Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ, ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ



ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ, ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի անձնակազմին է հղել իր հերթական՝ 2016թ. տարեմուտի ուղերձը: Առաջին հայացքից այն պարզապես ամփոփում է անցած տարի զինված ուժերում կատարված աշխատանքները և նախանշում է այս տարվա հիմնական անելիքների ուղղությունները: Սակայն առավել խորն ուսումնասիրելիս աչքի են զարնում մի քանի հստակ և չափազանց կարևոր «հաղորդագրություններ»:

Ուղերձը թվով յոթերորդն է և որոշակիորեն տարբերվում է նախորդներից: Նախարարը ներկայացնում է իր ղեկավարած ոլորտում վերջին յոթ տարիների ընթացքում կատարված աշխատանքները, ի մի բերում գրանցված հիմնական ձեռքբերումները՝ դրանք համարելով հետագա զարգացման և կատարելագործման համար լավ հիմք և գերակա ուղղություններ: «Յուրահատուկ հաշվետվություն»՝ այսպես կարելի է անվանել ուղերձը: Հաշվետվություն, որը վառ ապացույց է, թե տարիների նպատակաուղղված աշխատանքի, հասարակության բոլոր շերտերի հետ սերտ համագործակցության և օժանդակության դեպքում ինչ հսկայական բարձունքների կարելի է հասնել բանակային կարգապահության, զինված ուժերի պատրաստության ոլորտում:

Նախևառաջ նախարարը կարևոր տեղ է հատկացնում զինված ուժերում արդարության սկզբունքի, բարեվարքության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ համատեքստում նշանակալի իրադարձություն էր «ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի» և նախարարի համապատասխան օգնականի հաստիքի ստեղծումը: Ընդհանրապես, կոռուպցիոն ռիսկերի վերացումը պաշտպանության նախարարության գործունեության հիմքում է դրված: Արդեն փաստ է՝ ձևավորվել է մի գիտակցական մթնոլորտ, երբ կաշառք տալն ու վերցնելը, հարցեր լուծելու կողմնակի ճանապարհներ փնտրելը դարձել է ոչ միայն ամոթալի, անպատվաբեր, այլեւ ապարդյուն:

Առավել խոցելի մի քանի ոլորտներում նախարարը զգալի առաջընթաց է արձանագրում: Կադրային քաղաքականությունն իրականացնելիս հաշվի են առնվում բացառապես անձի մասնագիտական ունակությունները, փորձը, ծառայության մեջ ունեցած ցուցանիշները: Նման մոտեցումը հրամանատարական բոլոր օղակներում արդարացի և արժանահավատ մթնոլորտ է ձևավորել: Այնպիսի մթնոլորտ, որն անհրաժեշտ է հայրենասեր, համարձակ, բարեկիրթ ու արհեստավարժ հրամանատար ունենալու համար:  Հենց տարիների աշխատանքի արդյունքն է, որ 2016 ուսումնական տարում զինված ուժերը ղեկավարվելու են  «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով, հայտարարվել է «Հրամանատարական պատրաստության տարի»: Կադրային քաղաքականության ոլորտում վերջին տարիներին որդեգրած գործելաոճի էությունն ամբողջությամբ արտահայտում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից մեկում արտահայտված հետևյալ միտքը. «Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է: Կջարդվի այդ ողնաշարը, չենք ունենա ոչինչ»:

Կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից վտանգավոր ոլորտ է գնումների գործընթացը: Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել խախտումները վերացնելու, շորթումների նորանոր մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ: Արդյունքում՝ այսօր արդեն զինված ուժերի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացը առավել քան երբևէ թափանցիկ է, հասանելի բոլորին: Մրցույթները ապագաղտնիացվել են, միաժամանակ մատակարարված ապրանքների որակի բարելավման խնդիր է դրվել: Հաջողությունները մեծ են, սակայն նույնիսկ դա նախարարը բավարար չի համարում և նոր ջանքեր ու եռանդ է պահանջում առավել բարձր արդյունքներ ունենալու համար:

