ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ
Հունվարի 23-ին` Սբ. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան հայրապետական թեմի` Սբ. Սարգսի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացված պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ, սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներն ու նրանց ծնողները: Միջոցառման ժամանակ մատուցվեց պետական սահմանի առաջնագծում ծառայություն անցկացնող երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ:
Այնուհետեւ սահմանագոտում մարտական հերթապահություն իրականացրած լավագույն ժամկետային զինծառայողներից 25-ը թեմի առաջնորդարանում տեղի ունեցած խրախուսման հանդիսավոր արարողության ընթացքում Արարատյան հայրապետական թեմի կողմից պարգեւատրվեցին Ս. Սարգիս Զորավարի խորհրդանշական զարդապատկերով ու տոնը խորհրդանշող հուշանվերներով:
Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք հղեց զինվորներին.
Հարգելի՛ ծնողներ, սիրելի՛ զինվորներ,
Ես մեծ հաճույքով շնորհավորում եմ ձեզ՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Զորավար Սարգիսը զինվորականության, երիտասարդության, սիրո ու հավատարմության, այսինքն` անդավաճան լինելու սուրբն է: Ուստի, հատկապես այսօր ես ուզում եմ շնորհավորել այստեղ ներկա մեր զինվորներին, որոնք զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել են Հայրենիքի զինվորի: Հայրենիքի զինվոր կարող է լինել նա, ով գիտակցում է, ով համոզված է, որ մեր հայրենիքի անվտանգությունը, մեր հայրենիքի պաշտպանությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Եվ այդ մեծ, բազմամարդ կոլեկտիվում եթե մեկը իր պարտականությունները կատարում է թերի, ապա մնացածի վրա է բարդվում հավելյալ դժվարությունը: Հայրենիքի զինվոր կարող է դառնալ նա, ով գիտակցում է, որ լիարժեք կատարելով իր պարտականությունը, իր պարտքը՝ նա առաջին հերթին պաշտպանում է իր ծնողներին, պաշտպանում է իր քույրերին, եղբայրներին, իր ապագա երեխաների մորը, իր հայրենի օջախը եւ այս հավաքականության մեջ՝ մեր Հայրենիքը:
Սիրելի՛ զինվորներ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր, անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ, տառապանքով ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, եւ դուք դարձել եք մեր Հայրենիքի լիարժեք քաղաքացիներ: Իմ խորին շնորհակալությունը ձեզ, սիրելի՛ ծնողներ:
Ուզում եմ, սիրելի զինվորներ, ձեզ մաղթել բարի ծառայություն, անփորձանք ծառայություն: Ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որ դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որպեսզի այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք մեր հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը երբեք առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնի: Վստահ եղեք, որ ձեզնից առաջ ծառայողների, նաեւ, անշուշտ, մեր նահատակված զինվորականների վաստակը լինելու է այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն: Եվ որպես փոքրիկ ուշադրություն ձեր լավ ծառայության, ես խնդրել եմ պաշտպանության նախարարին, որ ձեզնից այսօր ծառայության մեջ գտնվող զինվորներին հատկացնի 10-օրյա արձակուրդ, որպեսզի կարողանաք ձեր ծնողների, մերձավորների հետ անցկացնել այս մի քանի օրը:
Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որում մասնավորապես ասվում էր. «Սիրելի երիտասարդներ, սիրելի զինվորներ, ինքնաբուխ կերպով, բայց նաեւ նման շուքով նշելով Սուրբ Սարգսի տոնը, ով ըստ էության դարձել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ հայկական բանակի հովանավոր սուրբը, մենք միաժամանակ մեր խոնարհումն ենք բերում Հայաստանի անկախության ու հայ ժողովրդի ազատության համար անմահացած բոլոր հերոսների հիշատակին: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, Արցախյան ազատամարտի կամավորականներին ու անցած տարիներին հայկական բանակում ծառայած բոլոր զինվորներին ու սպաներին հայրենիքը պաշտպանելու համար:
Հարկ է նշել, որ պարգեւատրված զինվորների մի մասն արդեն զորացրվել է, մյուսները դեռ ծառայության մեջ են գտնվում: Վերջիններս ստացան 10-օրյա արձակուրդ՝ իրենց գերազանց ծառայության եւ մարտական հերթապահությունը պատվով իրականացնելու համար:
Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Ազգային բանակ