ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՊԿ-ն ակտիվ ջանքեր է գործադրում իր անդամների անվտանգության ապահովման համար:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցող պետություններում իրավիճակն ավելի կայուն և կանխատեսելի է, քան բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում` Արեւմտյան Եվրոպայում: Նման իրադրության հնարավոր եղավ հասնել ՀԱՊԿ-ի շրջանակներում ազգային անվտանգության շուրջ ծավալված համատեղ գործունեության շնորհիվ:
Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Տեսակոնֆերանսը, որին մասնակցում էին Աստանայի եւ Երեւանի լրատվական կենտրոնները, նվիրված էր կազմակերպության 2015 թ. գործունեության արդյունքների ամփոփմանն ու 2016 թ. անելիքներին:
Ըստ Բորդյուժայի` ՀԱՊԿ-ի 2015 թ. գործունեությունը ամբողջությամբ ուղղված էր անդամ-պետությունների կայունության և անվտանգության ապահովմանը, միջոցառումների նպատակն էր հակազդել սպառնալիքներին եւ մարտահրավերներին, որոնց այսօր բախվում են կազմակերպության մասնակիցները: Այդ նպատակով ղեկավարներն ընդունել են մի շարք ծանրակշիռ որոշումներ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այդ որոշումների թվին դասեց ՀԱՊԿ օդային ուժերի և հավաքական ուժերի կառավարման համակարգերի ստեղծումը: Բացի այդ, ձեւափոխվել է միջպետական ռազմատնտեսական հանձնաժողովի գործունեությունը, որն այսօր զբաղվում է համատեղ ձեռնարկությունների և ռազմական տեխնիկայի ու զենքի տարածաշրջանային սպասարկման կենտրոնների ստեղծմամբ:
Մեծ առաջընթաց կլինի նաեւ ռազմական տարանցման համաձայնագրի ստորագրումը, որ կչեզոքացնի զորքի տեղաշարժի հետ կապված մի շարք խնդիրներ: Համաձայնագրի ընթացակարգի վավերացումից հետո (նախատեսվում է մոտ ապագայում), այն կմտնի ուժի մեջ:
Ըստ Նիկոլայ Բորդյուժայի` շատ բան է արվել կազմակերպության ռազմական բաղադրիչի բարելավման համար: Ձեռնարկվել են չհայտարարված ստուգումներ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերում: Մի կողմից այն հստակ ցույց տվեց ծառացած մարտահրավերներին դիմագրավելու պատրաստության աստիճանը, մյուս կողմից բացահայտեց այնպիսի խնդիրներ, որոնց լուծման նպատակով այժմ արդեն բարելավվում են կառավարման ամբողջ համակարգը եւ հավաքական ուժերի կիրառման մեխանիզմները:
Իրականացվել են լայնածավալ զորավարժություններ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի եւ խաղաղապահ ուժերի, ինչպես նաև հատուկ, այդ թվում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ներգրավվածությամբ:
Խոսելով վերջին մեկ տարում կատարված աշխատանքների մասին` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ որոշել են իրականացնել ՀԱՊԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիա, որը կմեկնարկի հաջորդ տարվանից, իսկ այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Ինչ վերաբերում է 2016 թ. ՀԱՊԿ-ի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին ու առաջնահերթություններին, ապա, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ուշադրության կենտրոնում կլինեն ահաբեկչական խմբավորումների՝ «Իսլամական պետության» գործունեությամբ, ինչպես նաեւ փախստականների հնարավոր ներհոսքով պայմանավորված խնդիրները:
Իրավիճակը Աֆղանստանում Նիկոլայ Բորդյուժան գնահատեց որպես վատթարացող, ինչը պայմանավորված է ազգային զինված ուժերի պատրաստվածության ցածր աստիճանով, Աֆղանստանի կենտրոնական կառավարության թուլացմամբ, «Թալիբանի» եւ ծայրահեղական այլ կազմակերպությունների գործունեության աշխուժացմամբ: Որպես հետեւանք` ԱՊՀ-ի հարավային սահմաններում իրավիճակը լրջանում է, ինչն էլ ստիպում է ՀԱՊԿ-ին ձեռնարկել ուժային կարողությունները հզորացնելու հստակ միջոցառումներ: Աշխատանքներ են տարվում միջպետական ծրագրի ստեղծման ուղղությամբ, որը հնարավորություն կտա բարձրացնելու Տաջիկստանի` Աֆղանստանի հետ հարակից պետական սահմանի պաշտպանությունը: Այս առումով Տաջիկստանի ղեկավարությունը ծավալել է ակտիվ գործունեություն. «Վերջին երկու տարիների ընթացքում Տաջիկստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ամրապնդելու տաջիկա-աֆղանական սահմանի պաշտպանությունը, ստեղծել են տարածքային պաշտպանության ուժեր, բարձրացրել են զինված եւ սահմանապահ ուժերի մարտունակությունը, կատարելագործել են ենթակառուցվածքները սահմանի ողջ երկայնքով»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:
Թարգմանեց Հ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ռազմաքաղաքական