«ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»
Արթուր Արզումանյանը ծնվել է 1996 թ.-ի մարտի 8-ին Երևանում: Արդեն մեկ ու կես տարի է, ինչ ծառայում է զինված ուժերում: Նա բազմիցս հանդես է եկել մշակութային և ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպմամբ: Ունի մի շարք նախասիրություններ, որոնցից առաջնայինները երգն ու գրքերն են: Ազատ ժամանակ ունենալուն պես երգում է ու կարդում: Նշենք նաև, որ Արթուր Արզումանյանը սովորում է պոլիտեխնիկական համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի և կապի ֆակուլտետի երկրորդ կուրսում:
Արթուրն ինքն իր մասին
Նշում է, որ ինքը հայ ազգի մի զինվոր է, որը սիրով է կատարում իր սահմանադրական պարտքը: Մեր հերոսն առանձնանում է իր ընկերասիրությամբ: Որպես զինվոր նախընտրում է ծառայության մասին շատ չխոսել եւ համաձայն չէ այն տեսակետին, թե զինվորը պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի. «Հանուն հայրենիքի ծառայելը կարևոր է ու նպատակային: Յուրաքանչյուր հայ տղայի համար ծառայելը պետք է լինի ոչ թե պարտավորություն, այլ պարտականություն»:
Հայոց բանակում ծառայելն ինձ տալիս է…
Արթուրն այս հարցադրումը լսելիս միանգամից մտաբերում է իր հրամանատարի խոսքերը. «Ծառայությունից դուք ձեզ հետ ոչինչ չեք տանելու բացի լավ ընկերներից ու լավ հիշողություններից»: Թեև մեր զինվորին մնացել է ընդամենը վեց ամսվա ծառայություն, այնուամենայնիվ նա համոզվել է և հակված է հետեւյալ կարծիքին՝ բանակն է, որ երիտասարդին տղամարդ, լիարժեք անձնավորություն է դարձնում…
Հայ զինվորն առանձնանում է իր…
Գիտեք, ես միշտ մտորում եմ ու հասկացել եմ, որ հայ զինվորն առանձնանում է իր մտածելակերպով, խելքով, ունակություններով ու տոկունությամբ: Համեմատականներ անցկացնելով մեր և թշնամու բանակների միջեւ՝ ակնհայտ է դառնում, որ, ճիշտ է, քանակապես քիչ ենք, բայց ավելի մարտունակ ենք, քանի որ մեր ազգը դժվարություններ ի սկզբանե է տեսել:
Հայ զինվորին գոտեպնդում է…
«Յուրաքանչյուր զինվոր ինձ հետ կհամաձայնի, որ մեզ նախևառաջ գոտեպնդում է պատասխանատու և պարտավորված լինելը. այդ գիտակցումն ակամայից քեզ տալիս է դրական էներգիա»,- ասում է մեր հերոսն ու ավելացնում, որ պատասխանատվությունը բխում է նաև սահմանում առկա վիճակից, հրադադարի ռեժիմի խախտումներից, ծնողներից ու սիրած անձնավորությունից: Արթուրը նաև հավելում է. «Այսօր, երբ լսում ենք բանակին առնչվող լուրերն ու տեսնում սահմանի վիճակը, հասկանում ենք, որ մենք ուղղակի մեր զգոնությունը թուլացնելու բարոյական իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր պահը հայ ազգի համար ճակատագրական կարող է լինել: Ազատության համար մարտնչած տղերքի արյունն է, որ հայ զինվորին պարտավորեցնում է»:
Ես երջանիկ եմ, որովհետև…
Ուրախ և երջանիկ եմ, որ առաջին հերթին ունեմ առողջ ծնողներ, որոնք սատար են կանգնում իմ յուրաքանչյուր որոշմանն ու միշտ ձեռք են մեկնում ինձ: Առանձնահատուկ երջանիկ եմ, որ ունեմ ինձ սիրող ու սպասող մի էակ, որն իմ կողքին է ամենադժվար պահերին: Սա է երջանկությունը. այն իսկական երջանկությունը, որից դու քեզ լավ ես զգում ու հասկանում բառի իրական արժեքը:
Ամենադժվար բանը զինվորի համար…
Հաղթահարել կարոտը (ժպտում է): Արթուրը թեև ժամանակի գործոնն է հիմնականում դժվարին համարում, այնուամենայնիվ վստահ է, որ մյուս դժվարությունները կապված են զուտ ծառայության բնույթի հետ, որոնք և՛ լուծելի են, և՛ ուսանելի: Հայ երիտասարդի համար դժվար բան չպետք է լինի: Բանակն այն դարբնոցն է, որը քեզ ուղղվելու, թրծվելու, որպես անհատ ձեւավորվելու լիարժեք հնարավորություն է ընձեռում: Ծառայության ժամանակ փոխվում են կյանքի վերաբերյալ մոտեցումները, ընկալումները:
Բանակ-հասարակություն կապը…
Արթուրը վստահ է՝ եթե չլինի հասարակության հետ կապը, զինվորի համար ծառայությունն ավելի դժվար կլինի. «Բոլորիս հայտնի մի արտահայտություն կա. մարդը հիմնականում շուտ հոգնում է միօրինակությունից: Մեզ՝ զինվորներիս, բացի ռազմական հետաքրքրություններից, հարկավոր են նաև «դրսի աշխարհի» հետ շփումները»: Արթուրը նախաձեռնող զինվոր է, նա իր զորամասում պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, հանդես գալիս հետաքրքիր գաղափարներով: Մեր հերոսը կողմնակից է ազգագրական երգեր ու պարեր կատարելուն, դրանց տարածմանը:
Ես երգում եմ, որովհետև…
Հիմնականում երգում եմ կիթառով, այն իմ անբաժան ուղեկիցն է: Ուրախ եմ, որ կարողանում եմ երգերի միջոցով ոգևորել իմ զինակից ընկերներին: Այն օգնում է և՛ թեթեւանալու, և՛ մտորումների գիրկն ընկնելու (ժպտում է):
Վերջաբանի փոխարեն…
Մեր հերոսը զրույցի վերջում դեռ չծառայած տղաներին խորհուրդ տվեց անպայման բռնել այդ «փորձությունը», ծառայության ժամանակն էլ անտեղի չվատնել, կոփվելուց, ռազմական գիտելիքներ ձեռք բերելուց զատ պարբերաբար կարդալ ու լինել նախաձեռնող…
Զրուցեց Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ազգային բանակ