ԻՐԱՆԱԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
Իսլամական հեղափոխության տարեդարձի, ինչպես նաեւ իրաք-իրանյան պատերազմի տարելիցի կապակցությամբ, ի շարս պատերազմի մյուս մասնակիցների, պարգեւատրման են արժանանում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող պատերազմի վետերան հայերը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաարյունալի եւ տեւական համարվող իրաք-իրանյան պատերազմին (1980-1988թթ.) մասնակցել է է մոտ 17 հազար հայազգի զինվոր: Հերոսի մահով ընկել են 260 հայորդիներ:
Ընդհանուր առմամբ՝ 8-ամյա պատերազմին մասնակցել է շուրջ 3 միլիոն մարդ եւ ոչ միայն Իրանից ու Իրաքից, այլ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից եւ նախկին սոցերկրների ճամբարից: Զոհվել է շուրջ 600 հազար մարդ, 100 հազար խաղաղ բնակիչ:
Պատերազմի ավարտին պահպանվել է նախապատերազմյան ստատուս քվոն:
Իրանաիրաքյան պատերազմի հայազգի վետերանները իշխանությունների ուշադրության կենտրոնում են: Իսլամական Հանրապետության նախագահները Սուրբ Ծննդյան, ազգային, կրոնական տոների օրերին այցելում են պատերազմի իրանահայ վետերաններին, զոհվածների ընտանիքներին: Պատերազմին մասնակցած հայ հերոսների աճյունների մի մասը հանգչում է Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղից էլ ամեն տարի սկսվում է դեպի պատերազմական շրջաններ ողջերթը:
Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները: Սպահան քաղաքում կա երկու տասնյակից ավելի եկեղեցի, Թեհրանում՝ ութ: Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում: Վերականգնվում, բարեկարգվում եւ պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ: Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության եւ մատաղ սերնդի դաստիարակության նվիրական գործով: Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային կենտրոնն է: Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր…
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ավ. լեյտենանտ
Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Տարածաշրջան