Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՈՐԴԻՆ ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ Է



ԻՄ ՈՐԴԻՆ ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ ԷԱգարակի շրջակա ժայռերի կատարները ողողվել են արեւի բոսորագույն ցոլքերով: Անշարժ լռության մեջ լսվում է միայն Արաքսի խշշոցը:  Հետո ամեն օրվա նման  հնչում է  շեփորականչը, եւ լռությունը մեկեն չքանում, բարձրանում է լեռները, որտեղ ամբողջ գիշեր կանգնում են մեր զինվորները: Շեփորականչի հետ զորամասում սկսվում է եռուզեռը, քաղաքում՝ նույնպես:

Ագարակը հանքարդյունաբերական բնակավայր  է:  Հյուրանոցից, որը գտնվում է զորամասից քիչ վերեւ, իջնում եմ զորամաս:  Դպրոցական երկու տղաներ աշխույժ զրույցով քայլում են իմ առջեւից:  Դեպի զորամաս քայլող զինվորականները ջերմ ողջունում են տղաներին ու  երկուստեք  ժպիտով բաժանվում են իրարից:  Զգացվում է, որ հին ծանոթներ են:

-Բարի լույս, տղանե՛ր,- քայլերս արագացնելով՝  հավասարվում եմ նրանց:

-Բարի լույս,- պատասխանում են  նրանք՝ քննող հայացքներով:

-Երեւում է՝ լավ ընկերություն եք անում սպաների հետ, բոլորը ձեզ ճանաչում են:

-Էդպես էլ կա՝ մեր ամենօրյա ճանապարհն է, հանդիպում-զրուցում ենք՝ իրենք զորամաս են գնում՝ ծառայության, մենք էլ՝ դպրոց,- պատասխանում է տարիքով ավագը:

-Ընկերնե՞ր եք:

-Ո՛չ, եղբայրներ,- ժպտում է կրտսերը:

Մինչեւ Սերյոժա եւ Ռոբերտ Համբարձումյանների դպրոցը դեռ ճանապարհ կա, ու մենք զրուցելով անցնում ենք այդ ճանապարհը:

-Ժամանակին արթնանո՞ւմ  եք, թե՞ ծնողներդ են ձայն տալիս:

-Մեր զարթուցիչը  զորամասի  շեփորականչն է,- ծիծաղում է Սերյոժան:

-Ընկերություն միայն սպաների՞ հետ եք անում,- հարցնում եմ:

-Ո՛չ, զինվորներից էլ կան:  Մեր ծանոթներից շատերը զորացրվել, տուն են վերադարձել:

-Սիրո՞ւմ եք զինվորական գործը,  դպրոցն ավարտելուց հետո կարո՞ղ է՝ զինվորական դառնաք:

-Սիրում եմ, բայց, ճիշտն ասած, դեռ չեմ որոշել,- ասում է Սերյոժան:

-Իսկ ես որոշել եմ՝ դպրոցն ավարտելուց հետո գնալու եմ ծառայելու: Իմ զինվոր ընկերներից՝ Հայկը, դիրքերում հերոսություն էր արել, ու նրան նշանով էին պարգեւատրել: Այդ նշանը կրծքին՝ տուն գնաց,- ասում է Ռոբերտը:

Ես էլ եմ լրացնում Սերյոժա եւ Ռոբերտ Համբարձումյանների ծանոթ-ընկերների «ցանկը», որովհետեւ զորամասի եւ դպրոցի բաժանման ճանապարհին մենք միմյանց հրաժեշտ ենք տալիս ջերմորեն, հին ծանոթների պես:

ԻՄ ՈՐԴԻՆ ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ Է…Զորամասում ինձ ուղեկցող զինվորի կրծքին նկատելով «Քաջարի մարտիկ» կրծքանշանը, անմիջապես հիշում եմ  իմ  «հին» ծանոթներին` Սերյոժային ու Ռոբերտին:  Ափսոս, զինվորը դեռ նրանց չի ճանաչում:  «Ոչինչ, դեռ ծառայության ահագին ժամանակ կա, միգուցե  մի օր ծանոթանանք,- ասում է «Քաջարի մարտիկը»:  Հետո էլ անունն եմ իմանում՝ Ռոման Գրիգորյան:

Ծնվել է  Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է: Ծառայությանը ընտելացել է եւ ամեն ինչից գոհ է, միայն կարոտել է իր Լաուրա մայրիկի թխվածքները:

-Իսկ ճաշե՞րը:

-Ո՛չ,  այստեղի ճաշերը համեղ են, բազմազան, միայն մամայիս խմորեղենն եմ կարոտում,- ասում է ու ամոթխած ծիծաղում:

Հետո պատմում է իր գումարտակի (հրամանատար՝ փոխգնդապետ Վ. Թամրազյան) ծառայակից ընկերներից՝ Արմենից, Արամից, Հայկից… Եվ հասկանում ես, որ այդ ընկերությունը գեղեցիկ է, մաքուր եւ ամուր:

-Իսկ ինչո՞վ աչքի ընկաք, որ հրամանատարությունը Ձեզ ներկայացրեց պարգեւատրման,- հարցնում եմ նրան:

-Կարգապահ, զգոն ծառայության համար:  Դա նաեւ իմ ընկերների պարգեւն է.  մենք միասին 13-14 անգամ  բարձրացել, մարտական հերթափոխի ենք կանգնել դիրքերում: Մենք՝ ես, ընկերներս, պատրաստ ենք կատարելու մեր առջեւ դրված ամեն  մի առաջադրանք… Հրամանատարությունը մեզնից գոհ է…

Զրուցում եմ նաեւ Ռոմանի ծառայակից ընկերների հետ: Ասում են՝ սիրում ու հարգում են Ռոմանին, հաշվի են նստում նրա կարծիքի հետ: Եվ որ նա լավ զինվոր է, հրաշալի ընկեր ու իսկապես վաստակել է «Քաջարի մարտիկ» կրծքանշան կրելու իրավունքը:  Ես էլ իմ կարծիքն եմ բարձրաձայն հայտնում՝ Ռոմանի հայրն ու մայրը պետք է հպարտ լինեն նման զինվոր որդի ունենալու համար:

 

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ


25/02/2016