ՈՒԺ ԵՎ ՀԱՎԱՏ՝ Ի ՍԱՐՍԱՓ ԹՇՆԱՄՈՒ
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնն այս տարի նշանավորվեց նաև գնդապետ Ջալալ Հարությունյանի՝ Ջրօրհնյաց Խաչի կնքահայրությամբ:
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում պատարագ մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ: Սուրբ պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողություն: Ջրօրհնեքի Խաչի կնքահայրը, որ մեծագույն պատիվ է հայ քրիստոնյայի համար, ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանն էր: Հրամանատար, որին այսպես են բնութագրում մարտական ընկերները, սպաներն ու շարքային զինվորները, նրան ճանաչողները. «Արցախյան բանակի դիմագիծ, ազնվության տիպար, հայկական բանակի լավագույն հրամանատար, հաղթած զինվորական, խիզախ, շիտակ, պարկեշտ, սկզբունքային մարդ»: Ջալալ Հարությունյանը երիտասարդ տարիքից զինվորագրվել է հայ ազատագրական պայքարին. 1992 թվականին նա ընդամենը 17 տարեկան էր:
Եվ պատահական չէ, որ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին ադրբեջանական քարոզչամեքենան, փորձելով բարձրացնել բարոյալքված զինուժի մարտական ոգին, տարածեց ստահոդ լուր, թե իրենք հրետակոծել են հայկական դիրքերը, և իբր հարվածների հետևանքով զոհվել է հայտնի հրամանատար գնդապետ Ջալալ Հարությունյանը: Այնինչ, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են: Եվ նրանք, ովքեր այդքան ուզում էին սպանված տեսնել Ջալալ Հարությունյանին, նույն օրը գնդապետին տեսան իր աշխատասենյակում ուղիղ եթերում լրագրողի հարցերին պատասխանելիս: Ցանկալին իրականության տեղ ներկայացնելու սովոր Ադրբեջանի ռազմական «ագիտպրոպը» դարձավ ծաղրի առարկա:
Սիրելի հրամանատարի բազկի ուժը է՛լ ավելի կրկնապատկվեց ու զորացավ Սուրբ Խաչով՝ ի տես եւ ի սարսափ թշնամու:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում