Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ



ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲՀավատացած եմ՝ հեռու չէ այն օրը, Երբ Կամո Թորոսյանի հերթական  այցը  իր ծննդավայր կլինի սպասված ու կարոտով:  Ծննդավայրը  Թալինի Արտենի գյուղն է, որտեղ ապրում են Գարեգին և Ստելլա  ծնողները  իրենց զավակների՝ Աննայի ու Հայկի հետ: Կամոն նրանց  երրորդ երեխան է: Ծնվել  է  2000 թվականի  դեկտեմբերի  29-ին: Տասը  տարեկան էր, երբ ընդունվեց «Փոքր Մհեր» կրթահամալիր և արդեն   հինգ տարի «զինվորական» գործի  է: Կամոն իր համար  հարազատ մի մարդու՝ Սևակ Խաչատրյանի խորհուրդներով է  ընտրել զինվորական գործը:  Սևակը  Կամոյի հորաքրոջ ամուսինն է. Արցախյան պատերազմից հետո անցել է պայմանագրային   ծառայության: Երբ մեկ տարի առաջ Քարվաճառում զոհվեց Սևակի մտերիմ մարտական  ու ծառայակից  ընկերը՝ Արամ Գրիգորյանը,  Կամոն արդեն հասուն զինվորականի պես նրան ասաց.  «Հիմա առավել ևս զգացի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»:  Այսքանը: Եվ Սևակը հասկացավ, որ այդ խոսքերում  կար և՛ ցավակցություն, և՛ սփոփանք ու վրեժխնդրություն:

Կամոն արդեն  ավագ հայկազուն է՝ ջոկի հրամանատար:  Հաղթահասակ է, հաղթաբազուկ, և նրա հետ  խոսելիս հասկանում ես Պարույր  Սևակի խոսքերը.  «Ամենից դժվարը ինքն իրենից հասուն լինելն է»:  Եվ Կամոն արդեն այդպիսին է,  լուրջ է, իսկական հասուն տղամարդ, երբ ընդամենը  15  տարեկան է: Պատմում է կրթահամալիրի  իրենց հագեցած օրերի, պարապմունքների, դասաժամերի, մրցումների մասին:  Սիրով է խոսում տնօրեն, մայոր  Ա. Միրզոյանի, վաշտի հրամանատար, մայոր  Ա. Մելքոնյանի, դասակի հրամանատար, սերժանտ  Ս. Հովհաննիսյանի մասին: Ներկայացնում է իր ջոկի տղաներին՝ Աշոտին, Նորայրին, Վարդանին, մյուսներին:

Անչափ   հետաքրքիր է զրուցել  «Փոքր Մհեր»  կրթահամալիրի  ավագ հայկազուն  Կամո Գարեգինի Թորոսյանի հետ՝ ականջալուր լինել  ինքն իրենից հասուն մի հայորդու, որի աչքերում մանկություն կա: Այդպես ամուր էլ նա մտնելու, լրացնելու է Հայոց բանակի  շարքերը:  Եվ վերջում ուզում եմ  գրել այս ակնարկի առաջին նախադասությունը՝ հավատացած եմ՝ հեռու չէ  այն օրը, երբ Կամո Թորոսյանի  հերթական այցը ծննդավայր կլինի սպասված ու կարոտով:

Ես զգում եմ այդ հպարտությունը, որն անանձնական է:

 

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ազգային բանակ


26/02/2016