Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ



Մայիս Ավետիսյանը (Ալազան Մայիս) Շարժման առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ Բերդաձոր գյուղի պաշտպանությանը, եղել Երասխավան, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղերում, օգնել կազմակերպելու պաշտպանությունը: 1992 թ. մայիսին համալրել է ՀՀ Մարտունու ինքնապաշտպանական ջոկատի կազմը: Իր ուժերով պատրաստել է  «Ալազան»  հրթիռային կայանք, որով մասնակցել է Վարդենիսի, Կրասնոսելսկի շրջանների ինքնապաշտպանական մարտական գործողություններին և օգնել մեր ազատամարտիկների առաջխաղացմանը: 1993թ.-ին Մայիս Ավետիսյանը Մարտունու ազատամարտիկների հետ մասնակցել է Քարվաճառի տարածքի լիակատար ազատագրման համար մղվող մարտերին: Այդ ընթացքում իր կազմակերպչական կարողությունների և բանիմացության համար նշանակվել է ականանետային մարտկոցի հրամանատար:

Հատված մարտական բնութագրից

 

ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸՏարիներ առաջ էր: ԵԿՄ անդամ, հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը, որը Արցախյան ազատամարտի ծանր օրերին ուղղաթիռով ալյուր, սննդեղեն եւ այլ անհրաժեշտ պարագաներ էր հասցնում Շահումյանի շրջան, ազատամարտից հետո պարբերաբար օգնում զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, ասաց.

-Տեսնու՞մ եք հրացայտ հայացքով, հայդուկի բեղերով այն մարդուն: Ալազան Մայիսն է: Շատերն են լսել Ալազան Մայիսի մասին, բայց չգիտեն, որ ինքն է: Մեկ ուրիշը նրա մարտական ուղու կեսն ունենար, հիմա մի բարձր պաշտոն էր զբաղեցրել, բարեկեցիկ կյանք էր վայելել: Իսկ Մայիսը համեստության տիպար է, բազմանդամ ընտանիքով մի փոքրիկ շինության մեջ է ապրում, բայց ոչինչ չի պահանջում ու ակնկալում:

Ծատուր Մանուկյանն անթաքույց հիացմունքով ներկայացրեց Մայիս Ավետիսյանի գործնեությունը ազատամարտի ընթացքում: Նա իր հավաքած-սարքած «Ալազանով» օգնության է հասել դժվարին դրության մեջ հայտնված մեր մարտիկներին: Երբ Կրասնոսելսկի դիրքերում մարտունեցիները փնտրել են իրենց մարտական ընկերոջը, տեղացի մի փոքրիկ տղա հարցրել է. «Ալազա՞ն Մայիսին եք ուզում»: Այդ օրից նրան կոչել են Ալազան Մայիս:

Հանդիսության հաջորդ օրը կրկին մշակույթի պալատում էի, որի առաջին հարկի շքամուտքին կից մի փոքրիկ տարածքում Ալազան Մայիսի ժամացույցների նորոգման արհեստանոցն էր,  որտեղ մի կերպ տեղավորված էին փոքրիկ գրասեղանն ու աթոռը: Չնայած նեղվածքին՝ արհեստանոցը պայծառ տրամադրությամբ էր համակում: Պատերին փակցված էին հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների նկարները՝ Վարդան Մամիկոնյան,  Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Մոնթե Մելքոնյան…, որոնք հոգուդ մեջ արթնացնում էին հին ու նոր ժամանակների հայոց  մաքառումի  ըմբոստ կանչը: Այստեղ Ալազան Մայիսի մատների տակ կյանք առած ժամացույցի սլաքը շարունակում էր  հաշվել  մշտագո ժամանակի մեջ  թպրտացող մեր օրերի ակնթարթները: Ազատամարտի նվիրյալ զինվորը պարզ ու անքեն հայացքով էր նայում անցյալ ու ներկա ժամանակներին: Ասաց, որ ազատամարտիկների հարազատների ժամացույցներն անվճար է նորոգում եւ, ընդհանրապես, խորհրդանշական գումար է վերցնում բոլոր հաճախորդներից: Ընտանիքի ապրուստի միջոցն իր հողակտորն է: Ճոխ չեն ապրում, բայց ինքը գոհ է, կարեւորը խաղաղություն լինի: Երբ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման հաղթանակների առթիվ իրեն հրավիրում են աշակերտության հետ հանդիպման, դատարկ ձեռքով չի գնում դպրոց, ազատամարտի մասին գրքեր է տանում ու… կրկին ժամացույցներ: Մարտունեցի 12 զոհված ազատամարտիկների ծնողներին ժամացույցներ է նվիրել: Զոհված տղաներից երեքը իր՝ «Հայ դատ» կամավորական ջոկատից էին:

-Մեծ ցավ եմ ապրում, երբ լսում եմ, որ զոհվածի ծնողը, հարազատները մեկնել են օտարություն: Աղոթում եմ, որ վերադառնան: Երբ գան, իրենց էլ ժամացույց կնվիրեմ: Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց դժվարությունները չպետք է թուլացնեն մեզ, խորթացնեն հայրենի  հողից:

Ալազան Մայիսը նորոգում էր ժամացույցն ու հիշում կռվի ահեղ օրերը:

-Շարժումը որ սկսվեց, ես հանրահավաքների չէի գնում: Գիտեի, որ հեշտ լուծվող խնդիր չէ, որ բռնազավթած հողը միայն զենքով է ազատագրվում: Խորհրդային բանակում ծառայելիս չկար մի զինատեսակ, որ չտիրապետեի՝ ինքնապաշտպանական ատրճանակից մինչեւ «Ալազան», «Ֆագոտ», «Իգլա» ու «Ստրելա»:

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը Օմարում ականանետային գործի դրվածքն ստուգելիս գոհունակությամբ ասել էր. «Եթե Մայիսն այստեղ է, մենք անելիք չունենք»:

-Մինչեւ վերջ մասնակցել եմ Օմարի մարտերին. 8 ամիս պահեցինք, ու այդ ընթացքում ադրբեջանցու ճնճղուկն իսկ չէր կարողանում այս կողմն անցնել: Թուրքիայից ջոկատներ եկան՝ իրենց ականանետներով: Ես դրանից ունեի: Չորս տեղից ականահարում էին: Բեկորները մտան ոտքս, որովայնս: 1994 թ. մայիսի 18-ին ծանր վիրավորվեցի: Մի քանի անգամ վիրավորվել եմ, ցնցակաթված տարել, առողջությունս խաթարվեց: Մեր շրջանային հիվանդանոցի բժիշկները խոստացան որ կհեռացնեն մարմնիս մեջ եղած բեկորները: Նրանք սիրում են ինձ, հարգում:

Այդ պահին ներս մտած հաճախորդներից մեկը վրա բերեց. «Շատ ոգեւորված ես պատմում, իսկ արածիդ համար ի՞նչ ես ստացել: Ուրիշները հարստություն դիզեցին, քո ընտանիքը մի թիզ շինության մեջ է ապրում»:

Առանց նեղանալու Մայիսը պատասխանեց.

-Ես իմ երկրի մեծահարուստի համար էլ եմ սահմանը պահել:

…Վերջերս կրկին Մարտունիում էի՝ ինձ շատ հարազատ Մանուկյանների օջախում: Բազմազավակ, աշխատասեր այդ գերդաստանի մասին խորհրդային ժամանակներում ակնարկ էի գրել, որ տպագրվեց «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում: Այդ օրից ծայր առած մեր բարեկամությունը ժամանակի հետ ավելի խորացավ: Երեկոյան սեղանի շուրջ Ծատուր Մանուկյանի կրտսեր որդին՝ Հարությունը, հայտնեց Ալազան Մայիսի մահվան լուրը; Ասաց, որ ամուսնու մահից հետո կինը՝ Վարդանուշ Ավետիսյանը, կյանքի դժվարությունները համբերությամբ հաղթահարող մի համեստ հայուհի, բնակարանի խնդրով դիմել է Մարտունիի քաղաքապետարան, ապա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն: Հիշատակելով ամուսնու անուրանալի վաստակը Արցախյան հաղթանակի կայացման գործում, թվելով մարտական ծառայության համար ստացած մեդալներն ու պատվոգրերը եւ փաստելով, որ 10 հոգուց բաղկացած ընտանիքը մի կերպ է գոյատեւում կոմունալ հարմարություններից զուրկ, բարալիկ պատերով 28 քմ շինության մեջ, խնդրել է բնակարան հատկացնել: Հավատով սպասում է, որ մի օր անպայման իր խնդրանքն իրականություն կդառնա:

… Որտե՞ղ ես արդյոք Կրասնոսելսկի պաշտպանական դիրքերում շրջող փոքրիկ, որ խիզախ հայորդուն քո ճկուն մտքով կոչեցիր Ալազան Մայիս, գուցե դո՞ւ էլ ես մեկնել հեռուներ: Որտեղ էլ լինես, համոզված եմ՝ մի օր Ալազան Մայիսի կերպարը կլուսավորի քո տուն վերադարձի ճամփան: Ալազան Մայիսը, որի ձեռքերում թպրտւմ էր մեր անցյալ ու ներկա ժամանակը…

 

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Պատմության էջերից


26/02/2016