Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑԱԿԱ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՊԱՀ



Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 1969թ. փետրվարի 14-ին ծնված Վոլոդյա Դարբինյանը զոհվեց 1992-ի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի բնակչության տեղաշարժի ընթացքում, շրջափակման մեջ՝ իր 12 նահատակ ընկերների հետ փրկելով գյուղի բնակչությանը։
Այդ օրը Վոլոդյան կբոլորեր իր ծննդյան 25 տարին։ Եռաբլուրում հավաքվել էին Արծվաշենի 12 նահատակների հարազատները՝ վշտակցի միությամբ մի ընտանիք դարձած։
Սեղանին բուրում է Վոլոդյայի Նվարդ մայրիկի թխած հացը, ծփում է արնագույն գինին։ Դատարկվում են բաժակները՝ «Շնորհավոր ծնունդդ, Վոլոդյա»։ Իր վշտին հպատակ, անմռունչ հայրը մի բուռ հող է վերցնում, նույնը պատվիրում որդոցը՝ Արմենին, Վաչիկին, Քաջիկին, Վահրամին, որ գյուղի հանդում որդու հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի հիմքը Եռաբլուրի այդ սրբազան հողի ընծայաբերումից ավելի ամրանա։
«Տղաս շատ էր սիրում այդ աղբյուրի ջուրը, ձմեռ թե ամառ, ամեն այգաբացի լվացվում, զորանում էր՝ ասես հրաշահորդ Կաթնաղբյուր լինի»,- հիշում է Նվարդ մայրը։
Եվ որդին զորացավ Կաթնաղբյուրի ջրով, հաստատուն դարձավ, ինչպես աղբյուրի կողքին արմատներ ձգած կաղնի։
Կանցնեն տարիներ։ Կցամաքեն վշտահար մայրերի, կանանց արցունքները։ Մի աղջիկ երկատված սրտով ուրիշ տուն կգնա, հարսնություն կանի, խենթ ու խելառ զավակներ կծնի՝ Կաթնաղբյուրից բխած կիսատ ու լիքը թասով հղիացած։
Ծննդյան օր էր Եռաբլուրում։
-«Մա՛մ, լսիր, թե ինչ են ասում իմ մասին»,- հաճախ էր կատակով ինձ դիմում որդիս. «Երբեմն կթվա, թե նա այլեւս չկա, մահացած է, սակայն ոչ՝ ճակատագրի փորձությամբ բացակա է միայն մի պահ»,- վերհիշում է Նվարդ մայրը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Հոգևոր-մշակութային


08/06/2011