Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՓՈՐՁԸ` Ի ՆՊԱՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ



Տարածաշրջանի համար բավականին բարդ իրավիճակում Հայաստանն ընդունեց ՀԱՊԿ նախագահությունը: 2016թ. ՀԱՊԿ-ում մեր նախագահության առաջնահերթություններից մեկը, ինչպես նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կազմակերպության խաղաղապահ բաղկացուցչի հետագա զարգացումն է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ  անհրաժեշտ է իրականացնել միջոցառումների մի ամբողջ համալիր, որը կնպաստի զորակազմերի կառուցվածքի և կազմի կատարելագործմանը:

«Ի՞նչ նպաստ կարող է Հայաստանը բերել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման գործին» հարցին պատասխանում են մեր զրուցակիցները:

 

 

Հայ խաղաղապահների ծանրակշիռ փորձը

 

ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՓՈՐՁԸ` Ի ՆՊԱՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր

-Այսօր ՀԱՊԿ անդամ երկրների բանակների շարքում խաղաղապահության տեսանկյունից ամենափորձառուն մենք են, քանի որ 2004  թվականից տարբեր տարածաշրջաններում իրականացնում ենք խաղաղապահ առաքելություն: 2000 թվականին ստորագրված պայմանագրի շրջանակներում մեր զինծառայողները պատրաստություն են անցնում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների ռազմակայաններում եւ ուսումնական հաստատություններում: Բացի այդ, մեր առաջին հրաձգային գումարտակը հանձնել է առաջին եւ երկրորդ մակարդակի քննությունները՝ ՆԱՏՕ-ի կողմից գնահատվելով փոխգործունակ: Այսինքն` մենք, օպերատիվ  կարողությունների հայեցակարգի համաձայն, կարող ենք համագործակցել ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած բանակի հետ եւ մասնակցել համատեղ գործողությունների: Սա ծանրակշիռ փորձ է, որ կարող է կիրառվել նաեւ ՀԱՊԿ շրջանակում:

ՀԱՊԿ ղեկավար կազմը մեծ ուշադրություն է դարձնում խաղաղապահությանը: Այս գործընթացը սկիզբ է առել 2007թ. հոկտեմբերի 6-ին, երբ Դուշանբե քաղաքում անցկացվեց ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները կնքեցին խաղաղապահ գործունեության մասին Համաձայնագիրը, իսկ 2012թ.-ին ամփոփվեցին ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ նախատեսվածի՝ այդ ուժերի կիրառման պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով անդամ պետությունների մասնակցությամբ նախաձեռնվեց «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը, որն ամեն տարի անցկացվում է անդամ պետություններից մեկի տարածքում: «Անքակտելի եղբայրություն 2015»-ը իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում: ՀԱՊԿ ղեկավար կազմը միշտ հաշվի է առնում մեր փորձը այս ոլորտում, իսկ համատեղ զորավարժությունների ընթացքում մեր կարծիքը առաջնային է:

Այսօր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, աշխարհաքաղաքական իրադրությունն այնքան սրընթաց է վատթարանում, որ նախկին ԽՍՀՄ պետությունների կամ ՀԱՊԿ ցանկացած երկրի տարածքում, հնարավոր է, առաքելության կարիք լինի: Մենք պատրաստ ենք ցանկացած տեղանքում ցանկացած խաղաղապահական խնդիր կատարելու: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ խաղաղապահ ուժերը չեն կարող մասնակցել պատերազմական  գործողությունների: Խաղաղապահ ուժերը մտնում են այս կամ այն տարածք եւ դառնում յուրահատուկ վահան հակամարտող կողմերի միջեւ, երբ պատերազմն ավարտված է, եւ կողմերը համաձայնության են եկել:

 

 

Խաղաղապահությունը ռազմական ներուժի ցուցադրություն չէ

 

ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՓՈՐՁԸ` Ի ՆՊԱՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԴԱՎԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր

