Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ



ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ«Գլոբալ Բրիջ»  դպրոցը հիմնադրվել է 2007 թվականին, իսկ որպես ավագ դպրոց գործում է 2015 թվականի սեպտեմբերից:  Ծանոթությունը  կրթօջախի հետ կայացավ պահեստազորի գնդապետ Արայիկ Հարությունյանի միջոցով, որը վերջերս է նշանակվել դպրոցի զինղեկ: Հարգարժան գնդապետը «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագրություն էր այցելել խորհրդատվության, նաեւ զինպատրաստության լսարանը կահավորելու համար մասնագիտական գրականություն, ցուցապաստառներ, պաշտոնաթերթի թարմ  համարներ եւ ռազմահայրենասիրական  գրականություն ձեռք բերելու համար:  Նա երկար տարիներ  ծառայելով հայոց բանակում, լինելով հայոց նոր կազմավորված  բանակի առաջին սպաներից, քաջ գիտակցում է նախնական զինպատրաստության  դերն ու նշանակությունը: Դպրոցի սաների հետ արդեն եղել է տարբեր զորամասերում, աշակերտներին ծանոթացրել զենքերի տեսակներին, շարային պատրաստության վարժանքներին:

Օրերս եղանք «Գլոբալ Բրիջ» դպրոցում: Տնօրեն  Աննա Հարությունյանը զրույցի ընթացքում նշեց, որ դպրոցը  գործում է ուսումնական բարձր չափանիշներով:  Տնօրենի  հետ դասարանից դասարան անցնելով (ռուս գրականության ուսուցչուհի՝ Զ. Գրիգորյան, անգլերենի ուսուցչուհի՝ Գ. Հարությունյան, հայոց պատմության ուսուցիչ՝ Հ. Ասլանյան)  համոզվեցինք, որ ուսուցիչների աշխատանքային փորձը ապահովում է գիտելիքների պատշաճ յուրացում: Դասարաններում ընդգրկված են քիչ թվով աշակերտներ, որը հնարավորություն է  ընձեռում  յուրաքանչյուր երեխայի առավել ուշադրություն եւ ժամանակ հատկացնել:

Դպրոցի տնօրեն Աննա Հարությունյանի աշխատասենյակի պատերին   փակցված են բազմաթիվ շնորհակալագրեր ու գովասանագրեր: Շնորհակալագիր կար նաեւ հանրապետության նախագահ Ս. Սարգսյանից:

-Համագործակցում ենք ինչպես միջազգային դպրոցների, այնպես էլ համալսարանների հետ: Միջազգային կրթական հաստատությունների հետ համագործակցությունը թույլ է տալիս աշակերտներին ցանկության դեպքում ուսումը շարունակելու արտասահմանում: Մեր ուսանողներից շատերը արտերկրում ուսումն ավարտելուց հետո վերադարձել են Հայաստան: Նախնական զինվորական պատրաստությունը, ինչպես  նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը է՛լ ավելի կամրացնի կապը հայրենիքի հետ, եւ մենք վստահորեն կարող ենք ասել, որ մեր սաները ուսումնառությունից հետո հաստատապես կվերադառնան հայրենիք եւ իրենց գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն հայրենի երկրի շենացմանը,- ասաց տնօրեն Ա. Հարությունյանը:

Երբ ծանոթացա դպրոցի հայոց պատմության ուսուցիչ Հակոբ Ասլանյանի կենսագրությանը (նա նույնպես պահեստազորի կապիտան է, ազատամարտիկ, որպես հայոց կամավորական բանակի վաշտի հրամանատար կռվել է Արցախի տարբեր հատվածներում), այն համոզումն ունեցա, որ ռազմահայրենասիրությունն այս դպրոցում իր ուրույն, անչափ կարեւոր տեղն է զբաղեցնում, որովհետեւ այստեղ բոլորը՝ ուսուցչական ողջ կոլեկտիվը, իրոք, գիտակցում են հայ զինվորի դերն ու նշանակությունը Հայոց 24-ամյա բանակում:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016