Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է



ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է«Հայաստանի զինված ուժերը հետխորհրդային տարածաշրջանի ամենամարտունակներից մեկն են. երկրի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում բանակի պաշտպանունակության վրա: Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ՀՀ ԶՈՒ-ը համալրվում են սպառազինության ժամանակակից համակարգերով: Ըստ այդմ՝ Հայաստանի անվտանգությունը ապահովված է, ինչի հետ հաշվի են նստում տարածաշրջանային բոլոր խաղացողները»,- RUSARMINFO-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը:

Ռուսաստանցի փորձագետի գնահատմամբ՝ այսօր տարածաշրջանում, այդ թվում նաեւ՝ Կովկասում, նկատելի է իրավիճակի սրընթաց վատթարացում, եւ այս պայմաններում Հայաստանի մարտունակ բանակը ոչ միայն հենց Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի կայունության երաշխավորն է:

Իվան Կոնովալովը նկատում է, որ ի տարբերություն նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների, Հայաստանը կերտում էր իր բանակը Ղարաբաղյան պատերազմի, Թուրքիայի կողմից սպառնալիքի եւ տնտեսական շրջափակման պայմաններում: Հայաստանի փառահեղ ռազմական անցյալը, խորհրդային տարիներին իրենց լավագույնս դրսեւորած հայ ականավոր ռազմական գործիչների բազմամյա փորձը հայերին թույլ են տվել զրոյից մարտունակ բանակ ստեղծել:

«Ներկայումս հայկական բանակը երկրի սահմանափակ հնարավորության պայմաններում լավագույններից է հետխորհրդային տարածաշրջանում: Այն տարբերվում է սպաների անկոտրում ոգով եւ մարտական բարձր պատրաստվածությամբ: Միաժամանակ Հայաստանը հետխորհրդային երկրներից առաջինն է ստեղծել իր սեփական անօդաչու սարքը՝ «Կռունկը»,- նշում է փորձագետը:

Նրա խոսքով՝ «Հայկական բանակը Ռուսաստանի արժեքավոր դաշնակիցն է, ինչը որոշիչ դեր ունի Մերձավորարեւելյան անկայուն տարածաշրջանում»,- եզրափակում է Իվան Կոնովալովը:

 

Թարգմանեց Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ

ավ. լեյտենանտ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Տարածաշրջան


25/02/2016