ՀԱՊԿ ԵՒ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԶԵՆՔ ԳՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանմամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ԱՊՀ անդամ երկրները վաղ թե ուշ ստիպված են նոր զենք գնել Ռուսաստանից, քանի որ սպառազինությունը նույնպես հնանում է և չի կարող շարունակ արդիականացվել:
ՀԱՊԿ և ԱՊՀ երկրներն, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերեն նախևառաջ զինամթերք, քանի որ նոր զինամթերքը կարող է որակապես փոխել սպառազինության մեջ արդեն ընդգրկված զենքերի մարտավարական բնութագրերը: Օրինակ` համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգի արկի հեռահարությունը 70կմ է, իսկ նոր զինամթերքով, առանց համակարգում որևէ այլ բան փոխելու` 90կմ, և դա դեռ առավելագույնը չէ:
Դիմիդյուկի խոսքով, ընկերությունը ՀԱՊԿ անդամ պետություններին սպառազինություն կվաճառի այն գներով, ինչ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ նրա` ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանն այսօր առավել սերտ հարաբերություններ ունի Բելոռուսի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ: