Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ. ԿՌՎԻ ԴԱՇՏՈՒՄ ԾՆՎԱԾ ՄԵՐ ԶԱՎԱԿԸ



ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. պահեստի գեներալ-մայոր: Մարդ, որ 12 տարի ղեկավարել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերն ու հրետանու վարչությունը: Մարդ, որ գիտի և իր աչքով է տեսել` ինչպես ստեղծվեց բանակը, ինչպես կայացավ, ինչպես դարձավ պատմական փաստ:

 

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ. ԿՌՎԻ ԴԱՇՏՈՒՄ ԾՆՎԱԾ ՄԵՐ ԶԱՎԱԿԸ92-ի փետրվարն էր: Ես ծառայում էի Կեմերովոյում, ռուսական 28-րդ կորպուսի հրթիռահրետանային զորքերի պետն էի: Հետեւում էի հայրենիքում ծավալվող իրադարձություններին, անհանգիստ էի: Արձակուրդ վերցրի, եկա Երեւան: Այստեղ հարցուփորձ արի`  որտեղ է նորաստեղծ պաշտպանության նախարարությունը: Գտա: Մտա շենք եւ ծանոթ գեներալի հանդիպեցի` Գուրգեն Դալիբալթայանին: Ուրախացավ: Թեւանցուկ արեց եւ ուղեկցեց Վազգեն Սարգսյանի մոտ: Զեկուցեցի` եկել եմ իմանալու` պետք եմ, թե՞ ոչ: Դուրը եկավ, որ ուսումնարանն ավարտել եմ գերազանց, ակադեմիան՝ բարձր գնահատականներով, ունեմ մեծ փորձ: Խոսակցության ավարտին ասաց. «Պարոն Հայրապետյան, Ձեզ հենց հիմա նշանակում ենք բանակի հրթիռահրետանային զորքերի վարչության պետ»: Ծանր բեռ կար ուսերին, բայց մեկ ժամ զրուցեց հետս՝ հասկանալու, թե ում է վստահում դեռ գոյություն չունեցող հրետանին: Համաձայնեցի: Սկսեցինք ձեւավորել բանակի հրետանին: Դժվար էր: Ոչինչ չունեինք: Սկսվեց նախկին խորհրդային 7-րդ գվարդիական բանակի գույքի ու սպառազինության` հրանոթներ, զինամթերք, քարշակներ, ընդունումը: Սակայն զինվոր չունեինք, սպաներ չունեինք: Ամենաբարդը, թերեւս, մասնագետների հավաքագրումն էր: Այցելում էի զինկոմիսարիատներ, փորձում տվյալներ հայթայթել: Հետո այցելում էի այդ մարդկանց, համոզում եւ ընդունում զինված ուժեր: Այսպես ստեղծվեցին հրթիռային զորքերն ու հրետանու վարչությունը, որ մեծ դեր ունեցան թե՛ բանակի կայացման, թե՛ Արցախյան պատերազմը հաղթանակով պսակելու գործում: Ընդամենը երկու օպերացիայի մասին խոսեմ, որոնք բախտորոշ էին մեր բանակի ապագայի համար:

1992 թվական, հոկտեմբերի 7-8: Եվս 4-5 կմ եւ թշնամին կհասներ Բերձորի (Լաչին) շրջկենտրոն: Ադրբեջանցիները հարձակվել էին երկու` հարավարեւելյան եւ հյուսիսարեւմտյան ուղղություններով: Փորձում էին  փակել Բերձորի միջանցքը, որ Արցախը կապում էր Հայաստանին: Այդ օրերին միջանցքի լայնությունը որոշ տեղերում նեղացել էր մինչ 3-4 կիլոմետր: Առաջարկեցինք  եղած մարտկոցների կազմով դասական հրետանային նախապատրաստություն իրականացնել: Ժամանեցի մարտական գործողությունների գոտի, ստանձնեցի  ողջ հրետանու կրակի ղեկավարումը: Հոկտեմբերի 7-10-ը ձեռնարկեցինք հակահարձակում: Վիրավորվեցի: Վճռական կռիվը տվեցինք հոկտեմբերի 19-ին:  Միջանցքի լայնությունը հասավ 25-26 կիլոմետրի: Կյանքի ճանապարհն ազատագրվեց:

1993 թվական, դեկտեմբերի 26: Հակառակորդը ձեռնարկեց Մուրովդաղ հարձակողական օպերացիան: Նպատակն էր գրավել Քարվաճառի ամբողջ տարածքը, ապա զարգացնել հարձակումը: Ճակատը ձգվում էր հարավից (Արաքս գետ) հյուսիս (Օմարի լեռնանցք)` ուղիղ 300 կմ: Հարձակման կասեցման դժվարին գործը վստահված էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանին: Նա 1994 թվականի հունվարի 1-ին մեկնեց Վարդենիս, իսկ ես գլխավոր շտաբում նշանակված էի պատասխանատու: Հերթապահությանս ժամը լրացել էր, մեկ էլ հանկարծ տեղեկացրին` պետք է շտապ մեկնեմ Վարդենիս: Գիտեի թշնամու զորախմբերի առաջխաղացման մասին: Վերցրեցի օպտիկական, կապի միջոցներ, տարածքի զինվորական քարտեզներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր հրետանու գործունեությունը, կրակային հարվածները ղեկավարելու համար եւ մեկնեցի նշանակման վայր: Թշնամին, օգտվելով հանգամանքից, որ Օմարի լեռնանցքի ուղղությամբ մեր ստորաբաժանումները մեծաթիվ չէին, ճնշում գործադրելով կուտակեց մեծաքանակ զորախմբեր եւ արձանագրեց հաջողություններ: Հակահարձակման համար ձեւավորվեցին Ֆելիքս Գզողյանի ու Յուրի Խաչատուրովի ղեկավարած հարավային եւ արեւմտյան խմբավորումներն իրենց հրետանիով, իսկ ճակատի հրետանու պետը ես էի: Նախապատրաստական փուլը շուրջ երեք շաբաթ տեւեց, իսկ բուն հակահարձակումը, որով լրիվ վերականգնվեց եւ առաջ տարվեց ճակատի գիծը, տեւեց 3-4 օր: Փետրվարի 17-ն էր` վճռական հարձակման օրը: Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը որոշեց` անցնում ենք գիշերային հարձակման: Հրամանատարներն ստացան մարտական առաջադրանք` շարունակել գործողությունները գիշերային պայմաններում, հրետանու կրակի ուղեկցությամբ հետապնդել հակառակորդին: Լույս 18-ի գիշերը ժամը 2:40-ին վերջնականապես ջախջախեցինք թշնամուն: Սա հետեւակի եւ հրետանու փայլուն համագործակցության օրինակ է: Մեր ուրախությանն ու հպարտությանը չափ չկար: Եվ այդ ուրախությունն ու հպարտությունը կրկնապատկում է այն փաստը, որ այսօր էլ Օմարի գագաթներին կանգնած են պատրաստված եւ գիտակից հայ զինվորն ու սպան: Հայաստանի զինված ուժերի ստեղծումն այսպիսի քանի՜ դրվագներ է ամփոփում իր մեջ, քանի-քանի՜ մարդկային կյանք, առողջություն, անհավանական թվացող ինչպիսի ճիգեր:

Այսօր մեծ տոն է ոչ միայն բանակայիններիս համար, այլ ողջ ժողովրդի, քանի որ բանակը հավաքական ուժերով ստեղծված կառույց է, կռվի դաշտում ծնված մեր զավակն է: Այն յուրաքանչյուրիս ձեռքբերումն է: Փառք ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ:

 

Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/02/2016