ԱՄՐԱՊՆԴՎԵՑ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Կարծում եմ, որ գրողը՝ մարդու պաշտպանը, և զինվորը` հայրենիքի ու խաղաղության պաշտպանը, և՛ խաղաղ օրերին, և՛ պատերազմի ժամանակ պետք է փոխպայմանավորված գործեն: Ու եթե հաշվի առնենք այն, որ գրողները հեռու են պաշտոնականությունից և պայմանագրեր կնքելուց, ուրեմն այնպիսի հանդիպում, ինչպիսին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ Հայաստանի գրողների միության Կլոր սրահում, պետք է ընկալել որպես գրչի ու սրի մարդկանց «ռազմական գործողությունների» փոխհամաձայնեցման հերթական քայլ: Գրողը և զինվորը հայի արժեհամակարգում ռազմավարական գործընկերներ են, նրանց նպատակը հայի ու հայոց լեզվի հարատևությունն է աշխարհագրական և հոգևոր Հայաստաններում:
Կոնկրետ ինձ համար հանդիպումն արդյունավետ էր նրանով, որ իմ ներաշխարհում ավելի ամրապնդվեց բանակի նկատմամբ հայ հասարակության մեջ օր օրի աճող վստահությունը: Իսկ դա ամեն պաշտոնյայի հետ հանդիպումից հետո չէ, որ տեղի է ունենում նրա ներկայացրած գերատեսչության նկատմամբ: Հաճախ նման հանդիպումները հակառակ արդյունքն են տալիս: Հաստատ, նշանակություն ունեցավ հանդիպման անկեղծությունը:
Զինվորն ու գրողն այսօր համատեղ խնդիր ունեն՝ բարձրացնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և անել ամեն ինչ, որ հայը հավատա ինքն իրեն, հույս դնի սեփական գիտելիքի, ուժի ու ոգու վրա:
Այս պահին խրամատներում գտնվող զինվորները նաև մեր սրտերում են, ուրեմն մեր սրտերն են խրամատներ մեր զինվորների համար:
Խոսքս ուզում եմ ավարտել՝ շնորհավորելով բանակի տարեդարձը, մաղթելով ուժ, բարձր տրամադրություն եւ հաղթանակ:
ՀԱՅԱՍՏԱՆ
Այստեղ իմ ցեղի սերմերն են պահվում՝
Որպես վաստակի քրտնակաթիլներ,
Սերունդներն այստեղ միշտ հողն են բահում
Այն ազնվությամբ, որ մոր կաթինն է:
Երբ աստվածները նոր էին բարն ու
Բանը արտոնում մեզ՝ որպես ընծա,
Իմ ցեղն իր ամեն, ամեն բարբառում՝
Որպես հաց, Տիրոջ ձեռքերով հնձած,
Իր խոսք ու գիրն էր արդեն ամբարում:
Եվ ուներ արդեն պատմության հնձան՝
Ծնունդից ի մահ, Մահից համբառնում,
Ու կյանքի՜, կյանքի՜, կյանքի՜ համառում;
Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
Բանաստեղծ
Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Բանակ և հասարակություն