Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ ԱՄՐԱՊՆԴԵՆՔ



Հայաստանը միանում է «Պաշտպանական համակարգերին»

 

«Մենք մեկ ընդհանուր տնտեսական եւ անվտանգության համակարգում ենք, միասին ենք մեծացնում մեր երկրների  պաշտպանական ներուժը»:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ ԱՄՐԱՊՆԴԵՆՔՀայաստանը պատրաստ է միանալու ռուս-բելառուսական միջկառավարական «Պաշտպանական համակարգեր» խմբի աշխատանքներին: Այն մասնագիտացած է ՀՕՊ եւ բարդ ռադիոէլեկտրոնային համակարգերի զարգացման ոլորտում: Որոշումը ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունք է: Հայկական կողմը լիովին պատրաստ է ստորագրելու համաձայնագիրն ու արձանագրությունը եւ ինտեգրելու հանրապետության ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անցյալ շաբաթ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ժամանակ հայտնեց իր գործընկերներին, որ Հայաստանը իրականացրել է ներհանրապետական բոլոր ընթացակարգերը եւ պատրաստ է ստորագրելու փաստաթղթերը. «Մենք մեկ ընդհանուր տնտեսական եւ անվտանգային համակարգում ենք, միասին ենք մեծացնում մեր երկրների  պաշտպանական ներուժը»,- ընդգծել է նախարարը:

«Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը ստեղծվել է 2000 թ. փետրվարի 11-ին ռուս-բելառուսական համաձայնագրի հիման վրա: «Պաշտպանական համակարգերի» հիմնական նպատակն անդամ պետությունների գիտատեխնիկական, արդյունաբերական, ներդրումային ներուժը հակաօդային պաշտպանության եւ բարդ ռադիոէլեկտրոնային համակարգերի, ինչպես նաեւ երկակի եւ քաղաքացիական նշանակության  ապրանքների արտադրությանը ծառայեցնելն է:  Դրանցից առավել հայտնի են  С-300,  Печора-2М,  РЛС П-18, Թերեք համակարգերը, «Ֆենիքս» օպտիկաէլեկտրոնային կայանը:

«Այժմ գործելու պայմանագրային եւ իրավական հստակ դաշտ կա, որի միջոցով մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները,- ասել է նախարարը:- Ամենակարեւորն այն է, որ մենք մեր ձեռնարկությունների, բիզնեսի, հասարակության եւ տարբեր կազմակերպությունների համար ստեղծել ենք անմիջական կապի, համագործակցության, համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորություն»:

Գերատեսչության ղեկավարը ավելացրել է, որ ՀՀ ՊՆ-ն մտադիր է շարունակելու աջակցությունը հանձնաժողովին ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ջանքերը բազմապատկելու համար:

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինն իր հերթին նշել է, որ կողմերը բավականին բարելավել են նորմատիվային-իրավական բազան, ինչն էլ «հնարավոր կդարձնի հայկական եւ ռուսական ձեռնարկությունների ինտեգրումը մեր երկրների ռազմաարդյունաբերական միասնական համալիրում»:

«Իմ կարծիքով, մենք գտել ենք այն ճիշտ լուծումը, որը թույլ կտա ամրապնդելու մեր երկրների համագործակցությունը, ազգային անվտանգությունը»,- ասել է Կոնստանտին Բիրյուլինը:

 

Բարելավված իրավական դաշտը ձեռնարկությունները մեկ միասնական ռազմաարդյունաբերական համալիրում ինտեգրելու հնարավորություն է

 

Սեյրան Օհանյանը նշել է՝ այս ոլորտի ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ուժի մեջ է մտնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը. «Ես ստորագրել եմ հրաման, ըստ որի՝ պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի վարչությունները պետք է իրականացնեն պայմանագրի համապատասխան դրույթները»,- ասել է պաշտպանության նախարարը:  Նա ավելացրել է, որ պատրաստ է մատակարարվող ռազմական արտադրանքի նպատակային օգտագործման վերահսկողության իրականացման մասին Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության  կառավարությունների միջեւ ստորագրվելիք համաձայնագիրը: Ինչ վերաբերում է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաքմանը, ապա, ըստ հայկական ԶԼՄ-ի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանին Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռների, ինչպես նաեւ զրահատանկային միջոցների, հրթիռահրետանային համակարգերի եւ այլ զինատեսակների փոխանցման հնարավորությունը:

Բացի այդ, պայմանագրի շրջանակներում քննարկվել են սահմանային վերահսկողության միջոցների գնման, զրահատանկային եւ  ինժեներական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման, ինչպես նաեւ վարժասարքերի առաքման հետ կապված հարցեր: Չնայած ֆինանսատնտեսական ներկայիս իրավիճակին՝ օրակարգում են նաեւ ավելի ծավալուն  նախագծեր, մասնավորապես՝ Հայաստանի կողմից Սու-30 կործանիչների ձեռքբերումը:

 

Ալեքսանդր ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ

ՌԴ ՊՆ «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթ

Թարգմանեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ


25/02/2016