Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԸ



ԶՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԸՄեկուկես տարի առաջ` օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, Մարտակերտի  ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհվեց ավագ լեյտենանտ 25-ամյա Զորիկ Գևորգյանը: Անհավասար կռվում Զորիկը երկու տեղից վիրավորվեց. հրազենային  երրորդ վիրավորումը ճակատագրական եղավ երիտասարդ հայ սպայի համար:

Հունվարի 29-ին հերոսը կդառնար 27 տարեկան: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ընկերներն ու մտերիմներն այցելել են Զորիկենց տուն ու պանթեոն, խնկարկել հերոսի հիշատակը:

«Զինվորական կյանքին սովոր էր, ու երևի այդ էր պատճառը, որ ընտրեց այդ մասնագիտությունը. ասաց՝ ինքը նպատակ ունի, ապացուցելու բան ունի… Մինչեւ վերջ էլ չասաց՝ որն էր նպատակը, ինչ էր ուզում ապացուցել, բայց, ըստ էության, ապացուցեց իր գործով: Մենք բոլորս էլ մահկանացու ենք, բայց ինքը դասվեց անմահների շարքը…  »,- այսպես է խոսում հերոս որդու մասին հայրը՝ Ժիրայր Գեւորգյանը:

Մոր՝ տիկին Հերմինեի մտապատկերում դեռ թարմ են որդու մասին հուշերը.

«Զորիկիս համար վատ մարդ չկար, բոլորի մեջ լավն էր միայն տեսնում… Երազկոտ էր շատ, հանգիստ էր բնավորությամբ, համբերատար, սիրում էր երկար լսել: Դպրոցում շատ լավ էր սովորում: Քույր ու եղբայր նույն դասարանում էին՝ չնայած մեկ տարվա տարբերությանը: Դեռ փոքրուց ամեն առավոտ մինչև դպրոց գնալը վազում էր: Ձմռանը տանը շատ ցուրտ էր լինում: Այնքան ցուրտ, որ լողասենյակում ջուրը սառչում էր: Վազում էր, հետո գալիս ու այդ սառած ջրով լողանում: Ասում էր՝ մա՛մ ջան, կոփվում եմ»:

Զինվորական գործի նկատմամբ սերը զինվորական մորեղբորից ու հորից է անցել Զորիկին: «Հոր հետ կրակայինի էին գնում: Գնալիս միշտ ասում էի՝ Զորի՛կ ջան, զենքին, փամփուշտներին ձեռք չտաս: Մի օր էլ եկավ, հագուստը փոխեց, մեկ էլ գրպանից մի փամփուշտ ընկավ: Զայրացա: Ասաց՝ մա՛մ ջան, խնդրում եմ, պապային չասես էլի, ուզում եմ քրոջս՝ Անիի համար կուլոն սարքեմ: Դրա վրա խաչ էր փորագրել ու գրել քրոջ անվան առաջին տառը»,- հիշում է մայրը:

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմելու լուրը մայրը դժգոհությամբ է ընդունել: Որդին, սակայն, չի երկմտել. «Ասում էր՝ մա՛մ ջան, էն տղեն տղա չի, որ հարթած ճանապարհով է գնում: Դու պետք է ինքդ քո ճանապարհը հարթես»:

Զորիկը դեռ դպրոցական տարիքից բանաստեղծություններ է գրել: Դրանք առաջինն ընթերցելու պատիվը միշտ քրոջինն էր՝ Անիինը:

«Ասում էր` քիրուլ, կկարդաս, վերջում կասես, որն ա դուրդ եկել: Հիմա, որ վերընթերցում եմ գրածները, տեսնում եմ, որ ասես այսօրվա համար գրած լինի»,- հիշում է Անին:

Հայրական հարկի տակ հերոսն ամենուր է` հյուրասենյակում, ննջարաններում, հայելու մոտ, պատին փակցված ցուցանակին…

Զինվորական համազգեստները մայրը մինչ օրս խնամքով պահում է, վստահ՝ դրանք դեռ պետք են գալու: Ցույց է տալիս հետախույզ որդու համազգեստն ու ասում. «Անիս մի Զորիկ կունենա, կհագնի դեռ»:

Պատին փակցված դանակների ու զինատեսակների հավաքածուից մայրն առանձնացնում է զենքի խզակոթը՝ վրան փորագրված լուսնով ու գայլով:

«Միայնակ գայլ». սա Զորիկի մականունն է:

«Զորիկս գայլ շատ էր սիրում, ասում էր՝ գայլը միակ կենդանին է, որին հնարավոր չէ կրկեսում վարժեցնել,- ասում է մայրը,- իսկ «մենակ», որովհետև հետախուզական առաջադրանքներին հիմնականում մենակ էր գնում»:

Հերոսի մահով ընկած մինուճար որդու մասին պատմելիս մոր՝ տիկին Հերմինեի բառերը չեն հերիքում, հուզմունքից շարվում են կոկորդին…

«Իմ Զորիկն էլ ձեզնից մեկն էր, որ կուզեր ընտանիք կազմել, զավակներ ունենալ, մեզ թոռնիկներ պարգեւել… Բայց այդ ամեն ինչից վեր համարեց հայրենիքը ու գիտակցաբար գնաց այդ քայլին… Մենք էլ պարտավոր ենք նրա ընտրած ճանապարհը հարգել, ընդունել ու խոնարհվել»:

 

Ավագ լեյտենանտին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով:

Նրա անունով են անվանակոչվել այսօր մի քանի կրթօջախներ: Կապիտան Զորիկի Գևորգյանի անունն է կրում Վանաձորի պետական համալսարանին կից գործող վարժարանը, «Փոքր Մհեր» կրթահամալիրի ջոկատներից մեկը, ռազմական ինստիտուտի հետախուզական ամբիոնը:

 

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ, Ճակատագրեր


25/02/2016