ՄԱՄ ՋԱՆ, ԴՈՒՌԸ ԲԱՑ. ՏՈՒՆ ԵՆՔ ԵԿԵԼ՝ ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
Հենց ասես երեկ էր, որ մեր թերթի շապիկին տպագրեցինք երկու զինվոր ազգային բանակ ճամփած վանաձորցի Կարինե Քոչարյանի լուսանկարը՝ «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» վերտառությամբ եւ մակագրությունը՝ արված ֆեյսբուքյան իր էջում. «Ամիսներ առաջ էր: Նույն պահին զանգեցին ավագ զինվորս՝ հյուսիսարեւմտյան զորամասից եւ կրտսեր զինվորս՝ հարավարեւելյան զորամասից: Չգիտեի՝ որին լսեմ, որի հետ խոսեմ: Ասում եմ. «Ա՛յ երեխեք ջան, չեք զանգում, չեք զանգում, մեկ էլ միաժամանակ եք զանգում: Հիմա ես ի՞նչ անեմ, որի՞դ լսեմ, որի՞դ հետ խոսեմ»: Կրտսեր զինվորս էնտեղից ասում է. «Դե ասա` թագավոր մամա ես, էլի»:
…Ու ոոոո՜նց եմ սիրում ես իմ ԹԱԳԱՎՈՐ ՄԱՄԱ վիճակը»:
Զինվորների մայրը օրերս դիմավորել է հայկական բանակում պատվով ծառայած եւ զորացրված իր երկու հերոս տղաներին:
Զարմանալի մի զուգադիպությամբ, թե նախախնամության կամոք, նույն օրը՝ զորացրված զինվորներից առաջ, Քոչարյանների տուն են «խուժել» երկու ճնճղուկ՝ ասես ավետելու որդիների վերադարձը:
«Հայ զինվորը» սրտանց շնորհավորում է Քոչարյանների ընտանիքին եւ շնորհակալություն հայտնում պարտաճանաչ, կարգապահ ու օրինապահ հայրենիքի զինվոր դաստիարակելու համար:
Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Բանակ և հասարակություն