ԶԻՆՎՈՐԻՆ ՄԵՆԱԿ ՉՊԵՏՔ Է ԹՈՂՆԵԼ
Երգը զենքի պես զգույշ գործածիր,
Երբ խառն է դարը:
Նույն արճիճից են ձուլվում, իմացի՛ր,
Գնդակն ու տառը:
Գ. Էմին
«Քնար» երաժշտասերների միության նախագահ Յուրի Ղազարյանը օրերս հերթական միջոցառումն անցկացրեց Նուբարաշենի 4-րդ հատուկ հրաձգային գնդում (հրամանատար` Վ. Մուսայելյան):
Այսօր ավելի քան իրական ու շոշափելի է մեր բանակի հաղթական գոյությունը հզոր բանակի կարգավիճակում, վկան` Շուշին, Արցախը:
Այո՛, երգով է կռվել հայ մարտիկը: Նրանցից յուրաքանչյուրի երակներում ազգային երգի ու պոեզիայի իմաստուն ոգին ու շունչն է, որով մինչ օրս կոփվում է նա` դիմակայելով ներկա ու գալիք ամեն վտանգի ու դավի:
Բեմում Ազգային օպերային թատրոնի երիտասարդ մենակատարներն են` Սերգեյ Սարգսյան, Տաթևիկ Աշուրյան, դուդուկահարների անսամբլը, երգչուհի Սյուզի Սիմոնյանը, հայրենասիրական երգով, Կոմիտասով, Սայաթ-Նովայով, ոգեշունչ պարեղանակներով: Տպավորիչ ու անկեղծ հանդիպում ոչ միայն իր խանդավառությամբ, այլև, կարծես, պարտադրող խորհրդով` հայ զինվորին չպետք է մենակ թողնենք: Յուրաքանչյուրի պարտքն է նրան զգոն ու սթափ պահել, արժանացնել բոլորիս ուշադրությանն ու սիրուն: Ավելի քան գոտեպնդող էր պաշտոնաթող գնդապետ Լեռնիկ Ղազարյանի խոսքը` ուղղված մեր նորակոչիկներին:
Սակայն երաժշտասերների միության նախագահը միայն երգով չէ, որ ներկայացել էր իբրև հանդիսատես, այստեղ էին նրա թոռնիկները` Էսֆիրան ու Բեատրիչեն: Երեք տարեկան ծոռը` ապագա զինվոր Ռուբենը, բեմ բարձրացավ երգելու (տանը միշտ երգում է ֆիդայական երգեր), բայց շատ զինվորների տեսնելով՝ շփոթվեց ու որոշեց ունկնդիր լինել: Այո՛, հենց մանկահասակ տարիքից խրախուսել շփումը հայ զինվորի հետ: Սա նրանց կյանքի ամենամեծ դասը թող լինի` տեսնել, թե ինչպես են երիտասարդ երգիչ-երաժիշտները ոգևորում իրենց երգով ու նվագով, և թե ինչպես է նա` հայ զինվորը, բեմ բարձրանում և իր երգով ջերմացնում դահլիճում ներկա այլ զինվորների ու հյուրերի: Հանդիպումը տպավորիչ էր ոչ միայն զինվորի, այլև երգիչ-երաժիշտների համար: Չէ՞ որ վաղը նրանց զավակներն էլ զենքի հետ երգ են տանելու թշնամու դեմ, մեր երկիրը ազգային, անվտանգ ու տոկուն պահելու համար:
«Քնար» երաժշտասերների միության նախագահը նշեց, որ իրենց գործունեության նպատակն է հայ ազգային բարձրաճաշակ երգի թևածումը տեսնել մեր հասարակության մեջ` հակադրվելով անիմաստ, անբովանդակ, ճաշակից զուրկ, օտարածին երգերին, որոնք ամենուր խանգարում են, նյարդայնացնելով բոլորին եթերով, դժբախտաբար նաև մեր երկրից դուրս ներկայացնելով ապազգայինը, զրկելով մեզ սեփական արժանապատվությունից:
Երաժշտասերների միավորումը կոչ է անում միավորել բոլոր առողջ ուժերին լավ երգի, իմաստուն ու հանճարեղ երգի մատուցման պայքարում, դասական, թե ժողովրդական, աշուղական, հայրենասիրական. «Եկեք մաքուր ու անաղարտ պահենք մեր անզուգականը, հանճարեղը: Մենակ չթողնենք մեր զինվորին, հաճախ հանդիպենք մեր երգով, պարով, բանաստեղծական հանճարեղ խոսքով»:
«Քնար» երաժշտասերների միություն
Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Բանակ և հասարակություն