատի շարքերը։
Այդ նրանց նվիրումի շնորհիվ էր նաեւ, որ Խերխանը դիմացավ պատերազմի կրակներում, մնաց անառիկ։
Խերխանի մարտական ջոկատը Արցախյան պատերազմում 7 զոհ է տվել։ Գյուղն իր նահատակված որդիների համար հուշարձան է կանգնեցրել՝ Մեծ հայրենականում զոհվածների հուշակոթողի կողքին։
…17 տարի է անցել այն օրից, ինչ լռել են պատերազմի հրանոթները։ Խաղաղության 17 տարի… Խերխանում մարդիկ շարունակում են տներ կառուցել, հող ու այգի են մշակում, շենացնում հայրենի գյուղը։ Նրանցից շատերը նախկին ճակատայիններ են։ Հիմա նրանց որդիներն են շարունակում հայրենիքի պաշտպանության սուրբ գործը՝ Դավիթ Ավագյանն ու Նարեկ Սարգսյանը, Սանասար Քոչարյանն ու Սարիբեկ Ավագյանը։ 18-19 տարեկան այս պատանիները պաշտպանության բանակում են ծառայում՝ հավատարիմ սեփական կյանքը սխրանք դարձրած հայրերի պատգամներին։
ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Բանակ և հասարակություն, Պատմության էջերից