Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸՍիրելի հայրենակիցներ, զինծառայողներ,

Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ,

զոհված մարտիկների սիրելի հարազատներ

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, մաղթում առողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ, իսկ առաջին հերթին մաղթում եմ ամենաթանկը՝ խաղաղություն:

2015 թվականին հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ զինված դիմակայության պայմաններում պաշտպանելով Հայրենիքի սահմանները: Մենք թերթեցինք Հայկական բանակի տարեգրության ևս մի էջ, որը լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում, և հիմա հոգով ու սրտով պիտի զոհված զինծառայողների հարազատների հետ լինենք:

Միմյանց Նոր տարին շնորհավորելիս պիտի բաժակ բարձրացնենք նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների ու սպաների համար, իսկ Սուրբ Ծննդյան տոնին մեկական մոմ վառելով պիտի խոնարհվենք մեր որդիների ու եղբայրների պայծառ հիշատակի առջև և «Հավերժ փառք ու պատիվ» տանք նրանց:

Մենք հրաժեշտ տվեցինք մի թվականի, երբ զինադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ, և կարծում եմ՝ նաև արտաքին հրահրմամբ, կիրառեց հրանոթներ, տանկեր ու թուրքական արտադրության համազարկային կրակի հրթիռային կայանքներ: Փոխարենը ստացավ վճռական պատասխան, և միշտ այդպես կլինի, մինչև բոլոր կարճամիտները հասկանան, որ մեզ հետ չեն կարող ուժի լեզվով խոսել, ինչպես ի զորու չեղան Արցախյան ազատամարտի տարիներին: Իսկ դրա ամենամեծ գրավականը միասնությունն ու հանդուրժողականությունն են, որոնք պիտի փայփայենք ու պահպանենք:

Այս ամենին զուգընթաց, խոշոր առաջընթաց արձանագրեցինք զինված ուժերի հզորացման և սահմանների պաշտպանության ամրապնդման գործում. մեծ աշխատանքներ իրականացվեցին մարտական հերթապահության անվտանգության ու մարտական պատրաստականության բարձրացման ասպարեզներում, շարունակվեցին առաջնագծի ինժեներական կահավորման արդիականացումն ու զորանոցային շինարարությունը, իսկ բազմաթիվ զինծառայողներ Ամանորը դիմավորում են նոր բնակարաններում:

Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվեցին 2016-2020 թվականներին զինված ուժերի զարգացման պլանը և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, որոնց շնորհիվ կապահովվեն զինված ուժերի կայուն զարգացումը, համալրումը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով, իսկ իրադրության ցանկացած զարգացման դեպքում կերաշխավորվորվի սահմանների անձեռնմխելիության ապահովումը: Լուրջ քայլեր կատարվեցին բարեվարքության ու բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, փողոցային բարքերի և կոռուպցիոն երևույթների նվազեցման, գնումների գործընթացի ու զորակոչի թափանցիկության ապահովման, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում:

Լայն տարածում գտավ «Փոքր ուժերով մեծ խնդիրների լուծում» սկզբունքը, որը, զուգորդվելով «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի հետ, էապես մեծացրեց ստորաբաժանումների հրամանատարների ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը, և թույլ տվեց կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:

Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման ողջ համակարգի մասնակցությամբ տեղի ունեցավ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական խաղաղարար ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունը և «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդները» պատանեկան միջազգային ռազմամարզական հավաքը:

Այս ամենին զուգընթաց, միջազգային ասպարեզում ապահովվեց դաշնակցային և գործընկերային հարաբերությունների՝ որպես արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի համաչափ զարգացումը՝ ամրապնդելով անվտանգության միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը, ինչը լայն հնարավորություններ ստեղծեց զինված ուժերի՝ որպես միջազգային հուսալի գործընկերոջ, զարգացման և միջազգային ինտեգրման համար: Ավելին՝ մեր ռազմաքաղաքական դաշինքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանը ստանձնեց նախագահողի գործառույթները, ամրապնդվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, նոր որակներ ստացավ սերտ գործընկերությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, եվրոպական և տարածաշրջանային գործընկերների, հատկապես Իրանի և Լիբանանի հետ: Հայ խաղաղապահները շարունակեցին իրենց ներդրումը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ Լիբանանում, Աֆղանստանում, Կոսովոյում և Մալիում:

2016 թվականին, որը հայկական բանակում ես հայտարարել եմ «Հրամանատարական պատրաստության տարի», զինված ուժերը կղեկավարվեն «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:

Սիրելի հայրենակիցներ,

ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգությունների: Բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող:

Փա՛ռք ու պատիվ հայրենիքի սահմանները պահած ու պաշտպանած, հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր:

Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին և սահմանամերձ բնակավայրերի շինականներին:

Փա՛ռք ու պատիվ խրամատներում կանգնած հայ զինվորին և հայկական բանակին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Ազգային բանակ


20/01/2016