ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակի առթիվ հունվարի 28-ին Քաշաթաղի շրջվարչակազմի նախաձեռնությամբ հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տոնական հանդիսություն կազմակերպվեց: Այցի պահին զորամասում տոնական միջոցառում էր: Գնդապետ Հովիկ Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասի շարահրապարակում գումարտակ-գումարտակ, վաշտ-վաշտ շարված էին հայոց բանակի զինվորներն ու հրամանատարները: Զորամասի հրամանատարը ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի առթիվ՝ կարևորելով բանակի դերը երեկ ու այսօր և ապագայում: Անդրադարձավ իրենց զորամասի առաքելությանը՝ նշելով, որ հայրենիքի մի հատվածի պաշտպանությունը վստահված է հրապարակում շարված և դիրքերում կանգնած զինվորներին, և նրանք պատվով են այն կատարում. «2015թ. դեկտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձել էր ներխուժել միջդիրքային տարածք: Դարանակալած մեր հետախուզական ստորաբաժանման զինծառայողներն անցել են պաշտպանական մարտի: Ցավոք, մերձամարտի ընթացքում զոհվեցին ՊԲ շարքային զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.), ևս 4 զինծառայող վիրավորվեց: Նրանք իրենց կյանքի գնով ետ՝ դեպի ելման դիրքեր շպրտեցին ադրբեջանական գրոհայիններին, ինչի ընթացքում թշնամին զգալի կորուստներ կրեց»:
Միջոցառման ավարտին աչքի ընկած մի շարք զինվորականներ պարգևատրվեցին: Հայոց բանակի զինվորներին ու սպաներին տոնի առթիվ շնորհավորեց ու ողջունեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ ասելով.
-Մեր բանակը, որ բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, ամենամարտունակն է տարածաշրջանում, և սա օտարերկրյա ռազմագետների կարծիքն է նաև: Այն այդպիսին է, քանի որ ունի մահվանն անթարթ հայացքով նայող հրամանատարներ, ձեզ նման խիզախ ու արի զինվորներ: Մենք պարտավոր ենք ավելի ուժեղ, ավելի հզոր և ավելի զգոն լինել: Հայոց բանակին օժանդակելը յուրաքանչյուրիս պարտքն է:
Քաշաթաղի շրջվարչակազմի անունից զորամասի հրամանատարը, տեղակալ, փոխգնդապետ Դ. Ավանեսյանը, փոխգնդապետ Ս. Հայրապետյանը, այլ սպաներ արժանացան պատվոգրերի և նվերների:
Անցած տարվա ամռանը զորամասի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար զորամասի հսկողության տակ գտնվող սահմանահատվածում ինժեներական ծավալուն աշխատանքներ են կատարվել, որին նշանակալի մասնակցություն ունեցավ Քաշաթաղի շրջանը: Շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ երկու հարյուր կամավորներ մասնակցել են կահավորման աշխատանքներին: Համագործակցությունը շարունակվելու է: Բանակ-հասարակություն կապն ամուր պահելու համար զորամասի հրամանատարության կողմից շրջվարչակազմի ղեկավարը, տեղակալը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, այլ աշխատակիցներ, ինչպես նաև առաջնագծի ամրացման աշխատանքներին մասնակցած համայնքների ղեկավարները խրախուսվեցին շնորհակալագրերով ու պատվոգրերով:
Շնորհակալագրի արժանացան նաև Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1, Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 և Քարեգահի միջն. դպրոցների տնօրեններ Անահիտ Քոսակյանը, Համբարձում Արզանյանը և Վոլոդյա Գալստյանը:
Պաշտոնական մասից հետո հրապարակում համերգային ծրագրով հանդես եկան Քաշաթաղի շրջանի մշակութային խմբերն ու դպրոցականները: Կովսականի «Թաթուլ» ազգագրական երգ ու պարի խումբը Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ հանդես եկավ ազգագրական, ռազմահայրենասիրական պարերով, երգերով: Ելույթ ունեցան նաև Բերձորի արվեստի դպրոցի (տնօրեն՝ Ա. Սուջոյան) և «Բերձոր» ժողգործիքների համույթի (տնօրեն՝ Հ. Գրիգորյան) երգիչ-երգչուհիները, երաժիշտները: Սահմանապահ զինվորականների համար քաղցրավենիք էին թխել ու բերել Բերձորի թիվ 1, թիվ 2 և Քարեգահի միջնակարգ դպրոցների սաները: Արկղերին գրված էր՝ «Իմ պահապանին»:
Համերգային մասից հետո Քաշաթաղի շրջանի պավիրակության անդամները շրջեցին զորամասում, ծանոթացան պայմաններին, ապա զինվորների հետ վայելեցին զինվորական ճաշը:
Հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Հայրապետյանն ասաց, որ բանակն առանց ամուր թիկունքի թույլ կլինի, ուստի կարևոր են նման հանդիպումները, շփումները, եւ, ինչ խոսք, օրինակելի եւ խրախուսելի է Քաշաթաղի շրջանի վարչակազմի և իրենց զորամասի համագործակցությունը:
Զորամասի հրամանատարը վերջում գոհունակություն հայտնեց այցի համար և հավելեց.
-Հակառակորդը պետք է իմանա՝ մեր տունն ամուր է, մուտք գործելը՝ անհնարին: Թշնամու ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնացել, չի մնա: Թշնամին յուրաքանչյուր ոտնձգությունից հետո ունեցել է և՛ մարդկային, և՛ տեխնիկայի կորուստներ: Մենք հակառակորդի նկատմամբ ավելի խիստ ենք գործելու:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