Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ. ԶՈՐԱԿՈՉ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ



Մայիսի 18-ը տոնական էր Ստեփանավանում։ Միջոցառումը կազմակերպվել էր մի քանի տասնյակ զինակոչիկների պատվին, որոնք մեկնում էին զինվորական ծառայության` փոխարինելու հայրենիքի հանդեպ պարտքը կատարած ավագ ընկերներին։
Զինկոմիսարիատ զինակոչիկների հոսքն սկսվեց վաղ առավոտյան։ Այստեղ նրանց արդեն սպասում էին զորակոչային բաժնի սպաները, բուժհանձնաժողովը, եւ, իհարկե, զինվորական կոմիսար փոխգնդապետ Սպարտակ Ղուբաթյանը։ Ում գործերը կարգին էին, զինկոմը պատվիրում էր ուղիղ կեսօրին լինել քաղաքի կենտրոնում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի մոտ։

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Ժամը 12-ին ամեն ինչ պատրաստ էր տոնական միտինգն ու համերգն սկսելու համար։ Փողային նվագախմբի ղողանջներն այստեղ էին բերել հազարավոր ստեփանավանցիների։ Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Սարգիս Ղարաքեշիշյանը, իրավապահ մարմինների, կրթական, մշակութային հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները։
Երբ հանդիսավոր միտինգը հայտարարվեց բացված, զինվորական նվագախումբը հնչեցրեց հանրապետության օրհներգը։
Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյան.
-Սիրելի զինակոչիկներ, ես քաղաքապետարանի, Ստեփանավանի բնակչության անունից շնորհավորում եմ ձեզ կարեւոր իրադարձության, հաղթանակած ազգային բանակի զինվոր դառնալու առթիվ, ցանկանում եմ բարեխիղճ ծառայություն խաղաղ երկնքի տակ ու բարի վերադարձ։
Ստեփանավանի հոգեւոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյան.
-Սիրելի հավատացյալ ժողովուրդ, մենք երբեք չենք մոռանում, որ հայ զինական ուժը ավելի զորավոր է եւ անպարտելի, երբ նրան նեցուկ ու զորավիգ է ավելի քան 1700-ամյա հայոց եկեղեցին։ Այսօր մեր զինակոչիկների խումբը պատրաստվում է մտնելու կյանքի, հայրենիքը պաշտպանելու մի կարեւոր քննաշրջան։ Զինվոր դառնալու, հայրենիքը պաշտպանելու քննությունը միայն այս տղաները չեն հանձնելու, այլ նրանց հետ մեկտեղ՝ մենք բոլորս՝ մայրերը, հայրերը, ուսուցիչները, հարեւան-բարեկամները։ Օրենք է՝ չկա վատ զինվոր, կա վատ ծնող, թերացող ուսուցիչ, սպա, հասարակություն…
Մենք ուժեղ ենք մեր բանակով, բանակը՝ համախումբ զինվորներով։ Զինվորն ուժեղ է, երբ գիտակցում է, որ ինքը ճշմարտության զինվոր է, պարտվում է զինվորը, երբ հուսալքված է լինում նրա թիկունքում գտնվող ժողովուրդը, հասարակությունը… Ես նայում եմ ձեզ, նայում եմ մեր զինակոչիկների աչքերին եւ վճռականություն, հավատ, համախմբվածություն ու սեր եմ տեսնում, եւ ուզում եմ մաղթել՝ թող այդ սերը ուղեկից լինի ձեզ ծառայության ընթացքում եւ ձեր ամբողջ կյանքում։
Այնուհետեւ Վռամ աբեղա Ղազարյանն աղոթեց մեր զինվորների եւ զինակոչիկների համար և օրհնեց նրանց։
Զինվորական կոմիսար փոխգնդապետ Սպարտակ Ղուբաթյան.
-Սիրելի զինակոչիկներ, վստահ եմ, ձեզանից շատերը կընդգրկվեն հայրենիքի սահմանները պաշտպանող ստորաբաժանումների կազմերում, եւ դուք պետք է լավ իմանաք, որ ձեզ վստահվող հենակետերը, սահմանագծերը պաշտպանվել են ձեր ավագ ընկերների կողմից, հաճախ նրանց արյան գնով, իսկ արյամբ պաշտպանված հողը սրբություն է եւ այն ոչ մեկին չպետք է զիջել։ Միշտ հիշեք, որ դուք հաղթանակած, հզոր բանակի զինվորներ եք։ Արվել եւ արվում է ամեն ինչ բանակում ծառայությունն անվտանգ եւ հետաքրքիր դարձնելու համար։
Այնուհետեւ փոխգնդապետ Ղուբաթյանը ներկաներին հիշեցրեց ստեփանավանցի սերժանտ Արտակ Գառնիկի Ղաբուզյանի կատարած սխրանքի մասին։ Սերժանտը 2010-ին չեզոքացրել էր ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Շարունակելով, նա տողեր ընթերցեց վերջին շաբաթվա ընթացքում զորամասի հրամանատար գնդապետ Ս. Խաչատրյանի ստորագրությամբ Վահե Հովհաննեսի Մուրադյանի, Սամվել Սերժիկի Բադալյանի, Սաքո Վահրամի Դիլանյանի ծնողներին, մանկավարժներին, համայնքների ղեկավարներին ուղարկված շնորհակալական նամակներից։
Գնդապետ Մարատ Հովհաննիսյան
-Սիրելի զինակոչիկներ, այսօր մեր զինվորն ապահովված է ամեն ինչով։ Շատ վաղուց հիմնավորապես լուծվել են կենցաղային բոլոր հարցերը, ստեղծվել է բուժծառայության ճկուն համակարգ, անընդհատ կատարելագործվում է ուսումնանյութական բազան, ստեղծվել են հնարավորություններ հարազատների հետ մշտական կապ պահպանելու համար։ Զորամասերում զինվորները, նաեւ սպաները լայն հնարավորություն ունեն սպորտով, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, հոգեւոր պահանջմունքները բավարարելու համար։ Հավատացեք, զինվորական ծառայության երկու տարիները շատ արագ են անցնում, դժվարը առաջին ամիսներն են, որից հետո ժամանակը թռչում է։
Ավագ սերժանտ Սերգեյ Զաքարյանը դիմելով ներկաներին, ասաց.
-Ծառայության անցնելով ազգային բանակում` հասկացա, որ պատրաստ եմ կյանքով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր թիզ հողը։ Այստեղ ես սովորեցի պատասխանատվություն ստանձնել, ձեռք բերեցի մարդկանց հետ հարաբերվելու, շփվելու կարողություն, եւ որ ամենակարեւորն է` ընկերներ, բանակի ընկերներ, որոնք իմ կողքին կլինեն ամբողջ կյանքում։ Այսօր մենք զորացրվում, տուն ենք գնում, իսկ դուք գալիս եք մեզ փոխարինելու։ Մենք երկու տարի մեր երկրի խաղաղությունն ենք պահպանել եւ այժմ այդ սուրբ պարտականությունը ձեզ ենք փոխանցում։
Ստեփանավանի N 3 դպրոցի տնօրեն, պաշտպանության նախարարի կողմից «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգեւատրված Սեդա Թունյան.
-Սիրելի զինվորներ, զինակոչիկներ մեր հողի, մեր երկրի մեր կյանքի պահապաններ եղեք ուրախ, հպարտ, ուժեղ եւ անպարտ։ Մեր դպրոցի աշակերտներն այժմ ձեզ կհանձնեն նամակներ, որոնք դուք կտանեք զորամասեր եւ կհանձնեք ձեր ավագ ընկերներին։
Ստեփանավանի N 2, 1, 4, 5, 6-րդ դպրոցների աշակերտները ևս զինակոչիկներին հանձնեցին իրենց գրած նամակները։
Զինակոչիկի մայր Ազգուշ Զալինյան.
-Ես երրորդ տղայիս՝ երրորդ զինվորն եմ ճանապարհում ազգային բանակ։ Իմ տղաները պատվով են ծառայում, ինձ ամոթով չեն թողնում։ Թող մեր երկրում խաղաղություն լինի, եւ բոլորին այսպես ուրախ սրտով դիմավորենք։
Քաղաքապետարանը զինակոչիկներին նվիրեց հիգիենայի պարագաներ։
Տոնական հանդիսության ընթացքում հաջորդաբար ելույթ ունեցան քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտները, փողային նվագախումբը, զինվորները։