-Համագործակցելով ՀԱՊԿ երկրների զինվորականության հետ` կարող եմ ասել, որ խաղաղապահության վերաբերյալ պատկերացումը դեռեւս թյուր է:  Պետք է նախ հասկանանք` ինչ նկատի ունենք խաղաղապահություն ասելով: Արդյոք ՄԱԿ-ի կողմից մշակված տեսլակա՞նն է, թե գործ ունենք «հակաահաբեկչական գործողություններ» եզրույթի  հետ, որը հաճախ շփոթում են խաղաղապահության հետ: Մեր ՀԱՊԿ գործընկերները, խաղաղապահություն ասելով, հասկանում են ռազմական, այլ ոչ թե կայունություն ապահովող գործողություն: Խոսքս հիմնավորեմ. օրինակ՝  Չելյաբինսկի մարզի Չեբարկուլի զորավարժարանում 2013 թվականին իրականացված զորավարժության ժամանակ նախանշված տարածքում 40 ահաբեկիչ կար, եւ որպեսզի ամրացնեին գումարտակի ապահովությունը, ներգրավել էին ողջ գումարտակի կրակային ուժը, անգամ հրետանին: Այսինքն՝ ստեղծվել էր սովորական պատերազմական իրավիճակ, որը սակայն  որակվում էր որպես խաղաղապահություն: Ես միջամտեցի, ասացի, որ այդ դրվագը ամենեւին կապ չունի խաղաղապահության հետ: Գործողությունը գլխավորող գնդապետը, որ կռվել էր Չեչնիայում, սիրով ընդունեց իմ նկատառումները: Պետք է հասկանանք, որ խաղաղապահի նպատակը ռազմական ներուժի ցուցադրությունը չէ: Կարծում եմ`  ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահության հիմքը պետք է լինի ՄԱԿ-ի  տեսլականը: Այն խաղաղասիրական է եւ գրեթե բացառում է ռազմական գործողությունները: Իհարկե, երբեմն այս մոտեցումը եւս կարող է անընդունելի լինել. հիշենք Ռուանդայի դեպքերը, երբ խաղաղապահների ներկայությամբ ցեղասպանություն էր իրականացվում: Այսօր մենք պետք է հետազոտենք համաշխարհային փորձը եւ սահմանենք` ինչ խնդիրներ ենք ուզում լուծել ՀԱՊԿ-ի շրջանականերում:

 

ՀԱՊԿ մեր գործընկերները մեր փորձի կարիքն ունեն

 

ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՓՈՐՁԸ` Ի ՆՊԱՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԱՐՏԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վաշտի հրամանատար, մայոր

-Խաղաղապահության ոլորտում մեր գրեթե 12-ամյա փորձը պետք է կիրառվի նաեւ ՀԱՊԿ շրջանակներում: Հատկապես որ այդ փորձի կարիքը մեր գործընկերները ունեն: Պատմեմ Ղրղըզստանում անցկացված զորավարժության ժամանակ առաջացած մի իրավիճակի մասին: Խաղաղապահներիս խնդիր էր առաջադրվել: Հասանք տեղ, դիրքավորվեցինք: Ես հետաքրքրվեցի, թե ինչպես է կատարվելու մեր հետագա սպասարկումը: Պարզվեց, որ  մոռացել էին տարրական զորային պաշարների մասին` երեք օրվա սնունդ, ջուր եւ զինամթերք: Պատասխանեցին, թե մոտակայքում խանութ կա, եւ կարող ենք այնտեղից օգտվել: Թեպետ նման մոտեցումը կիրառելի չէ առաքելության ժամանակ: Աֆղանստանում, օրինակ, շատ են եղել դեպքերը, երբ խաղապահները  թունավորված հաց եւ ջուր են ձեռք բերել խանութներից:

Մենք պետք է ՀԱՊԿ շրջանակներում մեկ  ընդհանուր խնդիր կատարենք, որպեսզի հասկանանք` կարո՞ղ ենք համագործակցել,  թե ոչ: Նաեւ պետք է բացառենք բիրտ ուժը:  Այն կիրառելի է կայացած կառույցի դեմ կռվելիս, իսկ ահաբեկչական կազմակերպությունների դեմ ագրեսիվությունը արդարացված չէ: Նրանց շարքերում կամ ղեկավարության ներքո բազում քաղաքացիականներ կան, որոնց հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելը մեր օգտին է: Իրաքում առաքելություն իրականացնելիս մի իրավիճակ էր ստեղծվել, երբ երեխաները փակում էին մեր ճանապարհը` ակնկալելով, որ ջուր կամ քաղցրավենիք կտանք: Նրանք անակնկալ հայտնվում էին ճանապարհին եւ հաճախ հրաշքով էին փրկվում զինվորական մեքենայի տակ ընկնելուց: Նրանց ներկայացուցիչներին խնդրեցինք, որ շաբաթը մեկ անգամ ջուր եւ քաղցրավենիք մատակարարենք, միայն թե ճանապարհի այդ վտանգավոր հատվածում չհայտնվեն: Նրանց ղեկավարն ասաց, որ այդ տարբերակը չի գործի: Հարցրինք` իսկ ի՞նչ անել, նա էլ, թե` կրակե՛ք: Ապշել էինք: Խաղաղապահից չպետք է վախենան, նրան պետք է հարգեն, այլապես առաքելությունը կձախողվի:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/02/2016