Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԵՐՈՒՄ ՀԱՎԵՐԺԱՑԱԾՆԵՐԸ



Ժամկետային զինծառայողներ Աղասի Գրիգորյանն ու Ռուբեն Ալեքսանյանը նույն հետախուզական ստորաբաժանումից էին: Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձ ձեռնարկեց ներխուժելու միջդիրքային տարածք: Տղաները դարանում էին: Հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը` մեր ստորաբաժանումն անցել էր պաշտպանական մարտի եւ ադրբեջանական գրոհայիններին ետ շպրտել ելման դիրքեր, սակայն Ռուբենն ու Աղասին ծավալված մերձամարտի ընթացքում արիաբար զոհվել էին:

 

ԴԻՐՔԵՐՈՒՄ  ՀԱՎԵՐԺԱՑԱԾՆԵՐԸՄենք կանգնել ենք շտաբի երկրորդ հարկի շքամուտքում, պատուհանի մոտ: Ես և Մհերը: Նա ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հետախուզական ջոկի կրտսեր հրամանատար է, ժամկետային զինծառայող, դիրքապահ:  Պատուհանի քառակուսուց այն կողմ զորամասի շարահրապարակն է, ճաշարանը, մարզադաշտը, զորանոցի շենքը: Մհերը սևեռուն հայացքով երկար զննում է դրանք, ապա առանց ինձ նայելու ասում. «Ամեն բան տղաներին է հիշեցնում… Առավոտյան աչքերս զգույշ բացում եմ, մտածում` գուցե երազ էր, վատ երազ, գուցե Ռուբենն ու Աղասին կողքիս են, բայց չկան… Հիշողություն. ահա այն ամենը, ինչ մնացել է…»: Նա շփում է դեմքը` ցրելով կուտակված լարումը…

 

ՌՈՒԲԵՆԸ

ԴԻՐՔԵՐՈՒՄ  ՀԱՎԵՐԺԱՑԱԾՆԵՐԸ…Մեկ տարի առաջ էր: Ես ու Ռուբենը եկանք զորամաս: Մենք նույն ամսում ենք զորակոչվել: Գիտեք` Ռուբենը այն տղաներից էր, որի մասին հենց առաջին իսկ րոպեին մտածում ես՝ լավ զինվոր է լինելու: Ծառայության ժամանակամիջոցին նա գոնե մեկ անգամ կասկածի տակ չդրեց իմ այս համոզմունքը: Ամբողջ օրը զբաղված էր ու կարծես երբեք չէր հոգնում: Երբեք չէր գանգատվում, միշտ առողջ էր, առույգ: Ֆիզպատրաստության ժամանակ բոլորս աչքի պոչով նրան էինք հետևում: Ձգտում էինք նմանվել, հավասարվել: Ռուբենը ստորաբաժանման տղաների համար հեղինակություն էր` պինդ և ուժեղ լինելու տեսակետից: Անգամ ձայնի մեջ համարձակության երանգ կար: Մարտական  հերթապահության ժամանակ թե ինչ-որ թխկոց լռությունը խախտեր, անխուճապ, անշփոթ առաջ կնետվեր ստուգելու՝ ինչն ինչոց է: Ու մյուսներին հետ պահելու սովորություն ուներ, բայց դա անում էր ոչ իր առավելությունը ցույց տալու համար: Պարզապես անվախ էր:

…Դեպքից առաջ էր: Դիրքեր էինք բարձրանում: Պետք է տղաներին թողնեինք դարանում, իսկ մենք էլ շարժվեինք այլ ուղղությամբ: Նա մի տեսակ տխուր նայեց վրաս ու մեկ էլ թե. «Ոչնչից չեմ վախենում, Մհեր: Միայն թե զենքը ձեռքիս լինի, երբ դրանք դիմացս դուրս գան: Պրծում չեն ունենա…»: Սիրտս ճմլվեց: «Ո՞վ է էսպիսի բաների մասին խոսում դիրք բարձրանալուց առաջ» ,-ջղայնացա: Լռեցինք: Մեր վերջին հանդիպումն էր, վերջին անգամ էինք կողք կողքի նստում, վերջին անգամ էինք զրուցում…

 

ԱՂԱՍԻՆ

ԴԻՐՔԵՐՈՒՄ  ՀԱՎԵՐԺԱՑԱԾՆԵՐԸԵրբ առաջին անգամ ստորաբաժանում մտանք, մեզ Աղասին դիմավորեց: Բարի ժպիտ կար դեմքին: Նա մի քանի ամսվա ծառայող էր, ուստի խնդրեցինք պատմել, թե ինչպես են անցնում օրերը զորամասում, ինչ  է կարելի անել, ինչ` ոչ, ինչն է կարևոր, ինչը` երկրորդական: Նա մեծ աշխուժությամբ ներկայացրեց իրերի դասավորությունը, ապա ավելացրեց. «Եթե համախմբված լինենք, ծառայությունը մի քանի անգամ կհեշտանա: Իսկ դիրքերում պետք է շատ զգույշ ու զգոն լինել»: Աղասին դարձավ իմ «ավագ ընկերը», թեեւ տարեկիցներ էինք: Հետո միասին դիրք էինք բարձրանում, դարանում սպասում թշնամուն, զրուցում աղջիկների մասին: Նա սիրում էր աղջիկների մասին խոսել, կարող էր ժամերով համոզել, որ աշխարհում առավել սիրուն ոչինչ չկա: Մենք լսում էինք և հաճույքով համաձայնում:

Այնքան հոգատար էր: Մինչ պատրաստվում էինք, հանդերձավորվում, որ գնանք դարան, թերմոսը ձեռքին գալիս էր, թե՝ ձեզ համար տաք թեյ եմ բերել: Միշտ այդպես էր անում… Կարոտում եմ…

Ահա մի քանի րոպեից բարձրանալու եմ դիրքեր, առաջին անգամ՝ առանց Ռուբենի, առանց Աղասու: Դժվար է: Բայց և հասկանում եմ`  նրանք այս հողի մի մասնիկն են, նրանք հավերժ զինվոր մնացին ու կապրեն այնքան,  քանի դեռ հողը մերն է: Իսկ հողը միշտ մերն է լինելու…

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

կապիտան

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Ազգային բանակ


10/02/2016