Թերևս ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտը միշտ համարվել է զորակոչը: Այսուհանդերձ, հետևողական աշխատանքը այժմ թույլ է տալիս նախարարին որոշակի հպարտությամբ խոսելու զորակոչի գործընթացի մասին: Փաստ է, որ վերջին տարիներին զորակոչի հետ կապված միջոցառումները համակարգվեցին, առավել մեծ հսկողության տակ վերցվեցին: Ներդրվեց նորակոչիկների բաշխման վիճակահանության սկզբունքը: Վիճակահանությանը մասնակցում են շատ նորակոչիկների ծնողներ, համոզվում, որ ամբողջ գործընթացը արդար է և թափանցիկ: Արդյունքում՝ մեր հասարակությունում զորակոչի նկատմամբ ձևավորվել է աննախադեպ վստահություն:

Ուղերձում նախարարը խոսում է նաև զինված ուժերի առօրյա կենսագործունեության, ինչպես նաև զարգացման կարևորագույն ուղղությունների մասին: Նա շեշտում է այն փաստը, որ մեծ ուշադրություն է հատկացվում պլանավորման և ռազմավարական պլանավորման գործընթացին: Այսինքն՝ բանակը տարերայնորեն առաջ չի գնում, այլ զարգանում է հստակ սահմանված ուղով:

Ըստ նախարարի՝ ծրագրվածն իրագործելու նպատակով հաջողվել է ձևավորել կառավարման մշակույթ, որի հիմքում քննարկումն է: Բոլոր կարևոր որոշումներն ընդունվում են ներկայացված առաջարկների, դրանց քննարկումների և ընդհանուր եզրակացության հիման վրա: Ենթակաների կարծիքը հարգելու և համարձակ առաջարկությունները գնահատելու սկզբունքի շնորհիվ որոշումներն ավելի արդյունավետ և ճիշտ են դարձել: Նման մոտեցման շնորհիվ զգալի հեշտանում է նաև անձնակազմի կառավարման խնդիրը: Միաժամանակ ձևավորվում է գնահատման մշակույթ. յուրաքանչյուր պետ պիտի իմանա իր ենթակայի ունակությունները, տարբեր իրավիճակներում գործելու կարողությունները և արժանիորեն գնահատի իր ենթակային: Անձնակազմի ճիշտ կառավարումը որոշակիորեն նպաստում է նաև երկու շատ կարևոր հայեցակարգերի իրագործմանը: «Փոքր ուժերով մեծ խնդիրներ» և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով», ըստ որի՝ շատ որոշումների ընդունումը ղեկավարությունը վստահում է ավելի ցածր օղակներին՝ հնարավորություն տալով նրանց ազատ մտածելու, նախաձեռնելու և գործելու:

Ուղերձում խոսվում է մարտական պատրաստության կարևոր սկզբունքների և միջոցառումների, դիրքերի ինժեներական ապահովման, անվտանգության ապահովման միջոցառումների, հայրենական ռազմաարդյունաբերության զարգացման մասին և այլն: Նախարարի հավաստմամբ, այդ ամենի լիարժեք իրականացումն է, որ հնարավորություն է տվել դիմագրավելու հակառակորդի ոտնձգություններին և անհրաժեշտության դեպքում իրականացնելու պատժիչ գործողություններ: Արդյունքում՝ սահմանին կանգնած մեր սպաների ու զինվորների անձնվիրության ու սխրանքի շնորհիվ համախմբվում է ամբողջ հասարակությունը:

Նախարարը ապացուցված է համարում, որ բանակում արձանագրված հաջողությունները ամբողջ անձնակազմի նվիրված, քրտնաջան աշխատանքի արդյունք է: Իրենց առողջությունն ու կյանքը ընդհանուր գործի համար զոհաբերած մեր տղաներին, սահմանին կանգնած զինվորներին ու սպաներին ամբողջ ժողովուրդն է գնահատում: Պետք է քաջ գիտակցել, որ հետագա հաջողությունները կախված են յուրաքանչյուրի և բոլորի համախմբված գործողություններից:

Ամեն մի հայ իր նպաստը պետք է բերի բանակի զարգացմանը՝ բարեխիղճ ծառայելով, բանակահենք տնտեսություն ստեղծելով, պարզապես մի բարի խոսքով և ուշադրությամբ: Առկա մարտահրավերները ճիշտ գնահատելու դեպքում մենք կկարողանանք հաղթել բոլոր ճակատներում:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

 

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/02/2016