ՀՐԱԺԵՇՏ

Միշտ էլ հրաժեշտը դժվար է լինում։ Երբ փոխգնդապետ Ս. Ղուբաթյանը հայտարարեց, որ քսան րոպե ժամանակ է տրամադրվում հրաժեշտի համար, զինակոչիկներ Արամ Դիլանյանը, Յուրա Հայրապետյանը, Վարդան Մաղաքյանը, Սիմոն Ղամբարյանը, Հայկազ Քամալյանը, Անդրեաս Ղուկասյանը եւ մյուսներն անմիջապես շրջապատվեցին հարազատներով։ Գրկախառնություն, համբույրներ, արցունքներ… Կոլյա Մելիքջանյանին գրկել են քույրերը՝ Մարինեն, Անուշիկն ու Նատաշան։ Արտաշ Խանումյանին էլ բաց չեն թողնում մայրը՝ Սոնան, մորաքույր Նաիրա Արզումանյանը, հորաքույրներ Հեղինեն եւ Զարինեն։ Չէ, ինչ էլ լինի, կանայք թույլ են սրտից, իսկ 72-ամյա Ռազմիկ Չալաբյանը, որ հարեւանի տղային՝ Երեմ Գեւորգյանին էր ճանապարհում, մոտենալով հրաժեշտ տվող խմբերին, ասում էր. «Լոռեցիներ, պինդ կացեք, լոռեցիներ, մի՛ տխրեք, լոռեցիներ, ուրախացեք»։
Քիչ անց մեքենան շարժվեց, հրապարակը դատարկվեց, միայն նստարաններին խումբ-խումբ մնացին գլուխները կախ, տրտմած աղջիկները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Բանակ և հասարակություն


01/06/2011